Հա

Մշակոյթ

04/10/2018 - 09:10

Կանադահայ նկարչի գողացւած նկարներից 19-ը գտնւել է

Քեբեկի ոստիկանութիւնը վերադարձրել է հանրաճանաչ կանադահայ նկարիչ Արմանդ Թաթոսեանի նկարներից 19-ը, որոնք գողացել էին աւելի քան 10 տարի առաջ: 

«alikonline.ir» - Քեբեկի ոստիկանութիւնը վերադարձրել է հանրաճանաչ կանադահայ նկարիչ Արմանդ Թաթոսեանի նկարներից 19-ը, որոնք գողացել էին աւելի քան 10 տարի առաջ: Այս մասին ըստ «news.am»-ի՝ յայտնում է «CBC.ca»-ն:

Երբ Արմանդ Թաթոսեանի քոյրը` Մերի Թաթոսեանը, նկատել է իր եղբօր նկարներից մէկը է «Kijiji» գովազդային-առեւտրային կայքում, եւ անակնկալի է եկել, քանի որ այդ նկարը 10 տարուց աւելի էր, ինչ գողացել էին: Նկարը վաճառքի էր դրւած մօտ 2 հազար ԱՄՆ դոլարով, ինչը նշանակալիօրէն ցածր է նկարչի կտաւների միջին արժէքից:

Քեբեկի նահանգային ոստիկանութիւնը վերադարձրել է նկարչի գրեթէ երկու տասնեակ նկարներ, որոնք գողացել էին Մոնրէալի արւարձաններից պահեստներից մէկից: Ոստիկանութեան խօսնակ Օդրի-Էն Բիլոդոն յայտնել է, որ սեպտեմբերի 20-ին 51-ամեայ մի տղամարդ ձերբակալւել է եւ ապա ազատ է արձակւել: Նա մեղադրւում է գողութեան եւ գողոնը թաքցնելու մէջ: 

Նկարիչ Արմանդ Թաթոսեանը մահացել է 2012 թւականին: Նրա քոյրը` Մերի Թաթոսեանը, «As It Happens»-ի հետ զրոյցում նշել է, որ նկարների յայտնաբերումը մեծ նւէր էր իրենց ընտանիքի համար: Նա նշել է, որ եղբօր նկարներից մօտ 60-ը գողացել էին, որոնցից այժմ 19-ը գտնւում է ոստիկանութիւնում: Դրանք Թաթոսեանների ընտանեկան հաւաքածուից էին, եւ դրանց թւում էին Արմանդ Թաթոսեանի հօր եւ պապերի նկարները, որոնք 1915 թւականի Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ ընտանիքն իր հետ էր բերել Կանադա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։