Հա

Մշակոյթ

07/10/2018 - 08:05

Արա Գէորգեանը նոր ստեղծագործութեամբ շնորհակալութիւն է յայտնում Շառլ Ազնաւուրին

Երգահան, ՀՀ վաստակաւոր արտիստ Արա Գէորգեանը հայ մեծն շանսոնիէ Շառլ Ազնաւուրի մահւան գիշերը գրել է «Մեր Շառլ» ստեղծագործութիւնը եւ այն նւիրել Ազնաւուրի յիշատակին: Երգը կատարում է Մաշա Մնջոյեանը: 

«alikonline.ir» - Երգահան, ՀՀ վաստակաւոր արտիստ Արա Գէորգեանը հայ մեծն շանսոնիէ Շառլ Ազնաւուրի մահւան գիշերը գրել է «Մեր Շառլ» ստեղծագործութիւնը եւ այն նւիրել Ազնաւուրի յիշատակին: Երգը կատարում է Մաշա Մնջոյեանը: Երգի` Ազնաւուրի լուսանկարների հիման վրայ արւած հոլովակը, արդէն հասանելի է համացանցում:

«Արմէնպրես»-ի թղթակցի հետ զրոյցում Գէորգեանն ասաց, որ բոլորիս անունից է գրել այդ ստեղծագործութիւնը: «Բոլորիս անունից ասել եմ, որ շնորհակալ ենք Շառլ՝ մեր անունը բարձր  պահելու համար: Պէտք է խոստովանեմ, որ երգը գրելիս այնպէս եմ լաց եղել, ինչպէս իմ մօր յիշատակի ռեքվիեմը գրելիս. այդքան հարազատ էր Շառլը»,- նշեց երգահանը:

Արա Գէորգեանը յաւելեց, որ Շառլ Ազնաւուրը ամբողջ հայ ժողովրդի հպարտութիւնն էր, մեր անձնագիրն էր: «Ամէն տեղ Շառլ Ազնաւուրի անունը տալով` բարձրաձայնում էինք մեր ազգային պատկանելութիւնը: Մենք հայ ենք Ազնաւուրով, Արամ Խաչատրեանով, նրանց նման մեծութիւններով»,- շեշտեց նա:

Երաժիշտը ընդգծեց, որ Ազնաւուրը բոլորիցս է հեռացել: «Թւում էր` նա երբեք չի մեռնի, թւում էր` մենք կը գանք, կը գնանք, իսկ Ազնաւուրը` մեծ հայը, կը շարունակի ապրել»,- եզրափակեց Արա Գէորգեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։