Հա

Մշակոյթ

07/10/2018 - 08:10

Ստեփանակերտում մեկնարկել է «ARTSakh Fest» փառատօնը

Հոկտեմբերի 5-ի երեկոյեան Ստեփանակերտի Վահրամ Փափազեանի անւան պետական դրամատիկական թատրոնում մեկնարկել է «ARTSakh Fest» ժամանակակից արւեստի փառատօնը: Բացման արարողութեանը երաժշտական կատարումներով հանդէս են եկել աշխարհահռչակ «Armenian Navy Band» խմբի ղեկավար Արտօ Թունջբոյաջեանը եւ «Vishup Ensemble» խումբը:

«alikonline.ir» - Հոկտեմբերի 5-ի երեկոյեան Ստեփանակերտի Վահրամ Փափազեանի անւան պետական դրամատիկական թատրոնում մեկնարկել է «ARTSakh Fest» ժամանակակից արւեստի փառատօնը: Բացման արարողութեանը երաժշտական կատարումներով հանդէս են եկել աշխարհահռչակ «Armenian Navy Band» խմբի ղեկավար Արտօ Թունջբոյաջեանը եւ «Vishup Ensemble» խումբը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ փառատօնին իրենց մասնակցութիւնն են բերում աւելի քան 40 արւեստագէտներ աշխարհի տարբեր երկրներից: 

Բացմանը ներկայ ԱՀ մշակոյթի, երիտասարդութեան հարցերի եւ զբոսաշրջութեան նախարար Լեռնիկ Յովհաննիսեանը ողջունել է նախաձեռնութիւնը՝ նշելով, որ Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի վերականգնմանը եւ հանրահռչակմանը նւիրւած փառատօնը նպատակ ունի ժամանակակից արւեստի միջոցով ուշադրութիւն սեւեռել դէպի մեր պատմամշակութային արժէքները:

«Թատրոնը ինքնին ժառանգութիւն է, որը ժամանակակից արւեստը պէտք է կարողանայ հասցնել այնպիսի մակարդակի, որպէսզի այս շէնքում բեմադրւեն թատերական ներկայացումներ եւ գործի մեծ դահլիճը: Համոզւած եմ, որ մենք ունենալու ենք թատրոն, որտեղ երազելու են խաղալ լաւագոյն դերասանները: Ամենօրեայ աշխատանքով պէտք է օգնենք, որպէսզի թատրոնը վերակառուցւի, եւ զարգացումը շարունակական լինի»,- ասել է Լ. Յովհաննիսեանը: 

Ժամանակակից արւեստի ինստիտուտի հիմնադիր Նազարէթ Կարոյեանն էլ նշել է, որ, գալով Արցախ, իրենք փորձել են ժամանակակից արւեստը ներկայացնել Ստեփանակերտի մշակութային սրտում:

«Արւեստն այսօր այն ոլորտներից է, որը ոչ թէ բաժանում, այլ միացնում է մարդկանց: Այն դառնում է համընդհանուր հաղորդակցական միջոց, որի շուրջ համախմբւում է համայնքը: Այն աւանդոյթները, որոնք ունէր թատրոնը, պէտք է վերականգնել: Շէնքը կանգնած է ամուր հիմքերի վրայ: Եթէ թատրոնին կեանք տալու ցանկութիւնը պահպանւի, այս գործը կը պսակւի յաջողութեամբ»,- աւելացրել է Ն. Կարոյեանը:

Իսկ «Եզնիկ Մոզեան արհեստագործական ուսումնարան»-ի գործադիր տնօրէն Վասպուրակ Կարապետեանն էլ նշել է, որ, ծրագրի մեկնարկից սկսած, իրենք պատրաստակամութիւն են յայտնել աջակցելու գործընթացին:

«Շէնք-շինութիւնները պարզապէս ճարտարապետական կառոյցներ չեն: Դրանք կենդանի օրգանիզմներ են: Հոյակերտ կառոյցը վերակենդանացման կարիք ունի: Մեր ապագայ վարպետները պէտք է կարողանան զգալ, թէ ինչքան կարեւոր է նման կառոյցներին ճիշտ վերաբերմունք ցոյց տալը:

Մեր աշկերտները լծւեցին այս գործին՝ ձգտելով անել առաւելագոյնը: Այս կառույցները պատմութիւն են, որոնք իրենց մէջ ամփոփում են ազգի մշակոյթը, լեզուն: Պատրաստ ենք հետագայում եւս մասնակցելու թատրոնի վերականգնման աշխատանքներին»,- ասել է Վ. Կարապետեանը:

Ի դէպ, փառատօնն ամբողջութեամբ նկարահանւելու, մոնտաժւելու եւ տարածւելու է որպէս ֆիլմ՝ նպաստելով ինչպէս Ստեփանակերտի թատրոնի պատմական անցեալի վերաիմաստաւորմանն ու թատերական կեանքի աշխուժացմանը, այնպէս էլ՝ փառատօնի հետագայ հանրահռչակմանը։ 

Նշենք, որ հոկտեմբերի 6-ին եւ 7-ին՝ սկսած ժամը 11:00-ից, ցանկացողները կարող են Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շէնքում ներկայ գտնւել շարունակւող փառատօնին: Ծրագրի մէջ ներառւած են հետազօտական ցուցահանդէս, վաւերագրական լուսանկարչութիւն, բացօդեայ պերֆորմանսներ, ձայնային արւեստ (sound art), տեսանկար (video art) եւ ժամանակակից արւեստի այլ տեսակներ: 

Յաւելենք, որ նախագիծն իրականացւում է ԱՀ մշակոյթի, երիտասարդութեան հարցերի եւ զբօսաշրջութեան նախարարութեան, կրթութեան, գիտութեան եւ սպորտի նախարարութեան, ՀՀ մշակոյթի նախարարութեան, Շուշիի «Եզնիկ Մոզեան արհեստագործական ուսումնարան»-ի եւ Թուֆենկեան հիմնադրամի աջակցութեամբ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։