Հա

Մշակոյթ

09/10/2018 - 12:00

«Դժւար է լինել կին». Իրանցի յայտնի լուսանկարչուհու աշխատանքները ցուցադրւում են Երեւանում

Շադի Ղադիրիանի աշխատանքներն աչքի են ընկնում մարդասիրութեան, խաղաղութեան, եղբայրութեան եւ իրաւունքների հաւասարութեան կոչերով: «Պատկերացրէք՝ չկայ տիրապետում: Չկայ ագահութիւն կամ սով: Պատկերացրէք՝ աշխարհում բոլոր մարդիկ հաւասար են: Մարդկանց եղբայրութիւն»՝ այս միտքն է ընկած Շադիի բոլոր լուսանկարներում, թէեւ դրանց թեմաները տարբեր են: Յաճախ կինն է հանդէս գալիս այդ թեմաների գլխաւոր դերում՝ բարձրաձայնելով բազմաթիւ խնդիրների մասին: 

«alikonline.ir» - «Դժւար է լինել կին». Իրանցի յայտնի լուսանկարչուհու աշխատանքները ցուցադրւում են Երեւանում:

Ժամանակակից աշխարհում իւրաքանչիւրն իր տարբերակն ունի մտքերն արտայայտելու եւ բառերը պատկերների կամ գործի վերածելու: Իրանցի լուսանկարչուհի Շադի Ղադիրիանը, օրինակ, իրեն յուզող խնդիրներին ու թեմաներին անդրադառնում է լուսանկարչութեան միջոցով: Այդպիսով նա ստանում է իսկական արւեստի գործեր, որոնք յայտնի են դառնում ամբողջ աշխարհում: Այժմ նրա աշխատանքներից յիսուներեքը ցուցադրւում են ՀՀ Գաֆէսճեան արւեստի կենտրոնում:

Եթէ կարծում էք, որ լուսանկարչուհին ազգութեամբ հայ է, քանի որ նրա ազգանունը վերջանում է «եան»-ով, ապա նշենք, որ Շադին հայկական արմատներ չունի, եւ ազգանւան նմանութիւնը, ինչպէս ինքն է ասում, զուտ պատահականութիւն է: Մեզ հետ զրոյցում նա նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում, թէեւ այստեղ հայ ընկերներ ունի: Մի քանի օր շրջելու է եւ փորձելու մեծ տպաւորութիւններով վերադառնալ մեր երկրից: Նա այստեղ ցուցադրում է իր այն աշխատանքները, որոնք արւել են 20 տարւայ ընթացքում:

 

«Շադի Ղադիրիան. յետահայեաց» ցուցադրութիւնը Գաֆէսճեանում

«Եօթ շարք եմ ներկայացրել, որոնցից առաջինը նկարել եմ դեռ համալսարանական տարիներին՝ որպէս աւարտական թեզի թեմա: Միւս շարքերը ներկայացնում են յաջորդող տարիների ընթացքում տեղի ունեցած իրադարձութիւնները, որոնք պատահել են իմ կեանքում կամ շրջապատում: Ինձ մտահոգող կամ ոգեշնչող թեմաներն եմ արծարծել իմ աշխատանքներում: Այս ցուցադրութիւնն առաջին անգամ Լիոնում է տեղի ունեցել, իսկ այժմ ներկայացւում է Հայաստանում՝ «Մուսկարի» ասոցիացիայի եւ Գաֆէսճեան արւեստի կենտրոնի նախաձեռնութեամբ, ինչի համար շատ ուրախ եմ»,- ասաց նկարչուհին:

Շադի Ղադիրիանի աշխատանքներն աչքի են ընկնում մարդասիրութեան, խաղաղութեան, եղբայրութեան եւ իրաւունքների հաւասարութեան կոչերով: «Պատկերացրէք՝ չկայ տիրապետում: Չկայ ագահութիւն կամ սով: Պատկերացրէք՝ աշխարհում բոլոր մարդիկ հաւասար են: Մարդկանց եղբայրութիւն»՝ այս միտքն է ընկած Շադիի բոլոր լուսանկարներում, թէեւ դրանց թեմաները տարբեր են: Յաճախ կինն է հանդէս գալիս այդ թեմաների գլխաւոր դերում՝ բարձրաձայնելով բազմաթիւ խնդիրների մասին: Նկատենք, որ կանանց իրաւունքների հետ կապւած այդ խնդիրները ոչ միայն Իրանում են, այլեւ աշխարհի բազմաթիւ երկրներում, այդ թւում՝ նաեւ Հայաստանում:

«Դժւար է լինել կին: Իրանում նոյնիսկ դժւար է լինել կանանց թեմաներով զբաղւող լուսանկարիչ: Միշտ կան սահմանափակումներ եւ սահմաններ: Ամէն մի սոցիալական սահմանափակում չէ, որ արտացոլում է հասարակական կարծիքը: Կարմիր հագած կինը կարող է սոցիալապէս անընդունելի լինել, բայց կան շատ մարդիկ, որոնք հարցականի տակ են դնում նման չգրւած կանոնները եւ իրենց հակասական գործողութիւններով գոյն են տալիս մեր կեանքին»,- ասաց Շադին:

Նրա «Like Everyday» խորագրով շարքը, օրինակ, կանանց դէմքերը փոխարինում է կենցաղային տեխնիկայով, որոնք իշխում են տնային տնտեսուհիների կեանքում. «Կինը ստիպւած է բաւարարել «ուրիշների» ցանկութիւններն ու իղձերն այն աստիճան, որ երբեմն նոյնիսկ զրկւում է սեփական դէմքից: Այնուամենայնիւ, բաւական է, որ վարագոյրը բարձրացնեն ու տեսնեն նրան պատուհանի յետեւում: Ո՞վ է նա: Նա ես եմ: Նա կին է»:

Շադին կարծում է, որ իրականութիւնն այն չէ, ինչ տեղի է ունենում արտաքին աշխարհում: Իրականութիւնը կարող է լինել այն պատկերը, որն ինքը ստեղծել է իրենից կամ կանանցից: Այսպիսով, կարելի է նկատել նրա լաւատեսութիւնը ապագայի հանդէպ.«Դուք կարող էք ասել, որ ես երազող եմ, բայց ես միակը չեմ:Յուսով եմ, որ մի օր մեզ կը միանաք, եւ աշխարհը կը լինի մէկ միութիւն»,- նշեց արւեստագէտը:

Ի դէպ, Շադի Ղադիրիանի աշխատանքները, որ այժմ ներկայացւած են Հայաստանում, նախկինում ցուցադրւել են նաեւ Իրանում, Ֆրանսիայում, Կանադայում, Իտալիայում, Բելգիայում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում եւ այլուր: Գաֆէսճեան արւեստի կենտրոնի գործադիր տնօրէնի պաշտոնակատար Վահագն Մարաբեանը մեզ հետ զրոյցում ընդգծեց, որ առաջին հայացքից կարող է թւալ, թէ այդ պատկերները միանգամայն պարզ են ու հասկանալի, բայց իրականում դրանք շատ խորիմաստ են եւ բազմաթիւ թաքնւած ուղերձներ են փոխանցում մարդկանց: Այնպէս որ, եթէ ցանկանում էք ինքներդ էլ բացայայտել նկարչուհու պատկեր-ուղերձները, ապա նշենք, որ ցուցադրութիւնը գործելու է մինչեւ դեկտեմբերի 23-ը: Մուտքն անվճար է:

«bravo.am»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։