Հա

Մշակոյթ

10/10/2018 - 09:20

Նորա Ներսէսեանը Հայոց Ցեղասպանութեան թանգարանում ներկայացրեց իր «Որբաքաղաք» գիրքը. նրան շնորհւեց «Աւրորա Մարդիգանեան» յուշամեդալ

Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցաւ հանդիպում ամերիկահայ պատմաբան, ուսումնասիրող, «Որբաքաղաքը. նպաստամատոյց, աշխատողներ, կոմիսարներ եւ «նոր Հայաստանը կառուցողները»» գրքի հեղինակ Նորա Ներսէսեանի հետ: 

«alikonline.ir» - Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցաւ հանդիպում ամերիկահայ պատմաբան, ուսումնասիրող, «Որբաքաղաքը. նպաստամատոյց, աշխատողներ, կոմիսարներ եւ «նոր Հայաստանը կառուցողները»» գրքի հեղինակ Նորա Ներսէսեանի հետ: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ աշխատութիւնը նւիրւած է Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ Ալեքսանդրապոլում (հետագայում՝ Լենինական, այժմ՝ Գիւմրի) ստեղծւած որբանոցներին ու այնտեղ բնակւած շուրջ 20 հազար որբերին:

Գիրքը ներկայացնում է Ալեքսանդրապոլի նախկին ցարական ռազմական զօրանոցներում տեղակայւած ամերիկեան որբանոցների 1919-1931 թւականների պատմութիւնը: Բացառիկ այս աշխատութիւնը հիմնւած է տեղական եւ միջազգային, անտիպ եւ տպագիր նիւթերի վրայ:

Հեղինակը հետազօտութիւններ է արել նաեւ Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի արխիւում, եւ գրքի նախաբանում, ցուցաբերած աջակցութեան, խորհրդատւութեան համար յայտնում է իր երախտիքի խօսքն՝ ուղղւած ՀՑԹԻ աշխատակիցներին:

Գրքի հեղինակ Նորա Ներսէսեանը նշեց, որ 2012 թ.-ի հոկտեմբերին եղել է Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտում: «Այստեղ շատ տեղեկութիւններ իմացայ որբերի մասին եւ այնուհետեւ գնացի ազգային արխիւ: Հարցրեցին՝ ի՞նչ տեղեկութիւններ էք ուզում իմանալ, ասացի՝ ուզում եմ տեղեկատւութիւն ստանալ որբերի մասին: Հարցրեցին՝ իսկ աւելի յստա՞կ, պատասխանեցի՝ ուզում եմ լսել նրանց ձայները, ուզում եմ իմանալ՝ ինչ էին անում երեխաները այդ գորշ պատերի հետեւում, այդ բարաքներում: Արեւմտեան Հայաստանից հազիւ գալով՝ ի՞նչ էր իրենց համար նշանակում ապրել բարաքներում: Բարեկամներիցս մէկը ասաց՝ գիտե՞ս մի որբանոց կայ Գիւմրիում, քեզ կարող է հետաքրքրել: Խօսքը «Թռչունեաց տուն» որբանոցի մասին էր: Նա գիտէր, որ հայրս եւ հօրեղբայրներս ապրել էին Լիբանանի «Թռչնոց բոյն» որբանոցում: Ես շատ պատմութիւններ էի լսել տատիկիցս: Գիւմրու որբանոցը Լիբանանի «Թռչնոց բոյն»-ից շատ տարբեր էր, իմ երեւակայածից՝ նոյնպէս: Եւ որքան շատացան պրպտումներս, այնքան ինձ համար պարզ դարձաւ, որ Գիւմրու որբանոցի նկատմամբ պէտք է ունենալ աւելի լայն, ընդարձակ մօտեցում»,- նշեց Նորա Ներսէսեանը:

Հեղինակի խօսքով՝ այդ որբանոցը իր նմանը չունէր աշխարհում: Արեւմտեան Հայաստանից Ալեքսանդրապոլ հասած, Ցեղասպանութիւնից մազապուրծ որբերը պատսպարւել էին զանազան որբանոցներում, բայց 1919 թ.-ից սկսած՝ Ամերկոմը իրենց հաւաքեց ու սկսեց տեղաւորել Ալեքսանդրապոլի 3 հսկայական զօրանոցներում՝ «Պոլիգոն», «Կազաչի պոստ» եւ «Սեւերսկի» կայաններում:

«Եթէ այդ շէնքերը մէկ գծի վրայ կողք կողքի շարէին, կը ստացւէր 4.5 կմ. հսկայական տարածք: Երեք զօրանոցները միասին կոչւում էին՝ «որբաքաղաք», որտեղ 7 հազար երեխաներ ապահով կեանք պէտք է ունենային: Դրանք յաճախ ներկայացւում էին որպէս «դէպի երջանկութիւն տանող դարպասներ»: 1920-ական թւականներին «որբաքաղաք» են այցելել բազմաթիւ օտարերկրացիներ՝ այն անձնապէս տեսնելու համար: Եկան սենատորներ, կոնգրեսականներ, լրագրողներ, կրթական գործիչներ, պրոֆեսորներ: 1925 թ.-ին այցելել է նաեւ Ֆրիտեոֆ Նանսէնը: Հրաւիրւեցին պրոֆեսիոնալ լուսանկարիչներ եւ ռեժիսորներ, որոնց ֆիլմերը ցուցադրւեցին Նիւ Եօրքում, Բոստոնում եւ այլ քաղաքներում»,- նկատեց նա:

«Որբաքաղաքը» գրքի հայերէն թարգմանութեան առաջաբանի հեղինակ Վարդան Ազատեանիխօսքով՝ հայերէն թարգմանութիւնը պարզապէս անգլերէնի վերարտադրութիւնը չէ, այլ, ինչպէս տիտղոսաթերթում է նշւած՝ վերամշակւած է, համեմւած է նոր փաստերով, ճշգրտումներով:

«Սա կարեւոր է, որ պարզապէս թարգմանութիւն չհամարենք: Նորան առաջին անգամ նիւթին անդրադառնալիս բացել է ամերիկեան արխիւները, եւ դրանք տրամադրում են բաւական հետեւողական բառապաշար: Նաեւ տերմինաբանական առումով մեծ աշխատանք է տարւած»,- ընգծեց Վարդան Ազատեանը:

Ըստ Ազատեանի՝ գիրքը կարեւոր է հանրութեան համար, քանի որ Նորան առաջարկում է քննական կառոյց՝ նկատի ունենալով, որ իրողութիւնները շատ բարդ են, պէտք է խիզախութիւն ունենալ առերեսւելու այն բարդ ժամանակաշրջանին, որտեղ ծաւալւել են գրքի իրադարձութիւնները:

«Նորայի մեծագոյն սխրանքն այն է եղել, որ փորձել է լսել որբերին, հասկանալ նրանց մտահոգութիւնները, բացայայտել նրանց կեանքն ու կենցաղը, որովհետեւ յաճախ որբերը հանդէս են գալիս որպէս օբիեկտներ՝ ընդհուպ մինչեւ փրկութեան եւ կարեկցանքի, բայց միեւնոյն է՝ օբիեկտներ: Առաջին անգամ մեծ քայլ է արւած որբին դիտելու որպէս սուբիեկտ, որպէս մէկը, ով ունի իր կեանքը, իր կենսունակութիւնը: Շատ կարեւոր նիւթեր են ծառայել հէնց որբերի յուշագրութիւնները, վկայութիւնները: Որբի այն կերպարը, որ բացայայտւում է Նորայի գրքում, բարդ կերպար է, կենսունակ եւ միաժամանակ՝ ցաւը սրտում»,- յաւելեց նա:

Գրականագէտ Վահրամ Դանիէլեանը գրքի մասին գրում է. «Նորա Ներսէսեանի այս գիրքը մեզ է նւիրում Գիւմրի քաղաքի պատմութեան մի մոռացւած տասնամեակ: Շատերիս գիտակցութեան մէջ վերջին քառորդ դարում աղէտի գօտի դաջւածքն ունեցող այս քաղաքն ընթերցողին ներկայանում է բոլորովին այլ տեսանկիւնից: Բացառիկ այս ուսումնասիրութիւնը վերակերտում է 1920-ական թւականների Գյումրի-Ալեքսանդրապոլը որպես Որբաքաղաք, ուր խաչվում են տասնեակ հազարաւոր հայ երեխաների անհատական ճակատագրերն ու համաշխարհային քաղաքականութիւնը»:

Հանդիպման աւարտին Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէն Յարութիւն Մարութեանը Նորա Ներսէսեանին յանձնեց շնորհակալագիր՝ շեշտելով, որ այն հասարակ թուղթ չէ: «Ապրիլի 24 -ի ծաղիկները, որոնք հաւաքւում են, այնուհետեւ վերամշակւում են եւ չորացւում: Ահա այդ ծաղիկներից էլ այս թուղթն է ստեղծւում»,- ասաց թանգարանի տնօրէնը:

Յարութիւն Մարութեանը գրքի հեղինակին յանձնեց նաեւ «Աւրորա Մարդիգանեան» յուշամեդալ՝ Հայոց Ցեղասպանութեան պատմութեան ուսումնասիրման գործում ունեցած աւանդի համար:

«Աւրորա Մարդիգանեանը իր գործը արեց ձեզ յայտնի եղանակով, դուք այդ նոյն գործը անում էք արդէն 100 տարի անց, բայց կրկին այդ հարցին անդրադառնալով, եւ, համոզւած եմ՝ գիրքը կարճ ժամանակ անց ռուսերէն կամ ֆրանսերէն կը թարգմանւի»,- նշեց Յարութիւն Մարութեանը:

Նորա Ն․Ներսէսեանը 1981-2005 թթ․ դասախօսել է Հարւարդի համալսարանում, որտեղ զբաղեցրել է նաեւ ղեկավար պաշտօն։ Կրթութեամբ միջնադարեան Եւրոպայի արւեստի եւ մշակոյթի պատմաբան է, բնակւում է ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում։ Ի թիւս այլ գործերի՝ հեղինակել է «Worthy of the Honor» (1995) եւ «Against All Odds» (2004) աշխատութիւնները։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։