Հա

Մշակոյթ

01/11/2018 - 09:40

Հայկական Անի քաղաքը` բրիտանացի գրողի կազմած «Ուրւական քաղաքների» շարքում

Բրիտանացի գրող Քրիս Մքնաբը «Ուրւական քաղաքներ» (Ghost Towns) վերնագրով գիրք է հրատարակել, որտեղ գրում է հրաբշային ժայթքումների, երկրաշարժերի կամ միջուկային աղէտների հետեւանքով ամայացած քաղաքների մասին: Դրանց շարքում է նաեւ Բագրատունեաց Հայաստանի մայրաքաղաք Անին` իր Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիով: 

«alikonline.ir» - Բրիտանացի գրող Քրիս Մքնաբը «Ուրւական քաղաքներ» (Ghost Towns) վերնագրով գիրք է հրատարակել, որտեղ գրում է հրաբշային ժայթքումների, երկրաշարժերի կամ միջուկային աղէտների հետեւանքով ամայացած քաղաքների մասին: Դրանց շարքում է նաեւ Բագրատունեաց Հայաստանի մայրաքաղաք Անին` իր Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիով: Այս մասին ըստ «news.am»-ի՝ «The Sun» բրիտանական կայքում պատմում է Անաբէլ Մըրֆին:

Գրքում տեղակայւած նկարներում պատկերւած է այժմ Թուրքիայի սահմաններում գտնւող Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, կամ այն, ինչ տարիների ընթացքում եղանակի ազդեցութիւնից յետոյ պահպանւել է: Նշւում է, որ եկեղեցու կառուցումն աւարտւել է 1035 թւականին, եւ ապա մի քանի անգամ պատմութեան ընթացքում վերանորոգւել է: Սակայն 18-րդ դարի կէսերին Սուրբ Ամենափրկիչն ու ողջ Անին ամայացել են:

Հեղինակի խօսքով` եկեղեցու արեւելեան հատւածի ամբողջական կործանումը հաւանաբար տեղի է ունեցել 1957 թւականին: Տեղի բնակիչները յիշում են, որ այդ ժամանակ մի օր ուժգին փոթորիկ է եղել, որից յետոյ ուժեղ քարի հարւածի ձայն են լսել. երեւի դա լքւած կառոյցի ձայնն էր:

Բացի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց, հեղինակը անդրադառնում է Անի քաղաքին եւ այնտեղի Տիգրան Հոնենց կամ Սուրբ Գրիգոր եկեղեցուն` որպէս հազւագիւտ ազդեցիկ կրօնական կառոյցի: Նշւում է, որ եկեղեցին կառուցւել է 13-րդ դարում Ախուրեանի կիրճի վերեւում: Ներսում տպաւորիչ որմնանկարներ են` երկու հիմնական թեմաներով. Քրիստոսի կեանքը եւ սբ. Գրիգոր Լուսաւորչի կեանքը:

Հեղինակը գրում է, որ Անին հայկական աւերւած քաղաք է, որն այժմ գտնւում է Թուրքիայի Կարս նահանգում: Նա նաեւ նշում է, որ Անին հիմնադրւել է 5-րդ դարում եւ ծաղկում ապրելով 10-րդ եւ 11-րդ դարերում դարձել Բագրատունեաց Հայաստանի մայրաքաղաքը, որից յետոյ պատերազմների եւ ժամանակի ազդեցութեամբ 17-րդ դարում վերածւել աւերակների:

Անիից բացի` գրքում ներառւած ուրւական քաղաքների շարքում են Աղդամը, Աբխազիայում Պոլեանան, Տկւարչելին, Թուրքիայում Կարակոյ նախկին յունական գիւղը եւ մի շարք այլ վայրեր: Վերջում անդրադարձ է կատարւում Սիրիայի Հոմս բնակավայրին, եւ պատկերներում երեւում է ալ Խալիդիեայի շրջանում ներկայումս առկայ աւերածութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։