Հա

Մշակոյթ

22/11/2018 - 12:39

Անարմատ ծիլեր

Յոգնած ու սոված տուն մտաւ Արմօն: Ջանք չգործադրեց ժպտալու: Առիթ էլ չկար: Կարելի էր ստեղծել, բայց չարեց: Ինչեւէ, նրա անժպիտ դէմքն այդ երեկոյ դաւադրութիւն չէր կնոջ, ընտանիքի ու սրբութիւնների հանդէպ, պարզապէս սոված էր ու յոգնած, աւելի շատ յոգնած, քան սոված: Իսկ թէ ինչո՞ւ հէնց այդ օրը` այդքան շուտ, ամսւայ ուղիղ կէսին լցւեց յոգնութեան գաւաթը, հարց է: Անպատասխան հարց: Հազար ու մի պատասխան ունեցող հարց: Ինքը` Արմօն, ոչինչ չէր ծրագրել այդ օրւայ համար, բայց կեանքն իր ծրագրերն ունի եւ դրանք կեանքի կոչելիս հարցեր չի տալիս, պատասխաններ չի լսում, սովորաբար պատժում է, մէկ-մէկ` ներում, հազարից մէկ փարւում է, յաճախ` ապտակում, կատաղածի զայրոյթն է աւելացնում, յուզւածի` արցունքը, հաւատաւորի յոյսն է բազմապատկում, անհաւատի` վհատութիւնը…

Ինքը թոյ տղամարդ չէ, բայց եւ հրաշալի գիտի, թէ ինչ խեղդող է, երբ լաց լինելու ցանկութիւնն ամենուր ուղեկցում է քեզ:  Ինքն իրենից դժգոհ էր, բայց ուզում էր միւսներին ուրախ եւ անհոգ տեսնել: Այդպէս չի լինում: Փոխադարձ է, պիտի ժպտաս, որ ժպտան:

«Ակնընդական»-ից է գալիս հարազատների այս հաշւեհարդարը, գալիս, գալիս ու չի հասնում վերջնակէտի, որ հասկանաս, հիմա նրանք` հարազատները, մարդուն թեւե՞ր են տալիս, թէ՞ կտրում են թեւերը, նրանք ապրեցնո՞ւմ են, թէ՞սպանում եւ, վերջապէս, նրանք` այդ հարազատները, քեզ սիրո՞ւմ են, թէ՞չեն սիրում: Հա, մէկ էլ`  մարդուն սիրելով կործանելն ո՞ւմ ծրագիրն է` սիրոյ Աստծո՞յ, ով ամէն ինչ արեց իրար սիրող երկու մարդու միասին լինելու համար, թէ՞ ատելութեան անաստւածն է մեղաւոր, ով ոչինչ չխնայեց, որ այդ երկուսն այսքան հեռանան իրենց պատկերացումների սիրուց ու երջանկութիւնից:

Էլ ո՞նց ժպտաս, երբ օդ չկայ շնչելու, խեղդւողը չի կարող ժպտալ, մանաւանդ եթէ զգում է իր խեղդւելը, մահը չզգալն էլ բախտաւորութիւն է, ու նրանք, ովքեր քնի մէջ են մեռնում, թերեւս վախ չեն ունենում` չլինի՞ մահն է այցելել…  Չէ, դժւար, այսպէս աղմուկով չէր գայ, անցաւ կը գար ու կը տանէր միանգամից:  Ե՞րբ կը գար, ո՞ւր կը տանէր` յայտնի չի: Հէնց այդպէս էլ հօրը տարաւ` լուռ, առանց ցաւի, բայց եւ անխնայ: Տարաւ ու իրեն թողեց մենակ, անխրատ, անտէր: Հայրն ասում էր, թէ մարդ պիտի այնպեէս ապրի, որ զաւակները հպարտ լինեն իրենով: Լսեց, անցաւ, ասես դա իրեն չէր վերաբերւում, կարծես դա իրեն չէր սպառնում` կեանքը խաղի պէս էր, զաւակները` տիկնիկների…  Ու հիմա ահա եկել է հօր խօսքերը հասկանալու եւ սեփական անզօրութիւնից լլկւելու ժամանակը…

Հայրը կասէր` ապրիր, դիմադրիր, օրինակ վերցրու այս ծաղկից, որ ասֆալտի ճաքած հատւածում է բուսնել: Հա, օրինակը վերցրել եմ, ծլել, ծաղկել: Ու յետոյն անյայտ է, ինչպէս որ անյայտ է այդ ծաղկի վաղւայ օրը: Եւ ընդհանրապէս, ծաղիկ լինելն արդէն տխուր է, մանաւանդ, եթէ ծլել ես ասֆալտի ճաքած հատւածում, ու դու մեղաւոր չես, դու չես որոշել ծաղիկ լինել, ոչ էլ` թէ որտեղ ծլել: Դու պարզապէս դիմադրում ես: Դու կուզէիր ընկուզենի լինել, բայց ծաղիկ ես` անարմատ մի ծիլ, անխնամ, մենակ, դիմադրող, այսօրդ` անորոշ, վաղւայ օրդ` անյայտ, ապագադ` քաջ յայտնի…

-Սովա՞ծ ես,- հարցրեց կինը:

-Չէ՛,- պատասխանեց Արմոն:

-Որտե՞ղ ես ճաշել,- վիրաւորւած, բայց եւ արհամարհող տօնով հարցրեց կինը:

Արմօն նոր ու անպատասխան հարցեր լսելու ուժ չունէր եւ դուրս եկաւ տնից, մտաւ բակի խանութը, առանց բարեւի ծխախոտ ուզեց վաճառողից, վառեց եւ Արմօ-ծխախոտ փոխյարաբերութիւնից ներդաշնակութիւն զգաց: Ցուրտ չէր, օդն էլ մաքուր էր, կարեւորը մութ էր` դէմքի արտայայտութիւնը չէր երեւում:

Գնաց, գնաց ու թեքւեց դէպի մի լուսաւոր սրահ: Այնտեղ հաւաքւածները խաղադրոյքներ էին արել ու սպասում էին ֆուտբոլային հանդիպմանը: Յոյսի մի ծիլ կեանք առաւ Արմոյի ասֆալտացած սրտի ճաքած հատւածներում, ծաղկեց ու չդիմացաւ նոյնիսկ երկու խաղակէս…Բայց յոգ չէ, յոյսի ծիլերն ամենուր են, եւ սնկերի թէ մոլախոտէրի պէս տարածւում են:

«Սա նաեւ իմ մոլորակն է, իմ ժամանակն է, ու ես մոլորակին ու ժամանակին այսօր պէտք եմ հէնց այսպէս` դատարկ գլխով ու գրպաններով»,- ինքն իրեն համոզում էր Արմօն: Նոր յոյսերի օրն արդէն սկսւել էր, երբ որոշեց տուն գնալ: Նա զգոյշ բացում էր դուռը,  եւ հարազատներին քնած տեսնելու յոյսը շոյում էր նրան…

«yerkir.am»

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։