Հա

Մշակոյթ

05/12/2018 - 11:40

Օմար Խայեամի ութ հարիւր քառեակի թարգմանութիւն զետեղւել է մէկ գրքում

Բանաստեղծ, թարգմանիչ Լեւոն Բլբուլեանը հայերէն է թարգմանել պարսիկ գիտնական, մաթեմատիկոս, փիլիսոփայ, բանաստեղծ Օմար Խայեամի հարիւրաւոր քառեակներ եւ դրանք ներառել է մէկ գրքում, որի շնորհանդէսն անցկացւեց դեկտեմբերի 4-ին Հայաստանի գրողների միութիւնում:

«alikonline.ir» - Բանաստեղծ, թարգմանիչ Լեւոն Բլբուլեանը հայերէն է թարգմանել պարսիկ գիտնական, մաթեմատիկոս, փիլիսոփայ, բանաստեղծ Օմար Խայեամի հարիւրաւոր քառեակներ եւ դրանք ներառել է մէկ գրքում, որի շնորհանդէսն անցկացւեց դեկտեմբերի 4-ին Հայաստանի գրողների միութիւնում:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ`գրքի տողացիները պարսկերէնից թարգմանել է Էմմա Բեգիջանեանը: Գիրքը լոյս է ընծայել «Անտարես» հրատարակչութիւնը:

«Օմար Խայեամը 11-րդ դարի մեծութիւն է, որը, զարմանալիօրէն, հարիւրաւոր տարիներ յետոյ է Եւրոպային եւ հէնց Պարսկաստանին ներկայացել իր ամբողջ խորութեամբ եւ բանաստեղծական ոգով: Խայեամի գործերը 19-րդ դարում են թարգմանւել անգլերէն, եւ նա այդպիսով բացայայտւել է աշխարհում»,- ասաց Գրողների միութեան նախագահ Էդւարդ Միլիտոնեանը եւ յաւելեց, որ Օմար Խայեամն աշխարհի տարբեր երեսներն է ներկայացնում իր գրականութեամբ, տիեզերական մտածողութեան ամբողջականութեամբ, փիլիսոփայութեամբ, մարդկային կեցութեան դիտարկումներով:

Նրա խօսքով՝ այս գրքի հրատարակումը կարեւոր իրադարձութիւն է:

Գրողների միութեան քարտուղար Պետրոս Դեմիրճեանն ընդգծեց, որ իրանական պոէզիայի դասականների գործերը թարգմանել են Թումանեանը, Իսահակեանը եւ այլք: Նա ասաց, որ, պարսկերէն չիմանալով, հաւատում է՝ այս գիրքը աւելի մօտ է բնագրին եւ գեղագիտական առումով աւելի յաջողւած է:

Մեզ հետ զրոյցում Լեւոն Բլբուլեանը նշեց, որ իր առաջ խնդիր էր դրել թարմ, ժամանակակից մարդու լեզւամտածողութեամբ թարգմանել Խայեամի քառեակները: «Օմար Խայեամի տարբեր գրքեր թարգմանւել են հայերէն, բայց ոչ այս ծաւալով: Կարելի է ասել, որ այսքան ամբողջական՝ շուրջ 800 քառեակ, առաջին անգամ է թարգմանւում մեր լեզւով: Այլ հրատարակութիւններում Խայեամի գործերը համարակալւած են: Այս գրքի առանձնայատկութիւններից մէկն այն է, որ ես թեմատիկ բաժանումներ եմ արել: Կան սիրուն, կեանքի ու մահւան առեղծւածին, գինուն, սոցիալական խնդիրներին նւիրւած բաժիններ: Ընդհանուր առմամբ, դրանք վեցն են»,- ներկայացրեց նա:

Բլբուլեանի խօսքով՝ գրական շրջանակի իր ընկերները, որոնք կարդացել են գիրքը, դրական են արտայայտւել:  

Նա յաւելեց, որ Խայեամը հետաքրքիր անձնաւորութիւն է՝ իմաստուն, կենսական լիցքերով հարուստ, շատ համարձակ եւ խորը մտքի տէր: «Յուսամ՝ ընթերցասէրները կը հաւանեն գիրքը»,- եզրափակեց Լեւոն Բլբուլեանը:

Օմար Խայեամն իրանական պոէզիայի փառքը հանդիսացող նշանաւոր բանաստեղծ է: Լինելով իր ժամանակի անւանի գիտնականներից մէկը՝ նա այսօր յատկապէս իր քառեակներով յայտնի է ամէնից առաջ որպէս արեւելեան մեծանուն իմաստուն: Արդէն մի քանի հարիւրամեակ նրա անձի եւ ստեղծագործութիւնների հանդէպ աշխարհի հետաքրքրութիւնը չի մարում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։