Հա

Մշակոյթ

06/12/2018 - 13:20

Երբ սիրոյ եւ տարերքի խաղում գտնում ես ինքդ քեզ

Դերասանական խաղի մէջ, երաժշտական ելոյթի կամ էլ պարային կատարման մէջ դուք կարող էք տեսնել, թէ մարդն ինչպէս է յանկարծ անցնում մի այլ հոգեվիճակի, ինչպէս է լիցքաթափւում, կենտրոնանում եւ աննկատելիօրէն դառնում անհատականութեան ինքնարտայայտման գործիք: Այս ամէնը գագաթնակէտի է հասնում երբ նրան շրջապատում են մարդիկ, ովքեր աշխարհին են նայում իր աչքերով, ու թոյլ են տալիս իրեն բնական զգալ, նրա տաղանդն ընդունում են, ոգեշնչում նրան, ազդեցութիւն ունենում նրա վրայ եւ օգնում հասնել առաւելագոյն յաջողութիւնների:

«alikonline.ir» - Դերասանական խաղի մէջ, երաժշտական ելոյթի կամ էլ պարային կատարման մէջ դուք կարող էք տեսնել, թէ մարդն ինչպէս է յանկարծ անցնում մի այլ հոգեվիճակի, ինչպէս է լիցքաթափւում, կենտրոնանում եւ աննկատելիօրէն դառնում անհատականութեան ինքնարտայայտման գործիք: Այս ամէնը գագաթնակէտի է հասնում երբ նրան շրջապատում են մարդիկ, ովքեր աշխարհին են նայում իր աչքերով, ու թոյլ են տալիս իրեն բնական զգալ, նրա տաղանդն ընդունում են, ոգեշնչում նրան, ազդեցութիւն ունենում նրա վրայ եւ օգնում հասնել առաւելագոյն յաջողութիւնների: Երբ Էրւին Գալստեանը բեմում է, դերասանների թատերական աշխարհում, այլ դերասանների կողքին, նա իրօք մօտ է իր սեփական «Ես»-ին:

 

- Քո եւ թատրոնի առաջին հանդիպումը:

- Առաջին անգամ թատրոն կոչւած հեքիաթին ծանօթացել եմ ծնողներիս միջոցով: Ասեմ որ, նրանք այդքան էլ գոհ չեն որ, ես չեմ զբաղւում իմ ճարտարապաետի մասնագիտութեամբ: Դէ բնական է ծնողները միշտ էլ մտահոգւած են իրենց զաւակի ապագայով: Ես էլ նոյն կերպ կը վարւէի:

 

- Շարունակիր:

- Ընդամենը 5 տարեկան էի, երբ ինձ տարան ներկայացում նայելու: Մանկական ներկայացում չէր ու շատ բան չեմ էլ հասկացել, բայց հաստատ տպաւորւած էի՝ հեքիաթ չէր, բայց հեքիաթային էր: Լոյսերը, բեմը, դերասանները, ձայնը, ծափահարութիւնները... խելագարւելու պէս մի բան էր: Յետոյ արդէն նոյն բեմի աստիճաններով բարձրացայ՝ որպէս «Շանթ» ու «Շանթիկ»-ի նորամուտ անդամ:

«Արարատ»-ի բեմի աստիճանները առաջին անգամ բարձրացայ պարոն Ռուբիկի օգնութեամբ: Նա ձեռքս բռնում էր օգնում բարձրանալ երկար աստիճանները, յետոյ էլ ուշադիր հետեւում էր որ յանկարծ չընկնեմ: «Հէ՜յ փոքրիկ, չնկնե՛ս»... ասում էր նա:

Պարոն Ռուբիկը ինձ համար դարձաւ թատրոնի աշխարհի առաջին ուղեցոյցը: Տարիներ յետոյ հանդպեցի Աֆրուզ Ֆորուզանդին: Մեր միջեւ մի ակնթարթում կապ հաստատւեց որն էլ բացարձակապէս ոչ մի կապ չունէր ո՛չ դասաւանդման, ո՛չ կրթութեան, ո՛չ տարերքի հետ: Նա իրօք ինձ համար դարձաւ հոգեւոր մենթոր ու ոչ միայն ինձ համար, այլ նաեւ բոլոր նրանց համար ովքեր բեմում են:  

 

- Փաստօրէն առաջին քայլերդ արել ես «Արարատ»-ի բեմում: Իսկ պրոֆեսիոնալ բեմում երբ ես յայտնւել:

- Առաջինն Մաֆիան էր «Բարան»-ի բեմում: Մաֆիայի սցենարի հեղինակը, նոյն ինքը ռեժիսոր՝ Աֆրուզ Ֆուրուզանդն էր: Նա իր սցենարի մէջ ներառել է երկու իրանահայ երիտասարդների կերպար, որոնց մարմնաւորում էինք ես ու Թենին: Գիտէք, պրոֆեսիոնալ լինելը անպայման մեր հասկացութեամբ պրոֆեսիոնալ բեմում յայտնւելը չէ։ Դու սկսում ես քո սիրած գործում դառնալ պրոֆեսիոնալ, երբ դրա հետ արթնանում ես, մտածում, պարում, ապրում, արարում... երբ ամէն ինչում տեսնում ես քեզ ու նրան։ Պրոֆեսիոնալ դառնում ես երբ տարերքը քեզ համար դառնում է ապրելապերպ։

 

- Հետաքրքիր է՝ իսկ ո՞ր դերն է քեզ աւելի նման եղել: Եղե՞լ է արդեօք դեր, որտեղ խաղում ես ինքդ քեզ:

- Այո, հէնց Մաֆիայում ես Էրւինն էի նոյն ինքը՝ Սեւանը։ Սեւանին լիարժէք զգում էի, քանի որ նրա կերպարը ինձ շատ հարազատ էր։ Սեւանն իրանահայ երտասարդ է ով, ունի շատ պարսիկ ընկերներ...: Տեսել ես դա: «alikonline»-ում էլ անդրադարձանք:

 

- Իսկ քո ու թատրոնի յարաբերութիւնները, հիմա ինչպէ՞ս են:

- Երբեմն կարծում եմ թէ նրան շատ լաւ գիտեմ, երբեմն էլ՝ հակառակը։ Յամառութիւն, սէր, կիրք, քաջութիւն, ուժ, հրապուրանք... երբեմն էլ հիասթափութիւն: Թատրոնն իմը դարձաւ երբ ես նրան էլ աւելի լաւ զգացի:

 

- Հիասթափութի՞ւն:

- Այո, հիասթափութիւն էլ կայ, բանն այն է որ զբաղւելով սիրածդ գործով կարող ես բախւել ե՛ւ անբաւարարութեան ե՛ւ հիասթափութեան: Երբեմն ինչ որ բան չի ստացւում կամ ուղղակի չի ձգում: Բայց երբ ամէն բան ստացւում է այնպէս, ինչպէս պէտք է, ապա լրիւ փոխւում է զգացողութիւնը, աշխարհընկալումը: Այս ամէնի համատեղումն էլ տալիս է իրական զգացմունքների բաւարարութիւն: Ապրում եմ նրան լիարժէք բացայայտելու ցանկութիւնով։

 

- Ո՞րն է քեզ թատրոնում ամէնից շատ դուր գալիս:

- Ինձ այնտեղ ամէնից շատ դուր է գալիս այն որ, սցենարում յայտնաբերում եմ ինձ յանձնած դերը, յետոյ այն վերաշարադրում եմ եւ իրօք ապրում իմ հերոսի կեանքով:

 

- Իսկ թատրոնում վատ բաներ լինո՞ւմ են:

- Մարդ որ ուզի լաւ ու վատ բաներ գտնի, ամէն ինչի մէջ էլ կը գտնի: Թատրոնն էլ շատ հրապուրիչ է երբեմն դաժան կանոններով շրջապատումդ կան շատ տարբեր մարդիկ: Իրօք, այնտեղ նման է մեծ, խելագար ընտանիքի կեանքի: Խումբը դառնում է ընտանիք օրական երկար ժամեր աշխատում ես այդ մթնոլորտում ու հետաքրքիրն այն է, որ ես այստեղ գնալով ինձ աւելի ու աւելի յարմար եմ զգում: Շրջապատումս կան մարդիկ, որ իսկապէս ամբողջ հոգով նւիրւած են թատրոնին։ Նրանք հետաքրքրւում են մարդկային բնոյթով եւ այրւում գրածը կեանքի կոչելու կրքից: Այնտեղ գործում է իր գրւած ու չգրւած կանոնները, որոնք զոհեր չեն բացառում։

 

- Թատրոնի անելիքը որն է:

- Թատրոնը սերունդ է դաստիարակում։ Մտածել սովորեցնում։ Նախկինում համայնքում շատ էին ներկայացումները: Յիշում եմ երբ ամէն առիթով բեմադրւում էր տարբեր ներկայացումներ։ Բայց ցաւօք այսօր մեզ մօտ պակսել են թէ արւեստագէտները, թէ՛ արւեստը սիրող ու գնահատող հանդիսատեսը։ Արւեստը, կինոն, թատրոնը ժամանց էլ է, բայց ոչ միայն դա։ Այո, չեմ ժխտում ժամանցի իրաւունք ամէն մարդ ունի, բայց միայն դրանով ժամանակն անցկացնել, կը նշանակի տրւել դատարկութեանը։

 

- Պատճառների մասին մտածե՞լ ես:

- Այո, շատ եմ մտածում: Պատճառները շատ են բայց հիմնականը արտագաղթն է։ Կարծում եմ նման պայմաններում պէտք է միութիւններում աւելի դիւրին դառնայ բեմադրութիւնների կազմակերպումը։ Պէտք է միութիւններն օգտւեն երիտասարդներից ու ներկայացումների բեմադրումն աւելի հասանելի լինի նոր սերնդի համար։ Մնացածն արդէն կախւած է դերասանից, թէ ինչքան համոզիչ լինի, որ հանիդասեսը դահլիճում հաւատայ, թէ դու այդպիսին ես, դրա միջոցով ինքն էլ սկսի ինչ որ բաներ մտածել։

Մեր միութիւններում կայ մեծ պոտենցիալ ու լաւ մթնոլորտ։ Ես հէնց այնտեղից էլ սովորել եմ խմբային մտածելու կարողութիւնը, ինչն էլ այսօր ինձ ամէնից շատ է օգնում տարբեր խմբերում մարդկանց հետ աշխատելիս։

 

- Նոր ներկայացումներ լինելո՞ւ են:

- Այո, դեկտեմբերի 20-ից 23-ը լինելու եմ «Թաաթր է Շահր»-ում «Արաշ» ներկայացման մէջ:

 

- Ու վերջում:

- Թատրոնը ինձ շատ բան սովորեցրեց դրանցից մէկը՝ «լսել»-ը: Մեզ մօտ կարծում եմ լսելու ունակութիւնն պակասում է: Ես դա սովորեցի հէնց Աֆրուզ Ֆորուզանդից։ Նա բոլորին լսում էր, մտածում նրանց ասածների մասին ու տալիս ազատութիւն կերտելու քո ստանձնած դերը։

Չլսելը մեզ մօտ կենսափիլիսոփայութիւն է դարձել։ Եթէ մէկը մեր կարծիքին դէմ բան է ասում մենք դա չենք ընդունում, որպէս բազմակարծութիւն, մենք դա ընդունում ենք, որպէս թշնամանք եւ էստեղ ամէն ինչ փչանում է: Էդպէս հասարակութիւնը դժւար վիճակների մէջ յաճախ կը յայտնւի: Ես կարծում եմ, որ մեր հասարակութեան խնդրայարոյց հարցերի պատճառներից մէկն է դա: Մենք իրար լսել եւ լսածը մտքի թունելով անցկացնել, ապա՝ որոշել «ինչն ու ինչպէսը» չենք կարողանում: Գուցէ դիմացինը իրաւացի՞ է, չէ՞:

 

Յ. Գ.- Ինչպէս Էրւինն է նկատել երբեմն մենք չենք կարողանում բազմակարծութիւնը տարբերակել շահադիտութիւնից: Պէտք է դիմացինին լսել կարողանանք եւ ամէն դէպքում մտածել նրա ասածի մասին, եթէ անհրաժեշտ է քննարկել այն: Միայն դրանից յետոյ, երբ այդ ասելիքի իրական էութիւնը մեզ համար հասկանալի լինի, մենք յստակ կիմանանք իրականութիւնն ու աւելի ճիշտ կը կողմնորոշւենք: Բայց մինչ այդ, պէտք է լսել կարողանանք: Ու դա պիտի սովորի երեխան, ով յետոյ պատանի է դառնալու, երիտասարդ, յետոյ՝ հասարակութեան հասուն անդամ: Այդ ամէնը կարող է մեզ սովորեցնել իսկական թատրոնը, եթէ այնտեղ կայ իսկական դրամատուրգիա, այն թատրոնին գաղափարներով է սնում, հասարակական խնդիրներն է վեր հանում եւ միտքը զարգացնելու հնարաւորութիւններ ընձեռում, որի պակասը մենք մեծապէս զգում ենք:

Զրոյցը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։