Հա

Մշակոյթ

26/12/2018 - 15:00

Սողոմոն Թեհլիրեանի լուսանկարը՝ Վարշաւայում բացւած ցուցադրութիւնում

Դեկտեմբերի առաջին օրերին Վարշաւայի «Pilecki» ինստիտուտը բացեց իրաւագէտ Ռաֆայէլ Լեմկինին նւիրւած ժամանակաւոր ցուցադրութիւն: «Pilecki» ինստիտուտի խնդրանքով «Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը մեծ պատրաստակամութեամբ տրամադրել է ՀՑԹԻ արխիւում պահւող եզակի ցուցանմուշ՝ Սողոմոն Թեհլիրեանի հազւագիւտ լուսանկարը: 

«alikonline.ir» - Դեկտեմբերի առաջին օրերին Վարշաւայի «Pilecki» ինստիտուտը բացեց իրաւագէտ Ռաֆայէլ Լեմկինին նւիրւած ժամանակաւոր ցուցադրութիւն: «Pilecki» ինստիտուտի խնդրանքով «Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը մեծ պատրաստակամութեամբ տրամադրել է ՀՑԹԻ արխիւում պահւող եզակի ցուցանմուշ՝ Սողոմոն Թեհլիրեանի հազւագիւտ լուսանկարը: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

1924 թ. Փարիզում Սողոմոն Թեհլիրեանի եւ կնոջ` Անահիտ Թաթիկեանի արւած այս լուսանկարը 2009-ին ՀՑԹԻ-ին նւիրաբերել է ամերիկաբնակ Լեւոն Սարեանը:

Վարշաւայի ցուցադրութիւնում Թեհլիրեանի լուսանկարն ընդգրկելու հիմք է հանդիսացել Ռաֆայէլ Լեմկինի կողմից 1944 թ. առաջին անգամ «ցեղասպանութիւն» եզրի շրջանառութեան մէջ դնելու նախապատմութիւնը:

Դեռեւս պատանի հասակում Ռաֆայէլ Լեմկինին ցնցել է 1915 թ. Արեւմտեան Հայաստանում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանութիւնը: 21 տարեկանում, երբ նա լեզւաբանութիւն էր ուսումնասիրում Լւովի համալսարանում, պատահաբար տեղական թերթից տեղեկանում է Սողոմոն Թեհլիրեանի կողմից Բեռլինում Օսմանեան կայսրութեան ներքին գործերի նախկին նախարար Թալէաթ փաշայի սպանութեան մասին: Հայոց Ցեղասպանութիւնն իրագործած թուրք ոճրագործների անպատիժ մնալու հանգամանքը մտահոգում է Լեմկինին, նա տեղեկանում է նաեւ՝ չկայ որեւէ օրէնք, որով թուրք յանցագործներին հնարաւոր կը լինի յանձնել արդարադատութեանը: Սողոմոն Թեհլիրեանի գործը Ռաֆայէլ Լեմկինի համար հիմք է հանդիսանում հետաքննելու համար այն պարադոքսը, թէ ինչպէս Ս. Թեհլիրեանը կարող էր մեղադրւել մարդասպանութեան համար, այն դէպքում, երբ սպանւածը` Թալէաթը աւելի քան մէկ միլիոն մարդու բնաջնջման ծրագիրը յաջողութեամբ իրագործելուց յետոյ, կարողացել էր խուսափել պատասխանատւութիւնից:

Դեռեւս երիտասարդ դոկտորանտ Լեմկինն իր յուշերում գրում է. «Թուրքիայում աւելի քան մէկ ու կէս միլիոն հայ սպանւեց միայն այն պատճառով, որ քրիստոնեայ էր: …Յետոյ մի օր թերթում կարդացի այն մասին, որ բոլոր թուրք պատերազմական յանցագործները պէտք է ազատ արձակւեն: Ես ցնցւած էի: Ազգը ոչնչացւած է, իսկ մեղաւորներն ազատութեան մէջ են: Ինչո՞ւ է մարդը պատիժ կրում, երբ սպանում է որեւէ մէկին, մինչդեռ միլիոնաւոր մարդկանց սպանութիւնն աւելի՞ պակաս յանցագործութիւն է, քան անհատի սպանութիւնը: … Ես չգիտէի բոլոր պատասխանները, բայց զգում էի, որ աշխարհը պէտք է օրէնք ընդունի նմանատիպ ռասայական կամ կրօնական սպանութեան դէմ»: 

Միջազգային հեղինակութիւն ունեցող ցեղասպանագէտների, իրաւաբանների, լրագրողների մասնակցութեամբ բացւած ցուցադրութեանը ներկայ է եղել նաեւ «Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի փոխտնօրէն Էդիտա Գզոյեանը. «Որպէս իրաւաբան-ցեղասպանագէտ, իհարկէ, շատ եմ կարեւորում այս ցուցադրութեան կազմակերպումը: Ցանկանում եմ նշել, որ ՀՑԹԻ արտաքին կապերի առանցքում լինելու է հաւասարազօր պայմաններում համագործակցութիւն ինչպէս Սփիւռքի, այնպէս էլ միջազգային կառոյցների հետ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։