Հա

Մշակոյթ

27/12/2018 - 09:30

Նարինէ Գրիգորեան. «Այնպէս չէ, որ՝ վախ պաշտօն, այլ՝ վայ մամա ջան»

ՀՀ վաստակաւոր արտիստ, դերասանուհի Նարինէ Գրիգորեանը նշանակւել է Սօս Սարգսեանի անւան Համազգային թատրոնի գեղարւեստական ղեկավար։ Հայաստանեան եւ միջազգային տարբեր փառատօներում մրցանակների արժանացած դերասանուհուն հէնց թատրոնի դերասանական կազմն է առաջադրել գեղարւեստական ղեկավարի պաշտօնում։

«alikonline.ir» - ՀՀ վաստակաւոր արտիստ, դերասանուհի Նարինէ Գրիգորեանը նշանակւել է Սօս Սարգսեանի անւան Համազգային թատրոնի գեղարւեստական ղեկավար։ Հայաստանեան եւ միջազգային տարբեր փառատօներում մրցանակների արժանացած դերասանուհուն հէնց թատրոնի դերասանական կազմն է առաջադրել գեղարւեստական ղեկավարի պաշտօնում։

Նարինէ Գրիգորեանը պատասխանել է «panorama.am»-ի՝ առաջիկայ ծրագրերի, թատրոնի հետագայ գործունէութեան, ֆիլմերում նկարահանւելու վերաբերեալ հարցերին։

 

- Նարինէ, ձեր առաջին աշխատանքն արդէն որպէս Համազգային թատրոնի գեղարւեստական ղեկավար, ո՞րն է լինելու։

- Հիմա ամենակարեւորը խաղացանկը թարմացնելն է, նոր ներկայացումներ ստեղծելը։ Հիմա չորս պիէսների աշխատանքները սկսւել են։ Ժամանակակից հայ դրամատուրգ Սարա Նալբանդեանի «Պատերազմի խաղալիքները» պիէսի պրեմիերան նախատեսել էինք յունւարի 28-ին, սակայն քանի որ ուզում ենք վերանորոգել թատրոնը, թարմացնել բեմի հարդարանքը, գուցէ մի քիչ յետաձգւի, մինչեւ փետրւարի սկիզբ։

2019 թւականի համար նախատեսել ենք չորս պրեմիերա՝ ժամանակակից հայ եւ դասական հայ դրամատուրգիա, ժամանակակից արտասահմանեան եւ դասական արտասահմանեան դրամատուրգիա։

 

- Այդ գործերը վաղո՞ւց էիք պլանաւորել ու Վիգէն Չալդրանեանի տնօրէն եւ գեղարւեստական ղեկավար լինելու ընթացքում հնարաւոր չեղա՞ւ իրականացնել, թէ՞ նոր էք ընտրել։

- Ընդհանրապէս չեմ պլանաւորել։ Շատ լաւ գիտեմ ընկերներին, որոնց հետ խաղացել եմ երկար տարիներ, մտածել եմ, թէ այս պիեսն ինչպէս կը խաղար այս դերասանը։ Աւելի շատ խաղացանկն ընտրւել է բացի նրանից, որ իր ասելիքով շատ համընկնում է այսօրւայ Հայաստանում ասելիքով, նաեւ ամէն ինչից կախւած է, որ ամէն դերասանի համար մի հրաշալի պարտիա լինի խաղալու։

12 պիէս առանձնացրել եմ, որոնք կարդացել ենք, խմբով ընտրել, որոնց վրայ պէտք է աշխատենք։ Հայաստանում քիչ է բեմադրւում արտասահմանեան ժամանակակից դրամատուրգիա։ Ես ժամանակակից հինգ հայ դրամատուրգի հետ եմ աշխատում, ունեմ ժամանակակիցների հետ աշխատելու փորձ, նաեւ շատ եմ սիրում ժամանակակից դրամատուրգիան։

Ընդհանրապէս չեմ սպասել, որ այսպէս ամէն ինչը կը լինի։ Ես իսկապէս շատ պատասխանատու եմ մօտենում ու շատ վախեցած։ Այնպէս չէ, որ՝ վախ պաշտօն, ես դա չեմ հասկանում՝ վախ պաշտօն, այլ՝ վայ մամա ջան, ոնց կը կարողանամ արդարացնել։ Գործընկերներս հաւատացել են, յանկարծ այդ հաւատը չկոտրւի։ Իսկապէս անհանգստանում եմ, բայց մօտ 15 տարի փորձ եմ ձեռք բերել։ Չգիտեմ, յոյս ունեմ հետաքրքիր կը լինեմ իմ ընկերներին։

 

- Դուք շարունակելո՞ւ էք հանդես գալ նաեւ որպէս դերասանուհի, թէ միայն արդէն որպէս թատրոնի գեղարւեստական ղեկավար կը լսենք ձեր անունը։

- Անպայման, որպէս դերասանուհի, որովհետեւ մեծագոյն երջանկութիւն է, միշտ լինելու եմ իմ ընկերների հետ խաղալիս։ «Պատերազմի խաղալիքները» խաղում ենք ես, թատրոնի ժամանակաւոր տնօրէն Արման Նաւասարդեանը եւ Վարշամ Գեւորգեանը։

 

- Դժւար չի՞ լինի համատեղելը։ Դուք նաեւ յաճախ էք մասնակցում միջազգային փառատօների, ինչպէ՞ս էք այժմ այդ ամէն ինչը հասցնելու։

- Արմանի գործն աւելի ծանր է։ Ես միեւնոյն է զբաղում եմ նրանով, ինչով միշտ զբաղւել եմ։ Մնջախաղում էլ ունեմ ներկայացում, Տիկնիկայինում էլ ունեմ մի քանի բեմադրութիւն։ Գուցէ հիմա աւելի հեշտ է, որ մէկ տեղում եմ կենտրոնացնելու աւելի շատ բան, բայց, իհարկէ, Տիկինիկայում էլ շարունակելու եմ խաղալ ներկայացումները։

Իսկ միջազգային փառատօների կը տանեմ նաեւ նոր ներկայացումներ։ Այս կոլեկտիւը շատ աշխատող է, առանց ինձ էլ կաշխատեն, բեմադրութիւնների միայն ես չեմ անում, ռեժիսորները տարբեր են, ամէն մէկն իր աշխատանքը կանի։ Իմը երկու-երեք օրով կուշացւի, բայց ոչինչ։ Գեղարւեստական ղեկավարն այն մարդը չէ, որ ինքն է անում բոլոր բեմադրութիւնները, այլ ուղղորդում է, գործը յանձնում ռեժիսորին։

 

- Նարինէ, շարունակելո՞ւ էք նկարահանւել ֆիլմերում։

- Որ հրաւէր ստանամ, այո։ Առջեւում «Եւա» ֆիլմի իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի հետ աշխատանք ունեմ։ Նայել են նրա «Եւա» ֆիլմը ու իտալացիները 50 հայ եւ 100 դրսի կինոռեժիսորներից ընտրել են հէնց նրան, որ «Արտոյտների ագարակը» երկրորդ գրքի հիման վրայ ֆիլմ նկարահանի։ Ապրիլին սկսւելու են նկարահանումները։ Անահիտ Աբադն ասել է, որ ես կը նկարահանւեմ այդ ֆիլմում։

 

- Ի՞նչ պէտք է արւի, հանդիսատեսին թատրոն բերելու համար, արդեօ՞ք շարունակելու էք թատրոնի արդէն ձեւաւորւած աւանդոյթները, թէ՞ նոր գործելաոճ էք որդեգրելու։

- Մեր թատրոնը միշտ եղել է դերասանակետրոն, ամենակարեւոր կէտն է, այդ տեսակը երբեք չի փոխւելու, պէտք է հնարաւորինս շատ արտայայտւի։ Դա է մեր դէմքը, դերասանի շնորհիւ կարելի է հանդիսատեսին գրաւել։

Թատրոնն ունենալու է սրճարան, կազմակերպելու ենք ցուցահանդէս ներկայացումներ, ժամանակակից պիէսների ընթերցանութիւն։ Թատրոնը պէտք է լինի ամենուր՝ աստիճաններին, ֆոյեում, բարի մօտ։

 

- Դրսից ռեժիսորներ հրաւիրելո՞ւ էք։

- Անպայման։ Յունւարի 15-ին Ֆրանսիայից Հայաստան է գալու Սերժ Մելիք-Յովսէփեանը, ով բեմադրելու է ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգի «-2» պիէսը։ Կլինեն նաեւ Վիգէն Ստեփանեանը, երիտասարդ բեմադրիչներ, գուցէ աւարտող ռեժիսորին հնարաւորութիւն տանք դիպլոմային աշխատանքը բեմադրել հէնց այստեղ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։