Հա

Մշակոյթ

27/12/2018 - 09:40

Առանց խօսքերի խօսուն ֆիլմը. Արցախի հերոս Ռոբերտ Աբաջեանի մասին ֆիլմ է նկարահանւել

Ապրիլեան պատերազմի մասնակից, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջեանի մասին իր մանկութեան ընկեր, ռեժիսոր եւ սցենարիստ Հայկ Բաբաեանը կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել: 

«alikonline.ir» - Ապրիլեան պատերազմի մասնակից, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջեանի մասին իր մանկութեան ընկեր, ռեժիսոր եւ սցենարիստ Հայկ Բաբաեանը կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել: Հաղորդում է «Արմէնպրես»-ը։

«Ռոբե՞րտ, Ռոբե՞րտ… հա, Կեաժը»,- ահա այսպէս սկսւեց Հայկի հետ մեր հեռախօսազրոյցը, ով մի պահ շփոթւեց մանկութեան ընկերոջ իրական անունը լսելիս:

«Ռոբերտ, որ ասում են, շատ օտար է հնչում, ինքը մեր Կեաժն ա։ Դուք, որ իրենց շէնքում ապրողներին էլ ասէք՝ Ռոբերտ՝ դժւար թէ միանգամից հասկանան, թէ ում մասին է խօսքը (ծիծաղում է - հեղ.)»,- ասաց ռեժիսորը, ով Կեաժի աւելի քան 10 տարւայ ընկերն է եղել:

Հայկն ափսոսանքով ու, միեւնոյն ժամանակ, մեծ հպարտութեամբ սկսեց պատմել Ռոբերտի հոգատար եւ ընկերասէր տեսակի մասին:

«Կեաժն այն մարդկանցից էր, որ անգամ չճանաչէր էլ մարդուն, բայց նրան օգնութիւն պէտք լինէր՝ անմիջապէս ու առանց մտածելու կօգնէր, անգամ, եթէ դա իր համար դժւար լինէր: Ես իրեն դեռ շա՜տ փորքուց եմ ճանաչում՝ մանկութեան ընկերներ ենք եղել: Երբ արդէն սկսել եմ հասկանալ, թէ ինչ է նշանակում մարդկանց հետ շփումը, այսինքն՝ դպրոցական տարիներից, մենք մտերմացել ենք»,- շեշտեց Հայկն ու նշեց, որ իրենց յարաբերութիւնները շատ խորքային են եղել, միշտ կիսւել է իր հետ, անկեղծացել:

Անդրադառնալով ֆիլմին, ռեժիսորն ընդգծեց, որ ինքը երազներով ապրող անձնաւորութիւն չէ, սակայն դրանց շատ հետաքրքրիր նշանակութիւն է տալիս, քանի որ ռեժիսորի համար կեանքում կատարւող ցանկացած իրադարձութիւն պէտք է հետաքրքիր լինի:

«Ինձ համար երազը մարդու պատկերի մէջ առաջացած բնական ռեժիսուրա է: Երազներ կան, որոնք ինձ վրայ տպաւորութիւն են թողնում և մնում իմ մէջ: Այս ֆիլմի պատմութիւնն էլ սկսւել է հէնց երազից, երբ ապրիլեան պատերազմից յետոյ երազումս տեսայ Կեաժին: Մոնումենտում էինք, որտեղ ես էլ եմ, մենք նուն բակում ենք մեծացել, ինքը տխուր նստած էր հէնց այն նոյն բակում, որտեղ մենք յաճախ էինք լինում: Շատ էր նիհարել, մօտեցայ նրան, ասացի՝ «Կեաժ, ո՞նց ես, ո՞նց եղաւ այս ամէնը»։ Գլուխը բարձրացրեց մի քանի բառ ասաց ինձ ու ես արթնացա քնից: Հէնց այդ ժամանակ էլ որոշեցի, որ պէտք է Կեաժի մասին ֆիլմ նկարեմ, բայց թէ ինչպիսին կը լինէր այն, այնքան էլ կարեւոր չէր: Կարեւորն այն էր, որ ես պէտք է անդրադառնամ իրեն»,- նշեց Հայկը:

Ֆիլմի ընթացքը ձգձգւեց, քանի որ, ըստ ռեժիսորի, մօտեցումը Ռոբերտին եւ նրա պատմութեանը պէտք է լինէր տարբերւող:

«Կեաժը» ֆիլմն իր մէջ ներառում է մի քանի ժամանակաշրջան՝ խորհրդային տարիներ, 90-ականներ ու մեր օրեր, կան նաեւ փաստագրական կադրեր:

Հարցին՝ ինչո՞ւ է ֆիլմը սկսում խորհրդային տարիներից, Հայկը նշեց, որ ցանկացած պատերազմ քաղաքականացւած է եւ խօսել Ապրիլեան քառօրեայ պատերազմից եւ չխօսել քաղաքականութիւնից, սխալ կը լինի:

«Դա նոյնն է, որ ասես, թէ քաղցրակեր ես, բայց կոնֆետներ չես սիրում: Այդպէս չի կարող լինել: Պատերազմի մասին ֆիլմերն էլ պէտք է լինեն զուտ պատերազմի մասին, որտեղ կան քաղաքականութեան տարրեր, ողբերգութիւն, մահ եւ արիւն եւ ոչ մի պոեզիա: Ես առաջնորդւում եմ Հեմինգւէյի մօտեցումով»,- շեշտեց ռեժիսորը, ասելով, որ ապրիլեան պատերազմը խոր արմատներ ունեցող երեւոյթ էր, որը գալիս էր դեռ շատ վաղուց՝ 90-ականներից:

Խօսելով ֆիլմից տպաւորութիւնների մասին եւ, թէ ինչ է ցանկացել հասցնել մարդկանց, Հայկն ասաց, որ այնտեղ կան մանրամասներ, որ կարող են շատ խորաթափանց մարդիկ նկատել:

«Այս ֆիլմը չեմ նկարել այսօրւայ կամ վաղւայ համար, այլ մի քանի տարի յետոյ նայելու եւ շատ բաներ ինքդ քո մէջ ամփոփելու համար»,- ընդգծեց Հայկ Բաբաեանը:

Ֆիլմում նկարահանւել է գեներալ-մայոր Արկադի Տէր-Թադէոսեանը՝ Կոմանդոսը եւ Գառնիկ Օհանեանը:

«Կոմանդոսը ֆիլմում ուղղակի Կեաժի անունն է տալիս, բայց որքան խօսուն են նրա աչքերը, երբ ասում է «Կեաժ»: Այդ մէկ բառի համար մենք մեծ աշխատանք տարանք, որպէսզի ստանանք այն, ինչ ունենք այսօր»,- եզրափակեց ռեժիսորը, ով վերջում միայն յաւելեց, որ առանց խօսքերի ֆիլմերն աւելի է նախընտրում, որտեղ մարդկանց հայացքներն ու կեցւածքն են «խօսում» բառերի փոխարէն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։