Հա

Մշակոյթ

30/12/2018 - 10:10

Շւին ու հայուհին. հարցազրոյց Թամար Էսքենեանի հետ 

Լիբանանահայ սրինգահար Թամար Էսքենեանը «news.am»-ին տխւած հարցազրոյցում պատմում է իր արմատների, ընտրած մասնագիտութեան եւ առաջիկաձ ծրագրերի մասին։

«alikonline.ir» - Լիբանանահայ սրինգահար Թամար Էսքենեանը «news.am»-ին տխւած հարցազրոյցում պատմում է իր արմատների, ընտրած մասնագիտութեան եւ առաջիկաձ ծրագրերի մասին։

 

- Թամար, պատմէք ձեր ընտանիքի պատմութիւնը, ինչպէ՞ս էք Լիբանանում յայտնւել:

- Մեր ընտանիքն Արեւմտեան Հայաստանից է, Ցեղասպանութեան ժամանակ մեր ընտանիքից շատ քչերն են փրկւել, նրանք մի կերպ հասել են Սիրիա, ծնողներս աւելի ուշ այնտեղից տեղափոխւել են Լիբանան։ Ես եւ եղբայրներս ծնւել ենք, երբ Լիբանանում քաղաքացիական պատերազմ էր։ Հայկական համայնքն այստեղ մեծ դժւարութեամբ, բայց կարողացել է պահպանել հայկական մշակոյթը, լեզուն, կրօնը։

Ընտանիքս միշտ հայկական թաղամասում է ապրել, որտեղ կան հայկական եկեղեցիներ, դպրոցներ, հայկական ռադիօ եւ նոյնիսկ երաժշտական դպրոց, որտեղ ես եւ եղբայրներս երաժշտական կրթութիւն ենք ստացել։ Չնայած մենք մեծացել ենք պատերազմական ժամանակաշրջանում, երաժշտութիւնը միակ միջոցն էր ազատ զգալու, այդ պատճառով երաժշտութիւնը մեր տնից անպակաս էր։

Ծնողներս, երաժիշտ չլինելով, շատ նուրբ ճաշակ ունէին, մայրս էլ մանկուց մեզ համար Կոմիտաս է երգել։ Առիթից օգտւելով՝ նշեմ, որ եւ հայրս, եւ մայրս արիւնակից են եղել Կոմիտաս վարդապետին։

Մեր տան մէջ միշտ երաժշտութիւն է հնչել, մեծ եղբայրս դաշնամուր էր նւագում, փոքր եղբայրս՝ ջութակ, իսկ ես սիրում էի երգել, սրինգը բացայայտել եմ, երբ 13 տարեկան էի։ Ես հասկացայ, որ կարող եմ հէնց այս գործիքի միջոցով արտայայտւել։ 2 տարի առաջ էլ հայկական շւին բացայայտեցի ինձ համար։ Դու կարող ես դրանով ուրախութիւն եւ հանգստութիւն պարգեւել մարդկանց։

Սրինգը ինչպէս գիտէք՝ երաժշտական ամենահին գործիքներից է, ամենանուրբ եւ գեղեցիկներից մէկը։

 

- Օտարերկրացիներին արդեօք հետաքրքի՞ր է սրինգը:

- Օտարերկրացիները ամէն անգամ հիանում են, երբ ես շւի եմ նւագում, համերգից յետոյ միշտ մօտենում են ինձ ու ասում, որ երբեք նման հնչիւններ չեն լսել, եւ ինձ նկարագրում են, թէ ինչ են զգում ինձ լսելուց յետոյ։ Հետաքրքիր է, որ իրենց նկարագրածը միշտ համապատասխանում է Հայաստանի դաշտերին։ Ինձ լսելուց յետոյ շատերն են ասում, որ ցանկանում են Հայաստան այցելել։ Ոչ հայերը հայկական երաժշտութիւնն ու սրինգը լսելուց յետոյ ասում են, որ այն միանգամից մտնում է իրենց սրտի ու հոգու մէջ։

 

- Որ ստեղծագործութիւնն է, որ նւագելիս ամենաշատն էք յուզւում:

Ինձ համար ամենայուզիչ է այն երաժշտութիւնը, որը հասնում է մարդու հոգուն, բայց կուզեմ շեշտել, որ ինձ համար անչափ սիրելի եւ հոգեհարազատ է հին հայկական, ժողովրդական եւ եկեղեցական երաժշտութիւնը, որոնք Կոմիտաս վարդապետի միջոցով պահպանւել է եւ հասել մեր օրեր։ Ես նաեւ մասնագիտացւած եմ եւրոպական բարոկկօ երաժշտութեան մէջ, սովորել եմ նւագել հին եւրոպական ֆլէյտա։

 

- Երբեւէ փոշմանե՞լ էք ընտրած մասնագիտութեան համար:

- Փոշմանելու ժամանակ չկայ, որովհետեւ առանց երաժշտութեան չէի կարող լինել այն մարդը, որն այժմ կամ, երաժիշտ լինելն ինձ համար միայն մասնագիտութիւն չէ, այլ կեանքի ձեւ է եւ կիրք։ Երաժշտութեան միջոցով նաեւ մարդը կարող է աւելի աշխատել ինքն իր վրայ, աւելի զգայուն դառնալ իր եւ ամբողջ շրջապատի նկատմամբ։ Երաժշտութիւնն ինձ համար նաեւ հաղորդակցւելու միջոց է ոչ միայն մարդկանց հետ, այլեւ բնութեան, տիեզերքի եւ Աստծու հետ։

 

- Թամար, այժմ Շւէյցարիայում էք ապրում, ինչո՞ւ մեկնեցիք Լիբանանից։

- Լիբանանից մեկնեցի, երբ դպրոցը նոր էի աւարտել եւ ուզում էի մասնագիտանալ երաժշտութեան մէջ, այդ նպատակով մեկնեցի Շւէյցարիա եւ Աւստրիա։ Այժմ ես համերգներ եմ ունենում աշխարհի տարբեր քաղաքներում։

 

- Ի՞նչ նպատակներ ունէք։

- Բազմաթիւ նպատակներ ունեմ, որովհետեւ այս կեանքում տարբեր հետաքրքրութիւններ ունեմ։ Նպատակներիցս մէկն այն է, որ իմ դպրոցը հիմնեմ։ Սովորելու ընթացքում ես սկսեցի ֆլէյտա սովորեցնելու իմ մեթոդը ստեղծել եւ կուզեմ նաեւ այդ ուղղութեամբ խորանալ։ Միւս նպատակներիս մասին կը խօոսեմ, երբ դրանք արդէն իրականութիւն դարձած լինեն։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։