Հա

Մշակոյթ

07/01/2019 - 09:50

Արարատից մինչեւ թռիչք անդունդի վրայով. 10 պատճառ թէկուզ մէկ անգամ Հայաստան այցելելու համար

Եթէ ցանկանում էք անմոռանալի զգացողութիւններ ունենալ, արձակուրդն անցկացնել լեռներով շրջապատւած երկրներում, որտեղ տարւայ 300 օրն արեւոտ է, ինչպէս նաեւ լողալ աշխարհում երկրորդ բարձրլեռնային լճում, ապա դուք պէտք է տոմս գնէք եւ գաք Հայաստան։

«alikonline.ir» - Եթէ ցանկանում էք անմոռանալի զգացողութիւններ ունենալ, արձակուրդն անցկացնել լեռներով շրջապատւած երկրներում, որտեղ տարւայ 300 օրն արեւոտ է, ինչպէս նաեւ լողալ աշխարհում երկրորդ բարձրլեռնային լճում, ապա դուք պէտք է տոմս գնէք եւ գաք Հայաստան։

Հայաստանը գերում է զբօսաշրջիկներին ոչ միայն մայրաքաղաքով, որը Հռոմից հին է։ Այն նաեւ բազմաթիւ սիրելի խմիչքների եւ խորտիկների հայրենիքն է՝ գինուց եւ գարեջրից մինչեւ տոլմա եւ ժինգեալով հաց։ Արեւի, ծիրանի եւ կոնեակի երկիր կատարած ճանապարհորդութիւնն ուշագրաւ եւ անմոռանալի կը լինի իւրաքանչիւրի համար։

«Sputnik» Արմենիան ներկայացնում է 10 պատճառ կեանքում թէկուզ մէկ անգամ Հայաստանում լինելու համար։

 

Հայկական տօներ

Հայաստանն այն հազւագիւտ երկրներից է, որտեղ իւրաքանչիւր ամիսն ուղեկցւում է այս կամ այն տօնով։

Այստեղ Բարեկենդանը նշում են առանց նրբաբլիթների եւ տապին զովանում ամբողջ ազգով։ Ձուկը տապակում են եւ հաւկիթը ներկում են ոչ բոլորի նման։ Սակայն ամենաուրախ տօները Տեառնընդառաջը եւ Վարդավառն են։ Եթէ դուք սիրում էք ցատկել խարոյկի վրայով, ապա կարող էք ժամանել Հայաստան Տրնդէզի (այդպէս է ժողովուրդը կոչում Տեառնընդառաջը) ժամանակ, որը նման է Բարեկենդանին։ Այդ տօնը նոյնպէս նւիրւած է գարնան գալստըանը, վերածննդին։

Հէնց եկեղեցու բակում մեծ խարոյկ են վառում, եւ նորապսակները կամ նշանւածները, ինչպես նաեւ բոլոր ցանկացողները ցատկում են դրա վրայով, որպէսզի քշեն չար ոգիներին եւ մաքրւեն։ Այնուհետեւ գալիս է Ծաղկազարդը։ Այդ օրը մարդիկ գնում է եկեղեցի՝ օծելու ուռենու ճիւղերը, երեխաների գլխին դնում են ուռենու ճիւղերից հիւսւած պսակներ։ Յուլիսին սովորաբար նշում են Վարդավառը, այդ օրը մարդիկ ջրում են միմեանց, եւ դա նորմալ է ու շատ զւարճալի։

 

Հիւրընկալութիւն

Հայերը շատ հիւրընկալ են, ինչի մասին վկայում են ոչ միայն մեր երկիր այցելած զբօսաշրջիկները։ Եթէ կարօտել էք երկար հաւաքոյթներին, ջերմ մթնոլորտում զրոյցներին, ապա այդ դէպքում դուք պէտք է ժամանէք Հայաստան։

Իւրաքանչիւր տանը, բակում, գիւղում պատրաստ են ձեզ սուրճ եւ արեւահամ չրեր հիուրասիրել։

«Իւրաքանչիւր զբօսաշրջիկի համար կարեւոր է, որ նրան յաւուր պատշաճի դիմաւորեն։ Ուստի այդ տեսանկիւնից Հայաստանը հիանալի հնարաւորութիւն է մարդկային ջերմութիւնը եւ իսկական հիւրընկալութիւնը զգալու համար»,- «Sputnik» Արմենիայի թղթակցի հետ զրոյցում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսեանը։

Նա կարծում է, որ այդ առումով Հայաստանը բացառիկ է։ Քիչ վայրերում կարելի է հանդիպել զբօսաշրջիկների նկատմամբ նման վերաբերմունքի։

 

Խոհանոց

Էլ ի՞նչ հիւրընկալութիւն առանց ճաշկերոյթի։

Այսօրւայ դրութեամբ խոհարարութեան ոլորտի փորձագէտները վերականգնել են աւելի քան 1000 աուտենտիկ ճաշատեսակ՝ պահքի կերակրատեսակներից մինչեւ սովորական։ Հայկական խոհանոցի գլխաւոր առաւելութիւնն այն է, որ աւանդական ճաշատեսակներից իւրաքանչիւրը նպաստում է առողջ կենսակերպին եւ օգնում մարսողութեանը։

Հետաքրքիր է, որ, չնայած հին խոհանոցին, տեղի խոհարարներն առաջարկում են տարբեր ճաշատեսակներ, աւանդականների ժամանակակից մշակումներ, ինչպէս նաեւ արտասահմանեան համեղ ուտելիքներ։ Ուստի այստեղ կարելի է գտնել թէ՛ ֆրանսիական նախաճաշ, թէ՛ իտալական սպագետի, թէ՛ ձկնապուր, թէ՛ բուրաւէտ պիցցա, թէ՛ ճապոնական խորտիկներ։

Սակայն եթէ ցանկանում էք համտեսել իսկական տոլմա եւ անուշաբոյր լաւաշ կամ ժինգեալով հաց, ապա անպայման պէտք է այցելէք Հայաստան։

 

Գինի

Հայաստան պէտք է գալ՝ գինեգործութեան օրրանը բացայայտելու համար։

Աշխարհի պատկերացումները գինու եւ գինեգործութեան մասին փոխեցին 2007 թ.-ին Արենիում անցկացւող պեղումները։ Պեղումների ժամանակ Արենի գիւղի յարակից քարանձաւային համալիրում գտան մի քանի մշակութային շերտեր, որոնցից ամենահինը թւագրւում է մ.թ.ա. 4-5-րդ դարերին։ Այդ գտածօնը թոյլ է տալիս խօսել այն մասին, որ հէնց Հայաստանը կարելի է համարել գինեգործութեան օրրան։

Գտել են խաղողի կորիզներով եւ ողկոյզների մնացորդներով կարասներ, ինչը վկայում է այդ շրջանում գինու արտադրութեան հնագոյն համալիրի առկայութեան մասին, որն աւելի քան 6100 տարեկան է։ Յայտնաբերւել է նաեւ հնձան, որի շուրջ գտել են հիանալի պահպանւած խաղողի կորիզներ,  ինչպէս նաեւ սափորներ, որոնց մէջ գինի է պահւել։

«Հայաստանն առնւազն տարածաշրջանում յայտնի է ոչ միայն որպէս գինու, այլ նաեւ կոնեակի երկիր։ Մեր երկիրն իր դռները բացում է նաեւ բրենդիի սիրահարների համար»,- ասաց Ապրեսըանը։

 

Տեսարժան վայրեր

Հայաստանը գերում է ոչ միայն իր հնագոյն պատմութեամբ, այլ նաեւ գեղատեսիլ լանդշաֆտով եւ զարմանալի շինութիւններով։

Այստեղ կարելի է նստել աշխարհի ամենաերկար ճոպանուղին, տեսնել Լոնգինի գեղարդը։ Ի դէպ, Սուրբ գեղարդը 1-ին դարում Հայաստան է բերել Քրիստոսի 12 աշակերտներից մէկը՝ Թադէոս առաքեալը։

Դուք կարող էք մոմ վառել ժայռափոր տաճարում, ծանօթանալ մեծն շանսոնիէ Շառլ Ազնաւուրի եւ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրեանի պատմական հայրենիքին։ Լողալ աշխարհի ամենաբարձրադիր եւ քաղցրահամ լճերից մէկում՝ Սեւանում, ինչպէս նաեւ տեսնել Քարահունջ հնագոյն աստղադիտարանը, որը յիշեցնում է յայտնի Սթոունհենջը։

 

Ուխտագնացութիւն առաջին քրիստոնեայ երկիր

Երուսաղէմի հետ միասին հաւատացեալ քրիստոնեաների համար պատիւ է այցելել Հայաստան, ուխտագնացութիւն կատարել երկիր, որը առաջինն է ընդունել քրիստոնէութիւնը՝ որպէս պետական կրօն։

Դուք կարող էք ուխտագնացութիւն կատարել առաքելական եկեղեցու Զատկի ժամանակ։ Գլխաւոր հոգեւոր կենտրոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է։ Եկեղեցին գտնւում է Երեւանից 20 կիլոմետր հեռաւորութեան վրայ՝ Վաղարշապատ քաղաքում։ Էջմիածնի Մայր տաճարը Հայաստանի հնագոյն եկեղեցին է։ Հաւատալիքի համաձայն, դրա կառուցման վայրը Սուրբ Գրիգոր Լուսաւորչին ասել է երկնքից իջած Միածինը։ Պատմական աղբիւրների համաձայն, եկեղեցին կառուցւել է թագաւորական պալատի մօտ։

 

Արարատ

Արժէ գալ Հայաստան՝ լեգենդար աստւածաշնչեան Արարատ լեռը տեսնելու համար, որը հիասքանչ է տարւայ ցանկացած եղանակին։ Հայկական բարձրավանդակի ամենաբարձր կէտը՝ Մեծ Արարատը (5165 մ.) այժմ գտնւում է Թուրքիայի տարածքում։

«Լեգենդի համաձայն, Համաշխարհային ջրհեղեղից յետոյ հէնց Արարատի վրայ է իջել Նոյեան տապանը։ Լեռան աշխարհագրական տարիքը մօտ 3.5 միլիոն տարեկան է։ Նրա կողքին է գտնւում Փոքր Արարատը (3925 մ.)։ Այն 150 հազար տարեկան է», - ասաց Ապրեսեանը։

Արագած եւ Արարատ լեռները յանգած հրաբուխներ են, ընդ որում Արագածի հիմքերը (8 հազար քառակուսի կմ.) աւելի մեծ են Արարատի հիմքերի մակերեսից։

Արարատը թէեւ գտնւում է ժամանակակից Հայաստանի սահմաններից դուրս, սակայն հայերի համար այն սրբազան լեռ է։ Այդ լեռների իւրայատուկ տեսարանը կարելի է տեսնել միայն Հայաստանից։

 

Էքստրիմ

Ապրեսեանն ընդգծում է, որ Հայաստանում իւրաքանչիւրը կարող է իր համար զբաղմունք գտնել՝ չափաւոր հանգստից մինչեւ էքստրիմ։ Եթէ սիրում էք ճախրել երկրի վրայ, ցատկել կամրջից, լողալ լեռնային գետերում, քայլել անդունդի եզրով, ապա բարի գալուստ Հայաստան։

Այստեղ կարելի է օդապարիկով «լողալ» երկնքում, նոյնիսկ ձմռանն ուտել ելակ՝ մի գաւաթ շամպայնով եւ քաղցրաւենիքով, ձեռքի եւ սրտի ռոմանտիկ առաջարկութիւն անել սիրելիին։ Ադրենալինի սիրահարները կարող է ցատկել կամրջից կամ ճախրել կիրճի վրայով զիփլայնով։

Եթէ դա ձեզ համար սովորական է, կարող էք կազմակերպել լեռնային գետերով սպորտային նաւարկութիւն։ Ի դէպ, դա էքստրեմալների ամենավտանգաւոր զբաղմունքներից է, սակայն զգացողութիւններն անկրկնելի են։

Հայաստանում անցկացւում են նաեւ պարապլաներիզմի միջազգային մրցումներ, որոնց ներկայ գտնւելը մեծ հաճոյք կը պատճառի։

 

Փառատօներ

Հայաստանը փառատօների երկիր է, այստեղ կարելի է ժամանել հանգստեան օրերին եւ մասնակցել թէյի ու սուրճի կամ աւանդական գաթայ թխելու փառատօններին, ինչպէս նաեւ տեսնել, թէ ինչպէս են մրցում խոհարարները տոլմայի փառատօնի ժամանակ։

«Երկրում կլոր տարին անցկացւում են տարբեր փառատօներ։ Դրանց շնորհիւ ցանկացողները կարող են ճանաչել ազգային մշակոյթը եւ հայ ժողովրդի սովորոյթները», - ասաց Ապրեսեանը։

Մեր երկրում տեղի են ունենում նաեւ գինու, ձմերուկի, խորովածի, ղափամայի, գարեջրի, գինու եւ տարազի փառատօներ։

 

«Թաւշեայ յեղափոխութիւն»

Եւ վերջում. Հայաստանը սակաւաթիւ երկրներից է, որտեղ նոյնիսկ իշխանափոխութիւնն է խաղաղ եւ անարիւն լինում։ 2018 թ.-ի ապրիլ-մայիսին տեղի ունեցած իրադարձութիւնները կոչւեցին «թաւշեայ յեղափոխութիւն», եւ դրա շնորհիւ Հայաստանը ճանաչւեց տարւայ երկիր։ Հայաստան այցելելու դէպքում մեծ է նաեւ երկրի վարչապետի հետ սելֆի անելու հնարաւորութիւնը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։