Հա

Մշակոյթ

09/01/2019 - 13:10

«Ես գոյութիւն ունենալու իրաւունք չունեմ, ես օրէնքից դուրս եմ». Փարաջանովի ծննդեան օրն է

Այսօր Սերգէյ Փարաջանովի ծննդեան օրն է: Փարաջանովը (Սարգիս Փարաջանեան) ծնւել է 1924-ի յունւարի 9-ին Թբիլիսիում, հայկական ընտանիքում: Փարաջանովի հայրը հնավաճառ էր, Թիֆլիսի մեծահարուստներից: Նրա հայրը նաեւ հասարակաց տուն ունէր` «Ընտանեկան անկիւն» անւամբ, իսկ մայրն անձամբ էր աղջիկներ ընտրում հասարակաց տան համար: Սակայն երբ սկսւեց յեղափոխութիւնը, Փարաջանովի հայրը զրկւեց գրեթէ ողջ ունեցւածքից, սակայն հնավաճառի բիզնեսը չթողեց:

«alikonline.ir» - Այսօր Սերգէյ Փարաջանովի ծննդեան օրն է: Փարաջանովը (Սարգիս Փարաջանեան) ծնւել է 1924-ի յունւարի 9-ին Թբիլիսիում, հայկական ընտանիքում: Փարաջանովի հայրը հնավաճառ էր, Թիֆլիսի մեծահարուստներից: Նրա հայրը նաեւ հասարակաց տուն ունէր` «Ընտանեկան անկիւն» անւամբ, իսկ մայրն անձամբ էր աղջիկներ ընտրում հասարակաց տան համար: Սակայն երբ սկսւեց յեղափոխութիւնը, Փարաջանովի հայրը զրկւեց գրեթէ ողջ ունեցւածքից, սակայն հնավաճառի բիզնեսը չթողեց: Գրում է «Yerkir.am»-ը:

 

Մուտքը կինոաշխարհ

Փարաջանովը 1945-ին ընդունւում է Մոսկւայի համամիութենական կինոինստիտուտի՝ ՎԳԻԿ-ի ռեժիսորական բաժին: Աւարտելուց յետոյ նա սկսում է աշխատել Կիեւի կինոստուդիայում: 

1959 թւականին Փարաջանովը Կիեւում նկարահանեց «Առաջին տղայ», իսկ 1961 թւականին՝ «Ուկրայինական ռապսոդիա» ֆիլմերը։ Նրա երրորդ ֆիլմը՝ «Ծաղիկ քարի վրայ»-ն, էկրան բարձրացաւ 1962 թւականին։ Այն բողոքներ առաջացրեց ուկրայինական կինեմատոգրաֆի շրջանակներում, որի արդիւնքում ֆիլմի վարձոյթը սահմանափակ էր․ բազմացւեց ֆիլմի` միայն 158 օրինակ, սակայն այն դիտեց 5 միլիոն հանդիսատես։ Տասը տարւայ ընթացքում Փարաջանովը նկարահանեց ընդամենը 4 ֆիլմ, որոնք ռեժիսորին յաջողութիւն չբերեցին։

Փարաջանովը համաշխարհային փառքի արժանացաւ 1964-ին նկարահանւած «Մոռացւած նախնիների ստւերները» ֆիլմից յետոյ։ Ֆիլմը դարձաւ նրա յաղթարշաւի սկիզբը՝ Փարաջանովի շուրջը ձեւաւորելով երկրպագուների ու նախանձողների մի մեծ բանակ։ «Մոռացւած նախնիների ստւերները» նկարւել է ուկրայինացի գրող Միխայիլ Կոցիւբինսկիի վիպակի հիման վրայ (օպերատոր՝ Իւրի Իլիենկօ): «Ստւերների» միջազգային ճանաչումից ու մրցանակներից յետոյ սկսւած նրա յաջորդ՝ «Կիեւեան որմնանկարներ» (1966) ֆիլմի նկարահանումները կասեցւեցին. պահպանւած 13 րոպէ տեւողութեամբ նիւթը մոնտաժւել է Կիեւեան կինոստուդիայում:

 

Գործունէութիւնը Հայաստանում

Հասկանալով, որ Կիեւում իրեն այլեւս չեն թողնի աշխատել, Փարաջանովը տեղափոխւեց  Երեւան՝ «Հայֆիլմ», որտեղ նկարահանեց «Յակոբ Յովնաթանեան» ֆիլմը, իսկ 1968 թւականին սկսեց «Նռան գոյնը» գեղարւեստական ֆիլմի նկարահանումները: Սուրէն Յասմիկեանի վկայութեամբ` սկզբում Փարաջանովը ցանկանում էր ֆիլմն անւանել «Աշխարհումս»: Պետկինոյի ղեկավարները թերահաւատօրէն ընդունեցին ֆիլմը եւ չհասկացան ռեժիսորի նորարական գաղափարները, այդ իսկ պատճառով ֆիլմը վարձոյթի դուրս եկաւ միայն 4 տարի անց՝ 1973 թւականին։ Այդ ժամանակ Փարաջանովը հրաժարւեց մոնտաժել ֆիլմը, եւ դա նրա փոխարէն կատարեց ռեժիսոր Սերգէյ Իւտկեւիչը: Այդ պատճառով գոյութիւն ունի ֆիլմի 2 տարբերակ՝ հեղինակային, որը գրեթէ ոչ ոք չի տեսել, այն գտնւում է «Հայֆիլմ»-ի արխիւում, եւ Իւտկեւիչի ֆիլմը, որը դուրս եկաւ վարձոյթ։ Սակայն այս տարբերակն էլ պաշտօնեաները վախենում էին տարածել լայնօրէն եւ բազմացրին միայն 143 օրինակով, որը դիտեց կէս միլիոնից աւելի հանդիսատես։ Ֆիլմը վարձոյթում մնաց մի քանի ամիս:

 

Փարաջանովի կալանաւորումը 

1974-ին Փարաջանովը «Հայֆիլմ»-ում սկսել էր մեծ հեքիաթագիր Անդերսէնին նւիրւած «Հրաշք Օդենսում» ֆիլմի աշխատանքները: Հէնց այդ ժամանակ նա Կիեւի մարզի դատարանի որոշմամբ ձերբակալւում եւ դատապարտւում է հինգ տարւայ ազատազրկման՝ մեղադրւելով արւամոլութեան մեջ (Ուկրայինայի ԽՍՀ քրէական օրէնսդրութեան յօդւած 122, մաս 1, 2): Փարաջանովը ազատազրկումն անցկացրել է ուկրայինական Վինիցա քաղաքի բանտում՝ աշխատելով որպէս արտադրամասի հաւաքարար։ Նրա սիրտը հիւանդ էր, նա շաքարախտ ունէր։ Մի անգամ նա կեֆիրի շշի կափարիչի վրայ մեխով փորագրել է Պուշկինի դիմանկարը. 10 տարի անց դա յայտնւել է Ֆեդերիկօ Ֆելինիի ձեռքում․ Ֆելինին այդ նմուշի օրինակով ձուլել է արծաթադրամ, որով մինչ օրս պարգեւատրում են Ռիմինիի փառատօնում ներկայացւած լաւագոյն ֆիլմերը։ Չորս տարի բանտում անցկացրած Փարաջանովին ազատ արձակեցին, երբ Խորհրդային Միութիւն այցելած ֆրանսիացի գրող Լուի Արագոնն անձամբ խնդրեց Բրեժնեւին: 

 

Անձնական կեանքը

ՎԳԻԿ-ում ուսանելու տարիներին Սերգէյը սիրահարւեց Նիգեարին՝ թաթար մի աղջկայ, որը ծնունդով Մոլդովայից էր։ Նրանք պատահական ծանօթացել էին հանրախանութում։ Մի քանի ամիս տեւած սիրավէպն աւարտւեց ամուսնութեամբ, սակայն նրանց երջանկութիւնը երկար չտեւեց։ Նիգեարը նահապետական հայեացքներ ունեցող ընտանիքից էր, որտեղ չափազանց խիստ նորմեր էին իշխում։ Երբ աղջկայ եղբայրները Մոսկւա եկան եւ իմացան, որ նա առանց հարազատներին տեղեակ պահելու ամուսնացել է, Փարաջանովից խոշոր գումար պահանջեցին։ Ուսանող Փարաջանովն այդքան գումար չունէր, սակայն խոստացաւ վճարել՝ յոյսը դնելով հօր օգնութեան վրայ։ Սակայն հայրը շատ էր վիրաւորւել որդուց այն բանի համար, որ նա արհամարհել էր ընտանեկան աւանդոյթը, չէր գնացել հօր մասնագիտական ուղիով, եւ մերժեց։ Աղջկայ հարազատները պահանջեցին նրանից հեռանալ ամուսնուց եւ վերադառնալ հայրենիք։ Նիգեարը հրաժարւեց, եւ հարազատները, համաձայն իրենց նահապետական բարքերի, նրան նետեցին գնացքի տակ։

 1950-ական թւականների կէսերին  Փարաջանովը Կիեւում ամուսնացաւ Սւետլանա Շչերբատիւկի հետ։ Ծնւեց նրանց որդին՝ Սուրէնը, որը մօր պէս շիկահեր էր եւ Փարաջանովին շատ քիչ էր նման։ Սերգէյին շատ դժւար էր ապրել ընտանիքում։ Նա անկանխատեսելի, տարօրինակ մարդ էր։ Երբ սկսւում էին Փարաջանովի խենթութիւնները, Թբիլիսիի հարեւաններն ասում էին․ «Խենթն ազատութեան մէջ է»։ Նա ստիպում էր կնոջը եւս մասնակցել իր խենթութիւններին․ պահանջում էր, որ խնձորները մաքրւեն իւրայատուկ ձեւով, կոտլետներն ափսէի մէջ դրւեն իւրայատուկ ձեւով, բաժակը սեղանին դրւի իւրայատուկ ձեւով։ Սւետլանա Շչերբատիւկն այդպէս էլ չկարողացաւ համակերպւել ամուսնու խենթութիւններին եւ 1961 թւականին, վերցնելով որդուն, հեռացաւ տնից։

Փարաջանովի երկրորդ կինը պատմում է, որ իրենց առաջին հանդիպումը կայացել է օպերայում. «Ես սովորում էի 10-րդ դասարանում եւ շատ էի սիրում բալետը։ Թատրոն էի եկել «Դոն Քիշոտ» ներկայացման պրեմիերային, հանդիպեցի կովկասեան արտաքինով երիտասարդի, որը երկու կանանց հետ էր. նրանցից մէկին ես ճանաչում էի։ Ես բարեւեցի, եւ Փարաջանովն օգտւեց դրանից, որպէսզի ծանօթանայ ինձ հետ։ Նա ինձ առաջարկեց տուն ուղեկցել եւ հարցրեց, թէ քանի տարեկան եմ։ Ես պատասխանեցի` 16: «Ինչ սարսափելի է»,- արձագանգեց նա։ «Ինչո՞ւ»,- հարցրի ես: «Որովհետեւ ես 30 տարեկան եմ»,- պատասխանեց Փարաջանովը։ Նա հարցնում էր, թէ ինչ գրքեր եմ սիրում, որ դերասանները եւ գրողներն են ինձ դուր գալիս… Նա գրեց իմ համարն ու խոստացաւ անպայման զանգահարել։ Ես շատ տպաւորւած էի մեր հանդիպումից, բայց ինձ ոչ ոք չզանգեց։ Քիչ-քիչ սկսեցի մոռանալ նրան։ Եւ յանկարծ իմ ծննդեան նախօրէին Սերգէյը մեր տուն եկաւ, ու մենք սկսեցինք հանդիպել։ Որպէս այդպիսին` հարսանիք չենք ունեցել։ Մենք թաքուն գրանցեցինք մեր ամուսնութիւնը. ծնողներս իմ երիտասարդ տարիքի պատճառով համաձայնութիւն չտւեցին, խնդրեցին սպասել երկու տարի»: 

Փարաջանովի կեանքում մեծ դեր է ունեցել  ռուս պոէտ Վլադիմիր Մայակովսկու մուսան` Լիլիա Բրիկը։ Բրիկը սիրահարւած էր Փարաջանովին, սակայն վերջինս չէր կարող պատասխանել նրա սիրուն բանտարկութիւնների պատճառով։ Լիլիայի ջանքերի շնորհիւ չորս տարի անց Փարաջանովին ազատ են արձակում։ Բրիկը երկար էր սպասել այդ պահին եւ պատրաստւել սիրելիի հետ հանդիպմանը. նա եօթ զգեստ էր պատւիրել, սակայն դրանք ցուցադրելու հնարաւորութիւն այդպես էլ չունեցաւ։

Սերգէյը Լիլիայի մօտ ժամանեց ընդամենը մի քանի օրով, որպէսզի ընդմիշտ հրաժեշտ տայ։ Դրանից յետոյ Փարաջանովը բազմիցս նամակներ է ուղարկում նրան, որոնցում խնդրում է ներել իրեն, սակայն Լիլիայի համար դրանք այդպէս էլ նշանակութիւն չունեցան: Միայն կեանքի վերջում Լիլիա Բրիկը խոստովանեց, որ Փարաջանովն իր կեանքի վերջին ու մեծ սէրն էր: 

 

Կեանքի վերջին տարիները

1980-ին ֆրանսիական «Le Monde» թերթին տւած հարցազրոյցում Փարաջանովն անկեղծացել էր.«Այժմ ես ազատ եմ, սակայն ինձ ապահով չեմ զգում: Ապրում եմ յաւէրժ վախի մէջ՝ վախենում եմ դուրս գալ տնից, վախենում եմ, որ ինձ կառեւանգեն, կայրեն բանտի նկարներս: Այստեղ բոլորը պէտք է ունենան գրանցում եւ աշխատանք: Սակայն ինձ աշխատանքի չեն վերցնում: Առաջարկում եմ սցենարներս: «Հայֆիլմ»-ը ցանկանում էր ֆիլմ նկարահանել սցենարներից մէկի հիման վրայ, սակայն ղեկավարութիւնը ընդդիմացաւ: Ինձ կարող են ձերբակալել ցանկացած ժամանակ, քանի որ ոչ մի տեղ չեմ աշխատում: Ես գոյութիւն ունենալու իրաւունք չունեմ, ես օրէնքից դուրս եմ: Բանտում կեանքս գոնէ որոշ իմաստ ունէր, այն իրականութիւն էր, որն անհրաժեշտ էր յաղթահարել: Այժմեան կեանքս անիմաստ է: Ես չեմ վախենում մահից, բայց այս կեանքս աւելի վատ է, քան մահը: Թակել եմ բոլոր դռները: Ինձ ցանկանում էին օգնել Հայաստանում: Սակայն ամէն անգամ, երբ ես պէտք է հանդիպէի նախարարի հետ, նա արձակուրդում էր լինում: Ինձ արգելել են ցանկացած գործունէութիւն ծաւալել: Պէտք է հապճեպ հեռանամ այստեղից»:

Թէպէտ ազատութեան մէջ յայտնւած Փարաջանովին արգելում էին նկարահանել ֆիլմեր, սակայն նա գրեց շուրջ 20 սցենար։

Կեանքի վերջին տարիներին նա նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անաւարտ մնաց եւ յետագայում օգտագործւեց Միքայէլ Վարդանովի «Փարաջանով. Վերջին գարուն» (1992) վաւերագրական ֆիլմում։

Փարաջանովը մահացել է քաղցկեղից 1990-ի յուլիսին Երեւանում: 2010 թ. Հոլիվուդում ստեղծւեց Փարաջանով-Վարդանով ինստիտուտը` վարպետի ստեղծագործութիւնները ուսումնասիրելու նպատակով:

 

Երեւանում Փարաջանովի թանգարանը

Երեւանում Փարաջանովի թանգարանը հիմնադրւել է 1988-ին Հայաստանի ժողովրդական արւեստի պետական թանգարանում կազմակերպւած` Հայրենիքում Ս. Փարաջանովի գործերի առաջին ցուցահանդէսից յետոյ: Հաւաքածուի մի մասը ցուցահանդէսից յետոյ 40 հազար ռուբլիով գնւել է, իսկ միւս մասը Փարաջանովն է նւիրել իր թանգարանին:

Նոյն թւականին «Ձորագիւղ» ազգագրական թաղամասում Փարաջանովին յատկացւեց երկու կից կառոյց` բնակութեան եւ թանգարանի համար: 1988-ի երկրաշարժի պատճառով Հայաստանում շինարարական աշխատանքները միառժամանակ դադարեցւեցին, ինչի պատճառով թանգարանը բացւեց միայն 1991-ին:

Թանգարանի հիմնական հաւաքածուն բաղկացած է Փարաջանովի մօտ 600 աշխատանքից. գծանկարներ, ֆիլմերի համար արւած էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, որոնցից շատերը ցուցադրւել են Երեւանում Ժողովրդական արւեստ թանգարանում 1988 եւ 1989 թթ., ինչպէս նաեւ կենդանութեան օրօք նրա կամքով Երեւան տեղափոխւած թիֆլիսեան տան կահ-կարասին եւ անձնական իրերը: 

Ի դէպ, Փարաջանովին նւիրւած մի տասնեակից աւելի ֆիլմեր են նկարահանւել: Վերջին ֆիլմը Սերժ Աւեդիկեանի «Փարաջանով» ֆիլմն էր, որը 2014-ին ցուցադրւեց երեւանեան «Ոսկէ ծիրան» կինոփառատօնի ժամանակ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։