Հա

Մշակոյթ

17/01/2019 - 08:20

Մերի Աննա Օստերգարդ. Նորայայտ նիւթեր ՀՑԹԻ ֆոնդերում

Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ հիմնադրամի հաւաքածուն բոլորովին վերջերս համալրւել է թանգարանային բացառիկ արժեքներկայացնող նորայայտ միաւորներով, որոնք մեզ նւիրաբերել է յունաստանաբնակ Սարգիս Քեշիշօղլուն:

«alikonline.ir» - Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ հիմնադրամի հաւաքածուն բոլորովին վերջերս համալրւել է թանգարանային բացառիկ արժեքներկայացնող նորայայտ միաւորներով, որոնք մեզ նւիրաբերել է յունաստանաբնակ Սարգիս Քեշիշօղլուն: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

Նւիրաբերւած իրերը (լուսանկարներ, անձնական գրքեր եւ իրեր) վերաբերում են դանիացի միսիոներուհի Մերի Աննա Օստերգարդին (Mary Anna Østergaard), ով 1927 թւականից գործունէութիւն է ծաւալել Հունաստանում՝ մեծապէս նպաստելով Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ այնտեղ ապաստանած հայ գաղթականների տեղաւորմանը եւ խնամքի կազմակերպմանը։

Օսմանեան կայսրութիւնից Յունաստան գնացած հայ գաղթականների ճշգրիտ թիւը դժւար է ասել, նախ՝ վիճակագրական տւեալների բացակայութեան եւ երկրորդ՝ գաղթականութեան անընդհատ շարժի պատճառով:

Գաղթականների մէջ մեծ թիւ են կազմել որբերը: Ըստ Պետրոս Կոկինոսի «Յունահայ գաղութի պատմութիւնից» գրքի՝ Յունաստանում գտնւել են 17520 որբեր՝ տեղաբաշխւած հետեւեալ որբանոցներում՝ Ետոպոսի որբանոցում 7500 հոգի, Լուտրաքիայում՝ 3300, Կորֆուում՝ 2720, Օրոպոսում՝ 2000, Զափիոնում՝ 2000: Հետագայում այդ թիւը աճել է եւ հասել 20000-ի:

Մ. Ա. Օստերգարդի մասին, ցաւօք, տւեալներ շատ չկան: Յայտնի է, որ ծնւել է 1897 թւականին Դանիայում: 1927 թւականից հաստատւել է Աթենքում: Եղել է դանիական խնամատարական կենտրոնի տնօրէնը, որը գործել է մինչեւ 1961 թւականը: Մերի Աննա Օստերգարդը կենտրոնի փակւելուց յետոյ էլ շարունակել է իր առաքելութիւնը Յունաստանում:

Նրա ջանքերով Աթենքում հիմնւել է «Քրիստոնէական խնամքի կենտրոն», որտեղ իզմիրցի Սրբուհի Յովսէփեանի եւ յույն Էւդիքեա Հիոնիդուի հետ միասին զբաղւել է հիւանդների եւ ծերունիների խնամքով:

Արդէն պատկառելի տարիքում, հարազատների յորդորով 1987 թւականին յետ է վերադարձել Դանիա, որտեղ էլ մի քանի տարի անց կնքել է իր մահկանացուն: Փայլուն տիրապետել է հայերէնին:

Ծաւալած գործունէութեան համար 1955 թւականին արժանացել է դանիական թագաւորական շքանշանի, եղել է «Դանիացի քոյրերի միութեան» անդամ (դանիերէն՝ Dansk Sygeplejeråd (DSR), անգլերէն համարժէքը՝ Danish Nurses’ Organization (DNO), հիմնադրւել է 1899 թ. Կոպենհագենում եւ գործում է ցայսօր):

Նւիրաբերւած հաւաքածուում տեղ են գտել նաեւ Մ. Ա. Օստերգարդին մեծապէս օժանդակած Սրբուհի Յովսէփեանին եւ Էւդիքեա Հիոնիդուին վերաբերող նիւթեր:

Նւիրատու Սարգիս Քեշիշօղլուն անձամբ ճանաչել է Մերի Աննա Օստերգարդին, Սրբուհի Յովսէփեանին եւ Էւդիքեա Հիոնիդուին, նրանց հետ գործակցել է սկսած 70-ական թթ. վերջերից:

Ցանկացած նւիրատւութիւն, որ կարող է Հայոց Ցեղասպանութեան պատմութեան ուսումնասիրման համար բացել նոր էջեր, չափազանց կարեւոր է: «Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը երախտապարտ է նման կարեւոր արխիւային նիւթերի նւիրատւութեան համար, դրանք կուսումնասիրւեն եւ իրենց արժանի տեղը կը գտնեն եւ մշտական, եւ ժամանակաւոր ցուցադրութիւնների մէջ, ինչպէս նաեւ հանրայնացւելով՝ կանմահանան:

http://www.genocide-museum.am/arm/12.02.2019-%C3%98stergaard.php

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։