Հա

Մշակոյթ

19/01/2019 - 13:30

Անահիտ տիկնիկի շնորհանդէսը՝ Փերիոյ գաւառի 70-ամեայ տարազի փայլով

Իրանի Տիկնիկների ազգային թանգարանում կանգնեցւեց գաւառական տարազով իրանահայ կնոջ կերպարը:

Հինգշաբթի, յունւարի 17-ի երեկոյեան, Իրանի Տիկնիկների ազգային թանգարանում հանդիսաւոր կերպով տեղի ունեցաւ «Իրանահայ կնոջ» տարազով տիկնիկի շնորհանդէսը: Տիկնիկը պատրաստւել է Թենի Յակոբեանի ջանքերով ու հետեւողական աշխատանքներով:

«Իրանահայ կնոջ» կերպարով տիկնիկ՝ Իրանի Տիկնիկների ազգային թանգարանում

 

«ԱԼԻՔ» - Իրանի Տիկնիկների ազգային թանգարանում կանգնեցւեց գաւառական տարազով իրանահայ կնոջ կերպարը:

Հինգշաբթի, յունւարի 17-ի երեկոյեան, Իրանի Տիկնիկների ազգային թանգարանում հանդիսաւոր կերպով տեղի ունեցաւ «Իրանահայ կնոջ» տարազով տիկնիկի շնորհանդէսը: Տիկնիկը պատրաստւել է Թենի Յակոբեանի ջանքերով ու հետեւողական աշխատանքներով:

Թենի Յակոբեանը պատասխանելով «Ալիք»-ի հարցերին նշեց, որ Իրանի Տիկնիկների ազգային թանգարանում «Իրանահայ կնոջ» կերպար ունենալու գաղափարը ծագել է, երբ ամիսներ առաջ ինքը այցելել է թանգարան: «Մի քանի ամիս պահանջւեց, որպէսզի համադրութիւնների ու տարազի ձեռքբերման աշխատանքներն իրականացւեն: Այս գործում մեծ է եղել «Արտակ Մանուկեան»-ի թանգարանի համագործակցութիւնն ու ներդրումը: Հետաքրքրւած եմ մեր ազգային տիկնիկների պատմութեամբ ու պատրաստման եղանակներով. «Իրանահայ կնոջ» տիկնիկի հետ միասին ցուցադրման է ներկայացւել իմ պատրաստած տիկնիկներից եւս եօթը, որոնք ներկայացնում են մեր ազգային մշակոյթից մի հատւած»,- նշում է մասնագիտութեամբ երաժիշտ տիկնիկագործը:

«Արտակ Մանուկեան» թանգարանի տնօրէն Ալիս Շահմուրադեանը նշեց, որ «Հայ կնոջ» կերպարը ներկայացնող տիկնիկի տարազը նւիրել է տկն. Լուսաբեր Մարկոսեանը, որի համար շնորհակալ ենք բոլորս: Տարազն ունի պատմական արժէք, քանի որ այն ի տարբերութիւն թանգարանում ցուցադրւող այլ տիկնիկների, որոնք պատրաստւել են օրիգինալ օրինակների վերարտադրմամբ՝ 70 տարեկան տարազ է, եւ ներկայացնում է Փերիոյ գաւառի կնոջ զգեստ,- նշեց նա:

Իրանի Ազգային տիկնիկների թանգարանի տնօրէն պրն. Հոսէյնին յայտնելով իր երախտագիտութիւնը նախաձեռնութիւնն իրականացնողներին նշեց, որ Իրանի արւեստն ու մշակոյթը մեծապէս ազդւել եւ դեռ շարունակում է ազդւել իրանահայերի շնչից ու առաջադէմ հայեացքներից: «Որտեղ լսում ես հայի անուն, այնտեղ էլ սկսում ես քեզ լաւ զգալ ու սպասել որեւէ լաւ իրադարձութեան»,-նշեց նա:

Ծրագրրի ընթացքում Թենի Յակոբեանը հպանցիկ կերպով լսարանին ներկայացրեց Հայ մշակոյթն ու Հայաստան աշխարհի անցած պատմութիւնը, հայկական խոհանոցի իւրայատկութիւններն ու աւանդոյթը, եւ այն արտայայտող պատմական նշանակութեամբ տիկնիկների նմուշները:

Շնորհանդէսի գեղարւեստական շունչը վստահւած էր պատանի քնարահար՝ Գայիանէ Ազնաւուրեանին: Ծրագիրը եզրափակւեց պատմասանի կատարմամբ Անահիտ պատմւածքը ներկայացնելով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։