Հա

Մշակոյթ

20/01/2019 - 10:20

«Հայ ժողովրդական հեքիաթներ» ժողովածուն ներկայացւել է ընթերցողներին

«Հայ ժողովրդական հեքիաթներ» եռահատոր ժողովածուի առաջին գիրքը դրւել է ընթերցողի սեղանին: Եռահատոր ժողովածուն ընդգրկում է «Հայ ժողովրդական հեքիաթների» ակադեմիական տասնութ հատորներից եւ «Ղարադաղի հայերը. բանահիւսութիւն» հեքիաթների ժողովածուից ընտրւած հեքիաթներ:

«alikonline.ir» - «Հայ ժողովրդական հեքիաթներ» եռահատոր ժողովածուի առաջին գիրքը դրւել է ընթերցողի սեղանին: Եռահատոր ժողովածուն ընդգրկում է «Հայ ժողովրդական հեքիաթների» ակադեմիական տասնութ հատորներից եւ «Ղարադաղի հայերը. բանահիւսութիւն» հեքիաթների ժողովածուից ընտրւած հեքիաթներ:

Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչութիւնը, որտեղից յայտնում են, որ լայն հասարակութեանն աւելի մատչելի դարձնելու համար դրանք տարբեր բարբառներից (Վան-Վասպուրական, Տուրուբերան-Մուշ, Արցախ, Ղարադաղ, Մոկս, Լոռի եւ այլն) փոխադրւել են գրական հայերէնի՝ որոշ չափով պահպանելով ժողովրդական բառուբանը եւ հաւատարիմ մնալով բնագրին: Հատորներում ընդգրկւած մի քանի հեքիաթներ կազմւել են միեւնոյն հեքիաթի տարբերակներից՝ որպէս համահաւաք: Այս մասին տեղեկացնում է «Panorama.am»-ը:

Երեքհատորեակը կազմած Նազելի Կարապետեանը շուրջ 5 տարի աշխատել է՝ ուսումնասիրելով առաւել քան 2000 հայկական ժողովրդական հեքիաթ եւ դրանց հետ կապւած մի շարք հետազօտութիւններ:

«Հայ ժողովրդական հեքիաթները մեր ինքնութեան անբաժանելի մասն են եւ մեծ դեր են խաղում ազգային ինքնաճանաչողութեան հարցում: Դրանք իրենց մէջ խտացնում են հայ ժողովրդի՝ հազարամեակների ընթացքում կուտակած իմաստութիւնը, կենսափիլիսոփայութիւնը, տիեզերքի մասին հնագոյն պատկերացումները, հումորը, սովորոյթները: Պարունակում են պատմական, ազգագրական արժէքաւոր նիւթ, որը կարող է ընթերցողի համար իւրօրինակ բացայայտումների առիթ դառնալ: Այս հեքիաթները գալիս են հազարամեակների խորքից եւ իրենց մէջ կրող ճշմարտութիւնները միշտ արդիական են ու անփոփոխ»,- նշել է Նազելի Կարապետեանը:

Հրատարակչութիւնից յայտնում են, որ առաջիկայում հանրութեանը կը ներկայացւեն նաեւ ժողովածուի երկրորդ եւ երրորդ հատորները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։