Հա

Մշակոյթ

26/01/2019 - 09:30

Հնագէտ. «Քաշաթաղի շրջանում յայտնաբերւել է 14-18-րդ դարերի ամրոց»

«Google Earth» ծրագրի տիեզերական լուսանկարները զննելու արդիւնքում Քաշաթաղի շրջանի Քարոտան գիւղի հարաւային մասում՝ Որոտան ու Հակարի գետերի միախառնման կէտում, վերջերս յայտնաբերւել է 14-18-րդ դարերի ամրոց:

«alikonline.ir» - «Google Earth» ծրագրի տիեզերական լուսանկարները զննելու արդիւնքում Քաշաթաղի շրջանի Քարոտան գիւղի հարաւային մասում՝ Որոտան ու Հակարի գետերի միախառնման կէտում, վերջերս յայտնաբերւել է 14-18-րդ դարերի ամրոց: 

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրոյցում ասել է հնագէտ Գագիկ Սարգսեանը՝ նշելով, որ ամրոցը զբաղեցնում է երկու գետերի մակարդակից մօտ 20 մ. բարձրութեամբ հիւսիս-հարաւ ձգւող բլրի էլիպսաձեւ, ձեռակերտ  հարթեցւած գագաթնամասը:

«Կառոյցը պաշտպանւած է շրջապարսպով, որի ներփակ տարածքի առաւելագոյն երկարութիւնը  107 մ. է, լայնութիւնը՝ 36 մ., ինչը կազմում է 3680 քառ/մ.: Պարսպապատերի ընդհանուր երկարութիունը 278 մ. է: Պարիսպները կառուցւած են միջին չափերի ճեղքած մոխրագոյն աւազաքարից եւ գետաբերաններից բերւած գլաքարերից կապակցւած ամուր կրաշաղախով: Այսօր գետնի մակերեսին երեւում է միայն 1.5-2.2 մ. լայնութեամբ պարսպապատի հիմնամասերի ուրւագիծը: Նկատւում է նաեւ, որ շրջապարիսպը ուժեղացւած է եղել ոչ համաչափ դասաւորւած փոքր, ուղղանկիւն որմնահեծերով: Ամրոցի ներսի տարածքը հիմնականում հարթ է ու դատարկ: Կառուցապատման հետքեր նկատւում են միայն հարաւային կողմում՝ այն էլ հատւածաբար ուրւագծւող հիմնապատերի տեսքով»,- աւելացրել է հնագէտը:

Ըստ Գ. Սարգսեանի՝ ուշագրաւ է ամրոցի գլխաւոր մուտքի կառուցւածքը: Մուտքի արեւելեան աշտարակը չափերով արտաքինից հնգանիստ զանգւած է, որի պահպանւած ստորին մասը միաձոյլ է: Ամենայն հաւանականութեամբ նրա վերեւի հատւածն ունեցել է սնամէջ ծաւալ: Ճիշտ նմանատիպ մի  աշտարակ էլ կանգնեցւած է ամրոցի հարաւ-արեւմտեան անկիւնում:

«Երկու աշտարակներից բացի երեւացող հիմնապատերից պահպանւել են նաեւ ցոկոլային մասի 1.5-2 մ. բարձրութեամբ զանգւածները: Վերջիններս գլխիվայր ընկած են իրենց իսկ հիմքերի դիմաց: Ընկած զանգւածների դիրքն ակնյայտօրէն վկայում է, որ այս երկու աշտարակները ժամանակին պայթեցւել են: Ամրոցի կրաշաղախով կառուցւած պարիսպների աւերւածութեան աստիճանը թոյլ է տալիս մտածելու, որ նրա կործանման մէջ առկայ է նաև մարդկային գործօնը: Բլրի լանջերին կառուցապատման ցայտուն հետքեր չեն պահպանւել: Ամրոցի արեւելքում հիմնական պարսպագծի տակ փորւած պաշտպանական խրամատը, ըստ ամենայնի, Արցախեան ազատագրական պատերազմի  հետեւանք է»,- մանրամասնել է հնագէտը եւ յաւելել, որ յուշարձանի տարածքը հարուստ է վերգետնեայ խեցեղէնով: Ճարտարապետական մանրամասների եւ վերգետնեայ խեցեղէնի վերլուծութեան հիման վրայ յուշարձանը թւագրւում է 14-18-րդ դարերին: 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։