Հա

Մշակոյթ

03/02/2019 - 13:00

Մեր ազգային օրհներգը

Յունւարի 29-ին լրացաւ Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի մահւան 100-րդ տարելիցը: Մարդ, ով խորհրդանշում է հայոց պետականութեան վերակերտումը, դարաւոր նիրհից մեր արթնացումը, մեր նւիրումն ազգ-հայրենիք գաղափարին: Արամը պետական գործչի իսկական կերպար է, պետականութեան գաղափարի անձնազոհ նւիրեալ ու գաղափարի մարտիկ: Նոյն օրը, զարմանալի զուգադիպութեամբ, երբ շատերը խնկարկում էին Արամի յիշատակը, համացանցում տարածում գտաւ Հայաստանի Հանրապետութեան պետական օրհներգը փոխելու թեման...

 

ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉԵԱՆ

 

Յունւարի 29-ին լրացաւ Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի մահւան 100-րդ տարելիցը: Մարդ, ով խորհրդանշում է հայոց պետականութեան վերակերտումը, դարաւոր նիրհից մեր արթնացումը, մեր նւիրումն ազգ-հայրենիք գաղափարին: Արամը պետական գործչի իսկական կերպար է, պետականութեան գաղափարի անձնազոհ նւիրեալ ու գաղափարի մարտիկ: Նոյն օրը, զարմանալի զուգադիպութեամբ, երբ շատերը խնկարկում էին Արամի յիշատակը, համացանցում տարածում գտաւ Հայաստանի Հանրապետութեան պետական օրհներգը փոխելու թեման... Այն օրհներգը, որն Արամի ու Արամի նման մեծազօր այրերի ստեղծած պետութեան՝ Հայաստանի Առաջին Հանրապետութեան օրհներգ հռչակւեց 100 տարի առաջ… Այս առումով մեր պետութեան գլխաւոր խորհրդանիշերից մէկը՝ պետութեան հիմնը, անշեղօրէն կապւած է «Հայաստանի անկախ պետականութիւն» գաղափարի հետ: Պատահական չէր, որ 1991 թ., երբ հռչակւեց անկախ Հայաստանը Առաջին Հանրապետութեան խորհրդանիշերն ընդունւեցին ու դարձան նաեւ Հայաստանի Երրորդ Հանրապետութեան խորհրդանիշեր՝ ցոյց տալով գաղափարական այն ամուր կապը, որ գոյութիւն ունի Հայաստանի երկու հանրապետութիւնների միջեւ:

ՀՀ օրհներգը, սովորական երգ չէ, այն անցել է փառաւոր ու հերոսական ճանապարհ եւ որպէս օրհներգ օծւել ու, միեւնոյն ժամանակ, օրհնել է մեզ… Այն ընդունւել է ժողովրդի կողմից, ինքնաբուխ ու սրտանց… Նրան չի քւէարկել որեւէ խորհրդարան, այն հիմն է դարձրել ժողովուրդը՝ իր ազատագրական պայքարի վերելքի, իր հերոսական մարտնչումների օրերին երգելով, այդ երգի տակ մարտեր շահելով… Որեւէ մէկը չէր հրահանգել 1918 թ. օգոստոսի 1-ին, ՀՀ Խորհրդի անդրանիկ նիստի բացմանը, խորհրդարանի շէնքի առաջ հաւաքաւած մարդկանց ու նւագախմբին երգել այն: Նրանք երգեցին «Մեր հայրենիք», որովհետեւ թէ Վանի հերոսամարտ տեսած վանեցի գաղթականը, թէ Սարդարապատում մարտնչած արեւելահայ ռազմիկը այս երգի հնչիւնների տակ էր կերտել ազատ Հայաստան, կռւել այն գիտակցումով, որ «Ամենայն տեղ մահը մի է, մարդ մի անգամ պիտ մեռնի, բայց երանի, որ իւր ազգի ազատութեան կը զոհւի…»:

Իսկ հիմա, դեռ երէկ իշխանութեան եկած, այսպէս ասած՝ «տակաւին պատանի» մեր խորհրդարանի փոխխօսնակը, առաջարկում է փոխել ՀՀ Ազգային օրհներգը, այլ կերպ ասած՝ առաջարկում է խզել կապը մեր հերոսական անցեալի հետ, այն անցեալի, որի ուղղակի ծնունդն ու շարունակութիւնն է «Մեր հայրենիք»-ը, նրա վերելքների ու վերջնական նպատակի՝ ազգային պետականութեան կերտման խորհրդանիշը: Պատմութիւն չիմացողների համար խօսենք փաստերով.

Դեռեւս 19-րդ դարի երկրոդ կէսին, երբ հայ ժողովրդի մէջ սկսել էլ վերելք ապրել ազատագրութեան գաղափարը, ազգային, ոչ պաշտօնական օրհներգ էր դարձել Միքայէլ Նալբանդեանի «Իտալացի աղջկայ երգը» բանաստեղծութեան բառերով ստեղծւած երգը: Բանաստեղծութիւնն առաջին անգամ տպագրւել է Ստեփանոս Նազարեանի «Հիւսիսափայլ» հանդէսում 1861 թ. «Իտալացի աղջկայ երգ 1859 թւականից» վերնագրով:

Նալբանդեանը անւանեց բանաստեղծութիւնը «Իտալացի աղջկայ երգ», որովհետեւ այդ հերոսական երգը կարող էր յաղթահարել եւ ժամանակը, եւ տարածութիւնը, վարդանանց ոգին արթնացնել հայի մէջ, յիշեցնել, որ վարդանանք չհանդուրժեցին օտարի լուծը՝ գերադասելով իմացեալ մահը ծնկաչոք ապրելուց: Այնպէս որ, «Իտալացի աղջկայ երգը» բանաստեղծութեան մէջ Նալբանդեանը պատկերում է իտալական իրականութիւնը, Գարիբալդիի եւ Մաձինիի ղեկավարած ազատագրական պայքարը աւստրիական բռնութեան դէմ, բայց նա 19-րդ դարից կամուրջ է նետում 5-րդ դար, տեսնում այն ընդհանրութիւններն ու տարբերութիւնները, որ ունէին հայ եւ իտալացի կանայք.

«Սորա կէսը, կէսի կէսը,

Գեթ երեւեր մեր ազգում,

Բայց մեր կանայք…ո՜ւր Եղիշէ,

Ո՜ւր մեր «տիկնայք փափկասունք:»

Թէ երբ է այս բանաստեղծութիւնը վերածւել երգի, եւ ով է երաժշտութեան հեղինակը, պատմական փաստերն այդ մասին լռում են: Սակայն անհերքելի է, որ այս գործը շատ արագ սիրւում է ժողովրդի կողմից եւ հնչում ամենուր: Ըստ առայժմ յայտնի տւեալների՝ այդ ստեղծագործութեան խմբերգային առաջին կատարումը հայ հասարակութեանը ներկայացրել է Քրիստափոր Կարա-Մուրզան 1885 թ. Թիֆլիսում Արծրունու թատերասրահում կայացած համերգի ժամանակ: Ի դէպ  այդ բացառիկ համերգը բացւել է հէնց «Մեր հայրենիք»-ի կատարմամբ, որի երաժշտութեան հեղինակը ցուցապաստառում նշւած չէ: Հարկ է նշել, որ այդ օրը ոչ միայն «Մեր հայրենիք»-ն է առաջին անգամ հնչում խմբերգային կատարմամբ, այլեւ հայ իրականութեան մէջ առաջին անգամ հանդէս է գալիս քառաձայն երգչախումբ, որը հիմնադրել էր Կարա-Մուրզան: Կարելի է ասել՝ այդ պահից սկսւում է «Մեր հայրենիք»-ի յաղթարշաւը:

Թիֆլիսեան շնորհանդէսից յետոյ Կարա-Մուրզայի երգչախումբը շրջագայում է Կովկասում ու Ղրիմում, համերգ տալիս Կոստանդնուպոլսում. երգը յայտնի է դառնում բոլոր հայկական համայնքներում: Շուտով, առաջին բառերից ելնելով, այն սկսում են կոչել «Մեր Հայրենիք». հէնց այս անւամբ է այն առաջին անգամ կատարւել Փարիզում՝ 1916-ի ապրիլի 9-ին Սորբոնի հանրայայտ Մեծ թատերասրահում կազմակերպւած «Յարգանք Հայաստանին» վերնագիրը կրող միջոցառմանը: 

«Մեր հայրենիք» երգն սկսում են ընդգրկել այդ ժամանակ հրատարակւող գրեթէ բոլոր հայկական երգարաններում: Շատ տեղերում այն ներկայացւած է Կոմիտասի աշակերտ, տաղանդաշատ կոմպոզիտոր Բարսէղ Կանաչեանի մշակմամբ, որը քիչ է տարբերւում Կարա Մուրզայի ներկայացրած տարբերակից: «Մեր հայրենիք»-ի թեմայով բաւականին խորը ուսումնասիրութիւն է կատարել եւ իր «Կարա-Մուրզա» գրքում զետեղել սփիւռքահայ նշանաւոր երաժշտագէտ Գրիգոր Փիտեճեանը: Նա իր գրքում նաեւ հերքում է այն թիւր կարծիքը, թէ այս ստեղծագործութիւնը վերցւած է ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Գլազունովի «Ռայմոնդա» բալետից, ինչը ոչ պակաս տարածւած տեսակէտ է մեր իրականութեան մէջ: Մէջբերենք նրա տողերը. «Ալեքսանդր Գլազունովը «Ռայմոնդա» բալետը յօրինեց 1896-1897 թթ.-ին եւ այն հրապարակեց ու կատարեց 1898 թ.: Ուրեմն, նկատի առնելով, որ այս յօրինումից շատ առաջ, Կարա Մուրզան արդէն իսկ 1883 թ. մշակել էր այդ եղանակով «Իտալացի աղջկայ երգը»՝ «Մեր հայրենիք»-ը, կարող ենք յստակ կերպով ասել, որ այդ եղանակի հեղինակը Գլազունովը չէ, այն միայն օգտագործել է դա» /Գրիգոր Փիտեճեան, «Քրիստափոր Կարա-Մուրզա», Երեւան, 2013 թ., էջ 60/:

Համադրելով ձեռքի տակ եղած փաստերն ու տւեալները՝ Փիտեճեանը եզրակացնում է, որ Գլազունով ինչ-որ աղբիւրներից կամ հայ ծանօթներից կարող էր լսել այս ստեղծագործութիւնը եւ հաղորդելով նրան պարային ռիթմ, տեղադրեր իր բալետի մէջ: Որպէս օրինակ նա բերում է նոյն Գլազունովի ընկեր, կոմպոզիտոր Իպոլիտով Իւանովի «Կովկասեան պատկերներ» գործը, ուր տեղ է գտել նաեւ Տիգրան Չուխաճեանի «Արեւն ելաւ Զէյթունցիներ երգը»:  Այսպիսով Փիտեճեանը մինագամայն հերքում է «Մեր հայրենիք»-ի երաժշտութեան հետ  Գլազունովի առնչութիւնը որպէս հեղինակ:

Օրհներգը փոխելու ջատագով Ալէն Սիմոնեանը այսօր պնդում է, թէ այն ունի բալկանեան ծագում եւ այլն: Իհարկէ, բարձրաստիճան պաշտօնեան միայն ասում է ու չի կարող դա ապացուցել, թէեւ այստեղ դա այնքան էլ կարեւոր չէ: Մեր հիմնի /ինչպէս նաեւ այլ երկրների/ դէպքում կարեւորը նրա անցած ազգային ուղին է, նրա՝ մեր ազատագրական պայքարի ու պետականութեան պատմութեան հետ ունեցած անշեղ կապն ու այն առարկելի փաստը, որ, իսկապէս, «Մեր հայրենիք»-ը եղել է ու կայ որպէս մեր անկախ պետականութեան խորհրդանիշ: Գուցէ այն հեղինակել է կամ մշակել է Կարա Մուրզան, մշակումներից մէկը, որը հնչում է այսօր որպէս հիմն,պատկանում է Բարսէղ Կանաչեանին… Գուցէ Արամ Խաչատրեանի Սովետական Հայաստանի հիմնը աւելի երաժշտական է, բայց սա չէ հարցը… Հարցի արժէքն այս երգի խորհրդի մէջ է, նրա ազգային խորհրդանիշ լինելու էութեան մէջ: Իսկ որ «Մեր հայրենիք»-ը մեզ ոգի ու ուժ է տւել դեռ մինչեւ պետականութեան կերտում ու իրապէս դարձել է ազգային օրհներգ, յաղթութեան փառերգ, կան բազում փաստեր: Օրինակ, կան վկայութիւններ այն մասին, որ այն հնչել է Օսմանեան կայսրութեան դէմ բարձրացւած Զէյթունի 1895 թ. ապստամբութեան ժամանակ: Անհերքելի է, որ այս ստեղծագործութիւնը ոգեշնչում էր 1915 թ. Վանի ու Շապին Գարահիսարի հերոսական ինքնապաշտպանութեան մասնակիցներին, իսկ, ինչպէս վկայում է ականատեսը, Ուրֆայի կռիւների ոգեկոչող ու հրամանատար Մկրտիչ Եօթնեղբայրեանի վերջին բառերն էին՝ «Ամենեան տեղ մահը մի է, մարդ մէկ անգամ կը զոհւի...»: «Մեր հայրենիքը» հնչում էր նաեւ 1918 թ. մայիսին, երբ հայ ժողովուրդը մղում էր իր պետականութեան ծնունդ հանդիսացող Մայիսեան հերոսամարտերը:  Ուստի բնաւ պատահական չէր, որ այն հնչեց 1918 թ. օգոստոսի 1-ին Հայաստանի խորհրդի բացման առիթով եւ դարձաւ Հայաստանի Հանրապետութեան պաշտօնական օրհներգը:

«Մեր հայրենիք»-ն իր անցած ճանապարհով վաղուց ամրագրել է իր տեղը հայ ժողովրդի սրտում ու նրա պետականութեան պատմութեան մէջ, սա չգնահատելն ու չհասկանալը, աւելին՝ անհոգ դէմքով հիմնը փնովելը, վկայութիւնն է մարդու ազգային ու քաղաքական բոբիկութեան: Ազգային օրհներգը փոխելը ճաշակի հարց չէ… ՀՀ հիմնը գաղափարական, քաղաքական ու պետական արժէք է, նրա փոփոխութիւնը եւ անգամ փոփոխման շուրջ պարբերաբար ասպարէզ նետւող զրոյցները խաթարում ու վնաս են հասցնում այդ արժէքներին, խանգարում նրանց հանդէպ պատշաճ վերաբերմունքի ամրապնդմանը: «Մեր հայրենիք»-ը, ինչպէս նաեւ մեր պետութեան զինանշանն ու դրօշը, կամուրջ են այսօրւայ եւ մեր հերոսական անցեալի, Հայաստանի Առաջին Հանրապետութեան միջեւ, նրանք մեր պետականութեան վերակերտման ու շարունակութեան խորհուրդն ունեն: Մեր խնդիրը դրանք աչքի լոյսի պէս պահելն ու յարգելն է… Եւ վերջապէս պէտք է հասկանանք, որ մեր պետութիւնը մեզանով պիտի ուժեղանայ, նրա խորհրդանիշերը մենք ինքներս՝ մեր աշխատանքով ու լաւ պետութիւն կայացնելով պիտի հզօրացնենք: Եւ ինչքան մեծ է մեր սէրը առ հայրենիք ու պետականութիւն, այնքան ուժեղ ու ոգի ներշնչող կը լինեն մեր պետական խորհրդանիշերը: Իսկ եթէ մեծ սիրով չես սիրում քո հայրենիքն ու պետականութիւնը, միշտ էլ կը գտնես պատճառներ եւ չի բացառւում, որ մեղքը բարդես հիմնի կամ միւս խորհրդանիշերի վրայ: Օրհներգ փոխելու մտքից հրաժարւէք…

 

Յ. Գ.- Յօւածի գլխաւոր լուսանկարում Վանի վարժապետանոցի նւագախումբն է՝ Ֆանֆառը, որ 1915-ի ապրիլ, մայիսի ինքնապաշտպանական կռիւների ամենաթէժ պահերին «Մեր հայրենիք»-ը հնչեցնելով մարտիկներին հերոսութեան ու սխրանքի էր մղում:

Յարակից լուրեր

  • Արցախում յարգել են Արթուր Մկրտչեանի յիշատակը. երէկ նրա մահւան 27-րդ տարելիցն էր
    Արցախում յարգել են Արթուր Մկրտչեանի յիշատակը. երէկ նրա մահւան 27-րդ տարելիցն էր

    Ապրիլի 14-ին լրացաւ ԼՂՀ Գերագոյն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչեանի մահւան 27-րդ տարին։ Երէկ, Արցախում յարգանքի տուրք են մատուցել նրա յիշատակին:

  • Յայտարարութիւն ՀՅԴ ԱՄՆ Արեւելեան շրջանի
    Յայտարարութիւն ՀՅԴ ԱՄՆ Արեւելեան շրջանի

    Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ԱՄՆ Արեւելեան շրջանի 121-րդ Շրջանային ժողովը իր խիստ վրդովմունքը կ'արտայայտէ այն մասին, որ ՀՀ Ազգային ժողովի մեծամասնութեան որոշ ներկայացուցիչներ, Խորհրդարանի փոխ-նախագահի գլխաւորութեամբ, իրենց լիազօրութիւնները գերազանցելով, արտախորհրդարանական հարթակներու վրայ ՀՀ օրհներգը փոխելու հարցը դարձուցած են քննարկումի առարկայ։

  • Աւետիք Իշխանեան. «Գուցէ հիմնը փոխելու նախաձեռնութիւնն ընդամենը ինքնահաստատմա՞ն հարց է»
    Աւետիք Իշխանեան. «Գուցէ հիմնը փոխելու նախաձեռնութիւնն ընդամենը ինքնահաստատմա՞ն հարց է»

    Իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում անդրադարձել է հիմնի տեքստի համար Ալէն Սիմոնեանի կողմից յայտարարւած մրցոյթին։

    Իշխանեանը գրել է. «ԱԺ փոխնախագահ Ալէն Սիմոնեանն անդրդւելի է։ Հաւանաբար նա մանկուց երազել է լինել ՀՀ հիմնի հիմնադիր, որ իր անունը յաւէրժ մնայ հայոց պատմութեան մէջ։

  • Իշխանութեան կողմէ ՀՀ ազգային օրհներգը լուծարելու ծրագիրը կրկին օրակարգի վրայ
    Իշխանութեան կողմէ ՀՀ ազգային օրհներգը լուծարելու ծրագիրը կրկին օրակարգի վրայ

    Բոլոր երեւոյթները այսօր ցոյց կու տան, որ ՀՀ Ազգային Օրհներգը լուծարելու ծրագիրը պատահական քմայքի ծնունդ չէ։ Ան Ազգային Ժողովի Փոխ-Նախագահ Ալէն Սիմոնեանի բարդոյթներէն ծնած սոսկ նախաձեռնութիւն մը չէ։ Անոր ետին գոյութիւն ունի մէկ ամբողջ հաստատութիւն (establishment) իր կանխամտածուած ռազմավարութեամբ, որուն նպատակն է լուծարել ոչ միայն Օրհներգը, ոչ միայն աղաւաղել ազգային Եռագոյնը եւ ՀՀ Զինանշանը, այլեւ հարազատ այս խորհրդանիշներով մարմնաւորուած մեր անկախ պետականութեան ազգային գաղափարախօսութի՛ւնը։

  • Կրկին օրհներգի մասին
    Կրկին օրհներգի մասին

    Այս հարցին կրկին անդրադառնալու մտադրութիւն չունեինք, բայց ինչպէս երեւում է, պետական օրհներգի փոփոխութեան ստւերային ջատագովները նահանջելու մտադրութիւն չունեն: Այո՛, «ստւերային», որովհետեւ ակնյայտ է (որքան էլ այդ մասին բարձրաձայն չասւի), որ օրհներգի փոփոխութեան հարցը ԱԺի երիտասարդ փոխնախագահի մտայղացումը չէ, դա նրան համոզել են որոշ «բարձր մտաւորականներ»: Իսկ այդ «բարձր մտաւորականների» հետաքրքութիւնները, ինչպէս մէկ անգամ արդէն նշել ենք, տարբեր են եւ ոչ միշտ են անկեղծ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։