Հա

Մշակոյթ

03/02/2019 - 08:30

Դա Վինչիի պատճառով Իտալիայի եւ Ֆրանսիայի միջեւ լուրջ վէճ է ծագել

Վերածննդի մեծագոյն վարպետներից մէկը՝ Լէոնարդօ դա Վինչին յայտնւել է Իտալիայի եւ Ֆրանսիայի միջեւ չմարող դիւանագիտական ​​կրքերի կենտրոնում: 

«alikonline.ir» - Վերածննդի մեծագոյն վարպետներից մէկը՝ Լէոնարդօ դա Վինչին յայտնւել է Իտալիայի եւ Ֆրանսիայի միջեւ չմարող դիւանագիտական ​​կրքերի կենտրոնում: Ըստ «News.am»-ի՝ հաղորդում է «The Guardian»-ը:

Այս տարի Եւրոպան տօնում է հանճարեղ գեղանկարչի եւ գիտնականի մահւան 500-ամեակը, սակայն երկրների միջեւ բռնկւած վէճը «սպառնում է» Լուվրում անցկացւող Դա Վինչիի պատւին ցուցահանդէսը վերածել իսկական «բլոկբաստերի»:

Դա Վինչին, որը ծնւել է 1452 թւականին՝ Վինչի տոսկանական քաղաքում, իր կեանքի վերջին տարիներն անցկացրել է Ֆրանսիայի Ֆրանցիսկոս թագաւորի պալատում եւ մահացել է 1519-ի մայիսի 15-ին։

Վարպետի ամբողջ կեանքը վերածւել է լեգենդի, սակայն երկու երկրների միջեւ ծագած տարաձայնութիւնները տխրեցրել են պատմաբաններին եւ անհանգստացրել ամբողջ թանգարանային աշխարհին:

Լարւածութիւնն առաջացել է այն բանից յետոյ, երբ Իտալիայի իշխող «Լիգա» կուսակցութեան ներկայացուցիչ եւ համատեղութեան կարգով երկրի մշակոյթի փոխնախարար Լուչիա Բորգոնզոնին առաջարկեց Իտալիայի կառավարութեանը չեղեալ համարել Դա Վինչիի մի շարք առանցքային նկարների փոխանակման մասին համաձայնագիրը՝ մեղադրելով Ֆրանսիային` վարպետի յիշատակին նւիրւած միջոցառումներում գլխաւոր դեր գրաւելու փորձերի համար։

Ի հաստատումն իր խօսքերի՝ Բորգոնզոնին յայտարարել է․ «Լէոնարդոն իտալացի է: Նա պարզապէս մահացել է Ֆրանսիայում»:

Միաժամանակ նշւում է, որ նկարչի յիշատակին նւիրւած ցուցահանդէսը կը բացւի Լուվրում՝ հոկտեմբերին, որպէսզի աննկատ չմնան Դա Վինչիին նւիրւած միջոցառումներն Իտալիայում, որոնք կանցկացւեն մայիսին։

Թանգարանը պահում է վարպետի 14 նկարներից միայն 4-ը եւ խնդրել է Իտալիային մի քանի նկարներ տրամադրել: Ի պատասխան՝ Լուվրը պատրաստակամութիւն է յայտնել Իտալիային որոշ ժամանակով տրամադրել Վերածննդի մէկ այլ մեծագոյն վարպետի՝ Ռաֆայէլի մի քանի ստեղծագործութիւնները:

Ֆրանսիայի մշակոյթի նախարար Ֆրանկ Ռիստերը յայտարարել է, որ երկու երկրների միջեւ գործարքը պէտք է կնքւի «խաղաղ բանակցութիւնների» միջոցով: Մէկ ամիս անց նա հանդիպելու է իր իտալացի գործընկեր Ալբերտօ Բոնիսոլլիի հետ, ով, իր հերթին, արդէն ասել է, որ դէմ չէ գործարքին, բայց կան որոշակի անհամապատասխանութիւններ, որոնք պէտք է անպայման լուծւեն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։