Հա

Մշակոյթ

03/02/2019 - 08:35

Անցած դարերի ժառանգութիւն. թուրքմեն էմիրի դամբարան Երեւանի արւարձանում

Արգաւանդ գիւղի սկզբնամասում, Երեւանի արւարձանում, անցորդների աչքերի առջեւ յառնում է մի անսովոր շինութիւն։ Գլանաձեւ տուֆէ շինութիւն է՝ աղիւսէ գմբէթով։ Սա թուրքմեն էմիր Սաադի դամբարանն է՝ կառուցւած 15-րդ դարում։

«alikonline.ir» - Արգաւանդ գիւղի սկզբնամասում, Երեւանի արւարձանում, անցորդների աչքերի առջեւ յառնում է մի անսովոր շինութիւն։ Գլանաձեւ տուֆէ շինութիւն է՝ աղիւսէ գմբէթով։ Սա թուրքմեն էմիր Սաադի դամբարանն է՝ կառուցւած 15-րդ դարում։

Կառոյցը բաւական լաւ վիճակում է, անցած դարերի ընթացքում ամէնից շատ տուժել է գմբէթը։ Երկնագոյն երեսպատումից միայն քուղն է մնացել։ Զարմանալի է, որ երեսպատման գոյնը դարերի ընթացքում բնաւ չի կորցրել թարմութիւնը։

Էմիր Սաադը կարա-կոյունլու (սեւ ոչխարների ցեղ) դինաստիայի ներկայացուցիչն է, եղել է Հայաստանի մի մասի տիրակալը։ Դամբարանը կառուցւել է նրա որդու՝ էմիր Փիր-Հուսէյնի հրամանով։ «Այդ մասին վկայում է արաբերէն գրութիւնը»,- «News.am»-ի հետ հարցազրոյցում ասել է Պատմամշակութային ժառանգութեան գիտահետազօտական կենտրոնի փոխտնօրէն Յովհաննէս Սանամեանը։

Վիմագիրը գմբէթի ստորին հատւածում է արւած։ Այն տեղեկացնում է, որ դամբարանը կառուցւել է 1413թ.։ Յատկանշական է, որ դրա շինարարութեանն ակտիւօրէն մասնակցել են հայ վարպետներ, որոնք քարերի վրայ թողել են վարպետների նշաններ՝ Ա, Տ, Ն, Կ հայերէն տառերի տեսքով։ Հետաքրքիր է նաեւ, որ այս դամբարանը (սովորաբար դրանք կառուցւում էին աղիւսից) հիմնականում կառուցւել է տուֆից։

Կառոյցի բարձրութիւնը 12 մետր է, դրսից՝ 12 կող ունեցող պրիզմա, ներսից շինութիւնը կլոր է, 5 մետր տրամագծով։ Կամարաձեւ մուտքը արեւելեան կողմից է։ Գմբէթի գագաթը փլուզւել է, ինչի պատճառով անձրեւն ու ձիւնը յայտնւում են դամբարանի ներսում։

1990 թթ. վերջին դամբարանը մասամբ վերականգնւել է, շրջակայ տարածքը՝ բարենորոգւել, անցկացւել են հայ-թուրքմենական համատեղ արշաւ եւ պեղումներ։ Այժմ պատմական յուշարձանը Հայաստանի իշխանութիւնների պաշտպանութեան ներքոյ է։

2013 թ. Թուրքմենստանի մշակոյթի նախարարութեան յուշարձանների պահպանութեան, վերականգնման եւ հետազօտութեան ազգային վարչութեան մասնագէտները տեղում ուսումնասիրել են դամբարանը եւ կազմել յուշարձանի վերականգնման էսքիզը։ 2014 թ. հոկտեմբերին այն քննարկւել եւ հաւանութեան է արժանացել Հայաստանի մշակոյթի նախարարութեան գիտամեթոդական խորհրդի կողմից։ Յաջորդ տարի Մշակոյթի նախարարութեան պատմամշակութային ժառանգութեան գիտահետազօտական կենտրոնը պատրաստել է վերականգնման նախագիծը։ Յուշարձանն ուսումնասիրւել եւ չափագրւել է, պատրաստւել է նախահաշիւ։ Հայաստանի եւ Թուրքմենստանի մշակոյթի նախարարութիւնների ներկայացուցիչները հաւանութիւն են տւել նախագծին, բայց այն ցայժմ չի իրականացւել։

Նման մէկ յուշարձան էլ կայ Հայաստանի հարաւում, Ջիջիմլի գիւղի մօտ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։