Հա

Մշակոյթ

05/02/2019 - 09:10

Թուրքիայում արդէն բարձրաստիճան ոստիկաններն են «ընկել հայերի թաքցրած գանձերի հետեւից»

Թուրքիայի Դիարբեքիր նահանգում հայերից մնացած գանձեր գտնելու յոյսով անօրինական «պեղումներ» իրականացնող խումբ է ձերբակալւել: Պարզւել է, որ գանձախոյզներից 4-ը Դիարբեքիրի նահանգի Սիլւան շրջանի ոստիկանութեան աշխատակիցներ են: Ձերբակալւածների թւում է նաեւ Սիլւանի շրջանի ոստիկանապետ Օմէր Օզթուրքը: 

«alikonline.ir» - Թուրքիայի Դիարբեքիր նահանգում հայերից մնացած գանձեր գտնելու յոյսով անօրինական «պեղումներ» իրականացնող խումբ է ձերբակալւել: Պարզւել է, որ գանձախոյզներից 4-ը Դիարբեքիրի նահանգի Սիլւան շրջանի ոստիկանութեան աշխատակիցներ են: Ձերբակալւածների թւում է նաեւ Սիլւանի շրջանի ոստիկանապետ Օմէր Օզթուրքը: Տեղեկացնում է «Ermenihaber.am»-ը՝ յղում անելով «Hurriyet»-ին:

Նշւում է, որ տարածքում սկսւած կասկածելի «պեղումները» նկատած բնակիչներն ահազանգել են Սիլւանի ոստիկանութիւն, ինչի մասին տեղեկացած նոյն բաժանմունքի քննիչ Սերքան Ջ.-ն իրենց գործողութիւններին պաշտօնական բնոյթ հաղորդելու եւ կասկածները ցրելու համար ոստիկանական զրահամեքենայ է բերել տւել դէպքի վայր:

Նշւում է, որ այս ամէնի մասին նախօրօք տեղեկացւած Դիարբեքիրի նահանգային ոստիկանութիւնը նախօրօք հետեւել է չարամիտների գործողութիւններին եւ կազմակերպած շուրջկալի արդիւնքում ձերբակալել է խմբին, այդ թւում՝ Սիլւանի ոստիկանապետին:

Խմբի անդամները սկզբում պնդել են, թէ փնտրում են Դիարբեքիրի Սուր շրջանում 2015-2016 թթ. տեղի ունեցած բախումներից յետոյ այդտեղից դուրս եկած «Քուրդիստանի բանւորական կուսակցութեան» զինեալների թաքցրած ոսկիներն ու փողերը:

Սակայն ստուգումների արդիւնքում ոստիկանութեան կողմից նման օպերացիա կազմակերպելու վերաբերեալ որեւէ փաստաթուղթ չի յայտնաբերւել: Աւելի ուշ պարզւել է, որ խումբը փոսերը փորել է՝ նպատակ ունենալով գտնել Ցեղասպանութեան ընթացքում Սիլւանից աքսորւած ու կոտորւած հայերի թաքցրած ոսկիները:

Ձերբակալւածներին մեղադրանք է առաջադրւել շրջակայ միջավայրին վնաս հասցնելու յօդւածի յատկանիշներով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։