Հա

Մշակոյթ

07/02/2019 - 10:40

Ոսկու տենդը Թուրքիայում. «տգետ գանձագողերը» վերացնում են հայկական ժառանգութիւնը

Մասնագէտների կարծիքով` գանձագողութիւնը Թուրքիայում ահռելի ծաւալների է հասել։ Երեւոյթն այնպիսի չափերի է հասել, որ ոչ միայն հայկական, այլեւ մահմեդական յուշարձաններն են քանդում։

«alikonline.ir» - Մասնագէտների կարծիքով` գանձագողութիւնը Թուրքիայում ահռելի ծաւալների է հասել։ Երեւոյթն այնպիսի չափերի է հասել, որ ոչ միայն հայկական, այլեւ մահմեդական յուշարձաններն են քանդում։

Հայկական կրօնական ու մշակութային յուշարձանները Թուրքիայում գանձախոյզների թիրախն են դարձել, իրականում նրանք սովորական վանդալներ են։ Գործը հասել է այն բանին, որ հիմա գանձագողութեամբ են սկսել զբաղւել նոյնիսկ իրաւապահ մարմինների ներկայացուցիչները, որոնք կոչւած են պահպանել պատմական յուշարձանների ապահովութիւնը։

Օրերս «Ermenihaber» պարբերականը յայտնել էր, որ Թուրքիայի Դիարբեքիր նահանգում հայերից մնացած գանձեր գտնելու յոյսով անօրինական «պեղումներ» իրականացնող խումբ է ձերբակալւել: Ձերբակալւածներին մեղադրանք է առաջադրւել շրջակայ միջավայրին վնաս հասցնելու յօդւածի յատկանիշներով:

Հայկական ճարտարապետութիւնն ուսումնասիրող հիմնադրամի փորձագէտ Սամուէլ Կարապետեանը «Sputnik» Արմենիայի հետ հարցազրոյցում ասաց, որ Թուրքիայում սկսւած գանձախուզութիւնը անդառնալի վնաս է հասցնելու այդ երկրում հայկական ժառանգութեանը։

«Այդ երեւոյթն այնպիսի չափեր է ընդունել, որ ուղղակի պատկերացնելու չի։ Նոյնիսկ մահմեդական յուշարձաններն են քանդում։ Այսինքն` տգետ են, չեն հասկանում, որ սա հայկական չէ։ Գանձախուզութեան ալիքը Թուրքիայում ամէն ինչ է աւիրում։ Այդ ֆոնի վրայ պետութիւնն էլ երեւի անհանգստացել է ինչ-որ տեղ գործի են անցել»,- ասում է Կարապետեանը։

Նրա խօսքով` ամէն դէպքում այս վերջին տարիներին երեւում էր, որ գանձախոյզները զգուշաւոր էին։ Պատահել է, որ մարդկանց տեսնելով, թաքնւել են։ Հիմա նրանք բացայայտ են գործում։ Թուրքիայում գանձախուզութեան մասին ամսագրեր են թողարկւում, որտեղ անընդհատ նիւթեր են հրապարակւում, որ այսինչը գտաւ, այնինչը գտաւ։ Արկածները գովազդում են եւ դա բորբոքում է միւսներին, որ իրենք էլ փորեն գտնեն, նշեց փորձագէտը։

Կարապետեանի խօսքով` դժւար է նոյնիսկ մօտաւոր ասել, թէ 1915 թւականից ի վեր հայկական քանի պատմամշակութային կոթող ու յուշարձան է աւերւել ու աւերւում ներկայիս Թուրքիայի տարածքում։

«Մօտաւոր հաշւարկներով, Արեւմտյան Հայաստանի տարածքում նախքան Ցեղասպանութիւնը եղել է շուրջ 175 հազար պատմամշակութային յուշարձան։ Այսօր իւրաքանչիւր շրջանում կիսաւեր են դրանցից 3-ից 5 տոկոսը։ Գանձագողութիւնը Թուրքիայում ամենուր է, որտեղ հայեր են ապրել»,- ասում է նա։

Սամուէլ Կարապետեանի խօսքով` դիւանագիտական յարաբերութիւնների բացակայութիւնը թոյլ չի տալիս յաւուր պատշաճի զբաղւել Թուրքիայում հայկական մշակութային արժէքների պահպանութեամբ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։