Հա

Մշակոյթ

20/02/2019 - 10:20

Յովհաննէս Թումանեանի յուշերը Ռոստոմի մասին

1883 թւականին էր:

Ինձ մեր գիւղից Թիֆլիս էին բերել Ներսիսեան դպրոցը տալու: Պէտք է ապրէի մօրս կողմից իմ ազգական Բաղդասար քեռու, կամ ինչպէս մենք էինք ասում, Բաղդի քեռու տանը:

Պատանեկութեան օրերից-Յովհաննէս Թումանեան

 

1883 թւականին էր:

Ինձ մեր գիւղից Թիֆլիս էին բերել Ներսիսեան դպրոցը տալու: Պէտք է ապրէի մօրս կողմից իմ ազգական Բաղդասար քեռու, կամ ինչպէս մենք էինք ասում, Բաղդի քեռու տանը:

Էդ տունը Բաղդի քեռու քենակալ Նաւասարտ Զօրեանի տունն էր, Հաւլաբար, Ձորաբաշի եկեղեցուց ոչ հեռու:

Առաջին իրիկունն էր: Զրոյց էին անում հէրըս, Բաղդի քեռին ու տանըցիք:

Իմ մասին խօսելիս հէրըս խնդրեց, որ ինձ չթողնեն դէս դէն ընկնեմ, փողոցի տղերանց հետ ընկերանամ:

Տանըցիք հօրս հանգստացրին, թէ ինչու պէտք է դէս դէն ընկնի, ընկերը մեր տանն է էլի: Մեր Ստեփանիցն էլ լաւ ընկե՞ր:

Բաղդի քեռին էլ իր կողմից շատ գովեց Ստեփանին, ու ես անհամբեր սպասում էի, թէ երբ պէտք է լուսանայ, որ տեսնեմ իմ նոր ընկերին:

Զօրեանների սենեակները երկու մասի էին բաժանւած, մի մասում Բաղդի քեռին էր ապրում, միւսում իրենք:

Առաւօտը ինձ կանչեցին պատշգամբ, կողքի սենեակից էլ դուրս եկաւ Ստեփանը, 15-16 տարեկան մի կոշտ ու պինդ պատանի, հագին մի բլուզ, շփերթ, առանց գօտկի, բաց չըստերը ծլըփլըփացնելով:

Մօտեցանք, մտերմացանք ու էն օրւանից միշտ միասին էինք:

Եւ ի՜նչ լաւ էր...

Կարծես թէ էն ժամանակն էլ էր լաւը, էն տունն էլ էր լաւը, տանըցիք էլ էին լաւը, բոլորը լաւն էին...

Բաղդի քեռին մի նշանաւոր ֆանտազեօր էր. սիրում էր հրաշքներով լիքը պատմութիւններ անել եւ միշտ խօսում էր հին փիլիսոփաներից ու իմաստուններից:

Նաւասարդը, ընդհակառակը, մի գործնական մարդ էր, որ միայն իր գործն էր ճանաչում:

Բայց շատ իրար նման էին նրանց կանայքը, երկու քոյրերը, Նատալիան ու Եփեմիան, երկու զարմանալի հանգիստ ու բարի արարածներ:

Ես ու Ստեփանն էլ, թէեւ էնքան կապւած, բայց տարբեր աշխարհքների ծնունդներ էինք ու տարբեր խառնըւածքի տէր: Կարծես թէ ես Բաղդի քեռու ներկայացուցիչը լինէի, նա հօրեղբայր Նաւասարդի:

Նա ռէալական դպրոցումն էր սովորում, ես Ներսիսեան: Նա իրանց դպրոցն էր գովում, ես մերը, եւ յաճախ իրար դէմ էինք բերում - ես հայկականը, նա օտարը, գլխաւորապէս ռուսականը: Էլ գրականութիւն, էլ պատմութիւն, էլ հերոսներ, էլ ժողովուրդ. թէեւ, իհարկէ, դրանցից շատ քիչ տեղեկութիւն ունէինք:

Ես Վարդան Մամիկոնեանին էի մէջ բերում, նա Վարդանի դիմացը հանում էր Աքիլլէսին: Նա Իլիա Մուրումեցին էր առաջ քաշում, ես դուրս էի բերում Հայկին: (Էն ժամանակ սասունցի Դաւիթը դեռ յայտնի չէր մեզանում): Յիշում եմ թէ Տիգրան Մեծի եւ Պոմպէոսի պատւիրակները ինչ յամառ պատերազմ առաջ բերին մեր մէջ: Ոչ մէկս տեղի չէինք տալիս, դպրոցից գալիս էինք թէ չէ՝ կպչում էինք ու իրար ուտում մի քանի օր շարունակ. մինչեւ որ յուսահատւած տանըցիք միջամտեցին եւ ստիպեցին վերջ դնել մեր անվերջ աղմուկին, որ հարեւաններին էլ էր անհանգիստ անում:

Իմ դրութիւնը դժւարանում էր մանաւանդ էն ժամանակ, երբ վէճը գալիս էր գրականութեանը: Ես գրեթէ ոչինչ չգիտէի գրականութիւնից, իսկ Ստեփանը շատ էր կարդում եւ շատ էր սիրում ռուսաց լաւագոյն բանաստեղծներին ու վիպասաններին:

Նոր եկած օրերս էր, Ստեփանը մի օր այլայլւած տուն ընկաւ ու յայտնեց թէ Տուրգնեւը մեռել է: Մեր ամբողջ շրջանում ոչ ոք հասկացողութիւն չունէր թէ ով է Տուրգենեւը, բայց, Ստեփանի սարսափը տեսնելով, բոլորս էլ սարսափեցինք: Զգացինք, որ մի մեծ դժբախտութիւն է պատահել, որ Ստեփանի վրայ էտքան ազդել է, որովհետեւ քիչ կը պատահէր նա իրեն էդպէս կորցնէր: Եւ մենք երկու օր Հաւլաբար դէս դէն ու սրա նրա մօտ էինք վազում միասին: Լաւ չեմ յիշում թէ ինչու, բայց վազվզում էինք Տուրգենեւի մահւան պատճառով:

Առանձնապէս սիրում էր Գօգօլին: Անգիր գիտէր Տարաս Բուլբան: Շարունակ կարդում էր, եւ գիշերները ուղղակի լուսացնում էր ընթերցանութեան վրայ: Շատ է պատահել, որ մեր բարի Եփեմիա ձալօն, նրա հօրեղբօր կինը, առաւօտները կանչել է մեզ, որ գնանք տեսնենք, թէ ինչպէս է Ստեփանը սեղանի առջեւ նստած քնել՝ գլուխը դրած Գօգօլի բաց գրքի վրայ:

Նա սովորաբար գիշերներն էր կարդում ու դասերը սովորում. իսկ ցերեկները կանոնաւոր կերպով մարմնամարզութեամբ էր զբաղւում, կոխ էր կպնում ինձ հետ կամ որսի էր գնում:

Մեր տան ուղիղ առջեւից մի նեղ կածան էր իջնում դէպի ժայռի տակը, Քռի ափը: Էնտեղ, ժայռի լանջերին մեծ քանակութեամբ աղաւնիներ էին լինում: Եւ յաճախ, ճաշերից յետոյ, հրացան էր որոտում:

Էդ Ստեփանի հրացանի ձէնն էր. աղաւնի էր որսում:

Մի ժամանակ էլ որսի ասպարէզը մեծացրեց, սկսեց գնալ Նաւթլուղից դէնը հեռու հանդերը՝ նապաստակի որսի: Եւ միշտ աղաւնի ու նապաստակ էր բերում:

Տանըցիք ցանկանում էին, ստիպում էին, որ ձեռք վերցնի որսորդութիւնից: Աղաւնիների սպանութիւնը մեղք էին համարում, իսկ նապաստակի միսը հարամ եւ զզւում էին, չէին ուտում: Բայց նա, առանց նոյն իսկ պատասխան տալու, լուռ շարունակեց իր որսորդութիւնը եւ վերջում շատերիս նապատասկի միս ուտացրեց:

Իսկ նրա կոխ պրծնելու մոլորութիւնը կատարեալ պատիժ էր դարձել ինձ համար: Ճիշտ է, ես էլ էի առողջ ու ջլուտ, բայց նա աւելի ուժեղ էր: Ժամերով քաշքշում էինք իրար եւ տունը տակն ու վրայ անում: Հագներիս շոր չէր մնում: Եւ ահա մեր ձալօները մտածեցին սրան մի ճար անել: Տների ծայրի դահլիճը յատկացրին մեր ըմբշամարտութեան համար եւ կարգադրեցին, որ կոխ կպնելիս բլուզներս հանենք:

Տան երեխաները փոքր էին: Մեր ըմբշամարտութեան սովորական թամաշաւորը Ստեփանի փոքր եղբայրն էր, Արիստակէս անունով: Արիստակէսն էլ ամեն բանի մէջ գնաց իր եղբօր ետեւից, յետագայում էլ Դաշնակցութեան մէջ մտաւ ու սպանւեց Խանասորի կռւում:

Մեր չորս կողքը եւ մեր բակում շատ աղջիկներ կային, ես ամեն մի յարմար դէպքի փախչում էի նրանց նայելու, իսկ Ստեփանը, ընդհակառակը, թէեւ ինձանից էլ մի երկու տարով մեծ էր, բառի բովանդակ նշանակութեամբ երբէք ուշք չէր դարձնում նրանց վրայ: Երբ ես խօսք էի գցում աղջիկներից՝ նա ոչ մի բառ չէր արտասանում, լուռ, յանդիմանաբար նայում էր ինձ ու պնչերը ուռցընում:

Սակայն շատ էր սիրում լսել քաջերի կեանքից եւ երբեմն գիշերները պատմում էի նրան Լօռու իգիթներից ու ղաչաղներից, իսկ ինքը ոգեւորւած պատմում էր իր հօրեղբայր Դաւթից:

Յետագայում էլ մի քանի պատմութիւններ արաւ ու առաջարկեց, որ բանաստեղծութեան նիւթ առնեմ: Ես նրա պատմւածքներց միայն մէկից, որ պատմեց 1890 թւականին, մի տէրտէրի ու իր աղջկայ պատմութիւնից օգտւեցի ու նիւթ առայ մի պօէմի: Պօէմը թէեւ գրելուց բոլորովին փոխւեց եւ ուրիշ բան դուրս եկաւ, բայց ես նւիրեցի Ստեփանին: Բաւական տարիներ առաջ ռուս ժանդարմները խուզարկեցին, տարան կորցրին էտ պօէմը եւ միայն մի երկու կտոր գտայ պատահմունքով, որ տպւեցին «Տանը», «Երերում» եւ «Հայոց լեռներում» վերնագիրներով:

Ինչպէս ասի՝ մենք շատ էինք վիճում եւ իրար դէմ հանում – ես հայկականը, նա օտարը: Բայց հենց էտ տարիներումն էլ, տակաւին ռէալական դպրոցում, նա սկսեց կարդալ հայոց գրականութիւնից, տարւեց Րաֆֆու եւ ուրիշների գրւածքներով, դարձաւ «Մշակ»-ի ընթերցող եւ Արծրունու ջերմ յարգող, սկսեց ժողովներ յաճախել եւ շատ արագ ու թունդ հայասէր դառնալ: Եւ մի քանի տարուց յետոյ մեր վէճերը շատ էին փոխւել: Քանի ես հակւում էի դէպի օտար գրականութիւններն ու ցրւում դէպի հեռուները՝ նա ուժեղ թափով կենտրոնանում էր հայութեան վրայ:

Ռուսաց գրականութեան ազդեցութեան տակ նա պատրաստի ժողովրդասէր էր, ինքն էլ ի ծնէ դեմոկրատ, հայ ժողովրդի ու նրա վիճակի վրայ էլ որ աչքը բացւեց՝ արդէն գրեթէ կազմակերպւած էր ապագայ Ռոստոմը:

Էսպէր էր երբ ռէալական դպրոցն աւարտեց ու գնաց Մոսկւա ուսանելու:

Մոսկւայից արդէն յեղափոխականի նամակներ էր գրում:

Չմոռանամ ասել, որ 1884 թւականին մի օր եկաւ տուն ու յայտնեց, թէ էսօր քո հայրենակից մի լաւ տղի հետ ծանօթացայ:

Անուն ազգանունը հարցրի:

Ասաւ՝ Սիմոն Զաւարեան:

Ո՞վ կարող էր էն ժամանակ երեւակայել, թէ երկուսն էլ, տակաւին աշակերտներ, տարւելու էին միեւնոյն գաղափարով ու նոյն ցաւով, միեւնոյն չարքաշութեամբ անցնելու էին միեւնոյն ճանապարհը ու թաղւելու էին նոյն գերեզմանատանը կողք կողքի, երկուսն էլ միշտ կարօտ կուլտուրական խաղաղ կեանքի ու աշխատանքի իրենց հետ տանելով միշտ իրենց փայփայած գեղեցիկ ծրագիրները:

Իմ նպատակից դուրս է Ստեփանի պատանեկութեան էս շրջանից դէսն անցնելը, սակայն մի բան կարող եմ ասել, որ նա իր բնաւորութեամբ, իր բարոյական առողջ ամբողջականութեամբ մնաց նոյնը, ինչ որ էր պատանի ժամանակ: Միշտ պարզ, հասարակ, քչով բաւականացող, իրեն զրկող, հաշտարար եւ բոլորանւէր նւիրւող ամեն մի գործի, որ կառնէր իր վրայ:

Ինչպէս ծնւել էր՝ էնպէս էլ մնաց, էնպէս էլ գնաց:

Գնա, Ստեփան ջան, դու էլ գնա էն խորհրդաւոր աշխարհքը, ուր էնքան շատ լաւ ընկերներ, հարազատներ ու սիրելիներ են գնացել ու էն աշխարհքը դարձրել էնքան հարազատ եւ էնքան հրապուրիչ:

«Յառաջ»

ՀՅԴ Վրաստանի Կենտրոնական Կոմիտէի Օրգան

Կիրակի, 26 Յունւարի 1919

Առաջին տարի, թիւ 11

 

 

ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐՈՒՄ

 

Մեր ճամփեն խաւար, մեր ճամփեն գիշեր,

Ու մենք անհատնում

Էն անլույս մըթնում

Երկա՜ր դարերով գընում ենք դէպ վեր

Հայոց լեռներում,

Դըժար լեռներում։

 

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,

Մեր գանձերը ծով,

Ինչ որ դարերով

Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին

Հայոց լեռներում,

Բարձըր լեռներում։

 

Բայց քանի անգամ շեկ անապատի

Օրդուները սեւ

Իրարու ետեւ

Եկա՜ն, զարկեցին մեր քարւանն ազնիւ

Հայոց լեռներում,

Արնոտ լեռներում։

 

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,

Թալանւած, ջարդւած

Ու հատւած-հատւած

Տանում է իրեն վէրքերն անհամար

Հայոց լեռներում,

Սուգի լեռներում։

 

Ու մեր աչքերը նայում են կարօտ

Հեռու աստղերին,

Երկընքի ծերին,

Թէ երբ կըբացւի պայծառ առաւօտ

Հայոց լեռներում,

Կանաչ լեռներում։

1902

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։