Հա

Մշակոյթ

02/03/2019 - 08:30

«Guardian»-ը հայկական խաչքարերի մասին. «Ադրբեջանն ու 21-րդ դարի մշակութային ամենավատ Ցեղասպանութիւնը»

21-րդ դարի մշակութային մաքրման ամենանշանակալի արշաւը, հաւանաբար, կը գրանցւի ոչ թէ Սիրիայում, այլ շատ աւելի պակաս անտեսւած տարածքում՝ Անդրկովկասեան բարձրաւանդակում:

«alikonline.ir» - 21-րդ դարի մշակութային մաքրման ամենանշանակալի արշաւը, հաւանաբար, կը գրանցւի ոչ թէ Սիրիայում, այլ շատ աւելի պակաս անտեսւած տարածքում՝ Անդրկովկասեան բարձրաւանդակում: Գրում է «The Guardian»-ը:

Ինչպէս նշում է պարբերականը, համաձայն փետրւարին հրապարակւած «Hyperallergic» մշակութային ամսագրի զեկոյցի տւեալների՝ վերջին 30 տարիների ընթացքում Ադրբեջանի կառավարութիւնը զբաղւած էր երկրում Հայաստանի պատմական ժառանգութեան համակարգային «մաքրմամբ»:

Զեկոյցի հեղինակներ Սայմոն Մաղաքեանն ու Սառա Փիքմանը նշում են, որ մշակութային եւ կրօնական արտեֆակտների այդ ոչնչացումը գերազանցում է ԴԱԷՇ-ի կողմից Պալմիրայի պայթեցմանը:

Մաղաքեանը, որը դասաւանդում է քաղաքագիտութիւն Դենւերում, անւանում է դա «21-րդ դարի ամենամեծ մշակութային ցեղասպանութիւն»:

Նա մեծացել է՝ լսելով պատմութիւններ իր հօր մասին, որն այցելում էր հիանալի եւ առեղծւածային տեղանքը՝ Ջուլֆա անունով:

Նախիջեւանի տարածքում, Արաքս գետի ափին գտնւող այդ տեղանքը միջնադարեան դամբարանատեղի էր՝ աշխարհում ամենախոշոր հայկական գերեզմանատունը: Այդ վայրն այցելող ճանապարհորդները՝ սկսած ճիզւիտ վանական Ալեքսանդր դէ Ռոդից մինչեւ բրիտանացի դիւանագէտ եւ գրականագէտ Ուիլեամ Օուսլին, վկայում էին այդ տեղանքի արժէքի մասին: Դամբարանատեղիում կար 10 հազար խաչքար՝ 6-րդ դարի ժամանակաշրջանին պատկանող: Համաձայն հայկական աւանդոյթների՝ վարդագոյն-կարմրաւուն կամ դեղին խաչքարերի վրայ պատկերւած են խորհրդանիշեր եւ պատկերներ, որոնք վերածում են խաչքարերը բարձրագոյն մակարդակի մշակութային կոթողների:

«1920 թւականին, երբ Խորհրդային Միութիւնը հռչակեց Նախիջեւանն ու Լեռնային Ղարաբաղը որպէս ինքնավար հանրապետութիւններ, տասնամեակներ շարունակ թալանի հետեւանքով պահպանւել են շուրջ 3 հազար խաչքարեր: Իսկ վանդալիզմի գործողութիւնները յանգեցրել են նրան, որ 2000 թւականին ԻՒՆԵՍԿՕ-ն կարգադրել էր պահպանել մշակութային այդ յուշարձանները»,-գրում է պարբերականը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։