Հա

Մշակոյթ

04/03/2019 - 09:20

«Հասկացայ, որ հայրենիքում շատ անելիք կայ». Արտօ Թունջբոյաջեան

«Հայերն այսօր»-ի զրուցակիցը յայտնի երգիչ Արտօ Թունջբոյաջեանն է: Նա աւանգարդ-ֆոլկ երաժշտական ոճի հիմնադիրն է, որի պատճառով էլ ընկերները նրան անւանում են «Միսթր աւանգարդ-ֆոլկ»:

«alikonline.ir» - «Հայերն այսօր»-ի զրուցակիցը յայտնի երգիչ Արտօ Թունջբոյաջեանն է: Նա աւանգարդ-ֆոլկ երաժշտական ոճի հիմնադիրն է, որի պատճառով էլ ընկերները նրան անւանում են «Միսթր աւանգարդ-ֆոլկ»:

Զրոյցի ընթացքում Արտօ Թունջբոյաջեանը խօսել է իր արմատների, աւանգարդ-ֆոլկ ոճի իւրայատկութեան, հայրենիք վերադառնալու, «Նայթ Արկ» խմբի հետ կապի, «Արմենիա Նէյւի բենդ»-ի ստեղծման, Հայաստան-Սփիւռք գործակցութեան, ինչպէս նաեւ «Գրեմի» ստանալու մասին:

 

- Արտօ, որտեղի՞ց են սէրում Ձեր արմատները:

- Արմատներս սէրում են Սեբաստիայից: Հայրս եղել է յայտնի կօշկակար: Չնայած նա գրել-կարդալ չգիտէր, բայց կարողանում էր կարդալ մարդկանց հոգիները: Ծնւել եմ Ստամբուլում, սակայն երբեք ինձ այդ քաղաքի մասնիկը չեմ համարել: 24 տարեկանում տեղափոխւեցի Ամերիկայի Միացեալ Նահանգներ: Նիւ Եօրքում բնակւելով, բնականաբար, աւելի հեշտ էր ապրել, քանի որ մարդիկ աւելի լայն էին մտածում: Որպէս ջազային երգիչ՝ 1981 թւականին ամերիկեան մի շարք պրոդիւսերների կողմից առաջարկ ստացայ:

 

- Ինչպէ՞ս վերադարձաք Հայաստան:

- Խորհրդային կարգերի փլուզումից յետոյ կարծես թէ հայկական երաժշտութիւնն աւելի երեւելի էր դրսի հայութեան համար: Հասկացայ, որ հայրենիքում շատ անելիք կայ հէնց երաժշտական ոլորտում: 1998 թւականի օգոստոսի 4-ին` 40-ամեակիս օրը, վերադարձայ Հայաստան: Արւեստում կարեւորում եմ իւրայատկութիւնը: Միշտ փորձել եմ տարբերւել եւ նոր ոճի մէջ հանդէս գալ: Աւանգարդ-ֆոլկը, որպէս երաժշտական ոճ, այդ շրջանում նորություն էր: Տարիների ընթացքում հասկացայ միայն, թէ որքան կապւած եմ աւանգարդ-ֆոլկ ոճին:

 

- Ինչո՞ւ էք Ձեր երաժշտութիւնը աւանգարդ-ֆոլկ անւանում:

- Դա հոգիդ է, համդ ու այն ամէնը, ինչ պատկերում է քո վաղւայ օրը: Ջազ ասելով՝ կարծես մի մեծ ամերիկեան խմբի մէջ ես մտնում ու կորում… Եթէ ուզում ես այդ կեանքի հետ կապ ունենալ, պէտք է Ամերիկայում ապրես, որ հասկանաս` ինչ է ջազը. իրենք իրենց ցաւը երաժշտութեամբ դուրս են հանում: Իմաստի հետ կապ կայ, բայց ձեւաչափի հետ կապ չունի: Ինչպէս թուրքերը լահմաջոյին ասում են` «Թուրքիշ պիցցա»: Կարծեցին` ես ջազին դէմ մարդ եմ: Ես եմ իսկական ջազիստը: Ապրածս կեանքը նայէք, այդքան լեգենդների հետ եմ նւագում: Անկախ այս ամէնից մի անգամ ինձնից չես լսի` աֆրիկեան երաժշտութիւն ներկայացնեմ: Գուցէ ընդհանուր կապ կայ, բայց ես իմ «համով» եմ պատմում, իրենք էլ իրենց «համով» են երգում:

 

- Հայաստանում ինչպէ՞ս կատարեցիք առաջին քայլերը:

- Երբ եկայ Հայաստան, այդ ժամանակ նախատեսւում էր կազմակերպել մի փառատօն: Կազմակերպիչները ցասնկանում էին, որ փառատօնին ելոյթ ունենար նաեւ «Նայթ Արկ» խումբը: 1998 թւականին «Նայթ Արկ» ամերիկահայ ջազ-քառեակը մեծ ճանաչում գտաւ Հայաստանում: 1998 թւականի հոկտեմբերին ստեղծեցինք «Արմենիա Նէյւի բենդ»-ը (Armenian Navy Band), ձայնագրւեցինք «Քանաքեռ» ստուդիայում, հիմնական ոճը կրկին աւանգարդ-ֆոլկն էր: Խումբը սկզբից կազմւած էր 10 հոգուց, այնուհետեւ` 15: Խմբի երաժշտութիւնն իրենից ներկայացնում էր աֆրոամերիկեան ջազի, բլիւզի եւ հայկական աւանդական երաժշտութեան խառնուրդ։ Խմբի առաջին ալբոմը՝ «Բզդիկ զինւոր»-ը, թողարկւեց 1999 թւականին, որից յետոյ` 2000 թւականին, խմբով մեկնեցինք շրջագայութեան եւրոպական մի շարք երկրներ, որտեղ մեծ յաջողութիւնների հասանք։ «Արմենիա Նէյւի բենդ»-ի շրջանակներում ձայնագրեցինք շուրջ 350 երգ: 2006-ին «Արմենիա Նէյւի բենդ»-ը արժանացաւ «BBC»-ի կողմից անցկացւող միջազգային «World Music» մրցանակաբաշխութեան՝ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի:

 

- Ձեր յաջորդ քայլը համագործակցութիւնն էր Սերժ Թանգեանի հետ, կը պատմէ՞ք այդ մասին:

- Մի օր զանգահարեցին ինձ եւ առաջարկեցին համագործակցել մետալ ռոք խմբի հետ: Փաստօրէն, դա հէնց «System of a down» խումբն էր` Սերժ Թանգեանի գլխաւորութեամբ: Անւան հետ կապւած շատ յաջող ընտրութիւն կատարեցինք, մեր ալբոմը անւանեցինք «ՍերԱրտ»: Այն կարող ենք գործածել երկակի ձեւով: Առաջին դէպքում պարզապէս Սերժի եւ իմ անունների առաջին երեք տառերի միաձուլումն է: Իսկ երկրորդ դէպքում` սէրը արւեստի նկատմամբ: Մեր համատեղ ալբոմը թողարկւեց 2003 թւականին: Ալբոմում երաժշտական հիմնական ոճը կրկին աւանգարդ-ֆոլկն էր:

 

- Արտօ´, տեղեակ ենք, որ Ձեր եղբայրը` Օննօ Թունջը, մեծ ազդեցութիւն է ունեցել Ձեր կարիերայի եւ հետագայ ճանապարհի վրայ:

- 11 տարեկանում կատարեցի առաջին քայլերս եղբօրս` Օննօ Թունջի խմբում: Եթէ նա չլինէր, միգուցէ ես հիմա կօշկակար կամ ֆուտբոլիստ լինէի: Նա դեռեւս փոքր տարիքից պայքարող տեսակ է եղել եւ իր երաժշտական ունակութիւններով աչքի ընկել հարիւրաւոր երեխաների մէջ: Նա շուրջ 150 երգերի հեղինակ է, այդ շրջանում նրա երգերը մեծ պահանջարկ ունէին եւրոպական երաժշտական կեանքում: 1978 թւականի «Եւրատեսիլ» երգի մրցոյթին Թուրքիայի մասնակիցներ Նիլուֆերի եւ Նազարի երգի հեղինակը հէնց Օննօ Թունջն է եղել: Ես ունեմ մի շարք երգեր` եղբօրս նւիրւած, որոնք զետեղւել են հէնց «Օննօ» ալբոմում, որը թողարկւեց 1996 թւականին:

 

- Արտօ´, հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ներկայիս հայ երգարւեստի մասին:

- Հայաստանում համատարած հնչում է աւելի խնջոյքային, ռեստորանային երաժշտութիւն: Կուզենայի տեսնել աւելի շատ տարբերւող ոճեր: Եթէ անկեղծ, ինձ համար ոճից առաջ կարեւոր է նախ որակը: Արւեստում ես կարեւորում եմ տարբերւող լինելը: Պէտք է ոգեւորել նոր սերնդին, որպէսզի կարողանան նոր ոճով հանդէս գալ:

 

- Ինչպէ՞ս կը գնահատէք Հայաստան-Սփիւռք կապերը:

- Սփիւռքի մեր բարերարները Հայաստանին նւիրաբերելով միլիոնաւոր դոլարներ՝ մի կողմ են քաշւում, կարծես կատարում են հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը: Իմ կարծիքով իւրաքանչիւր հայ պէտք է մասնակցի Հայաստանի շենացմանը: Այս պատճառով դեռեւս մի քանի տարի առաջ ես ՀՀ սփիւռքի նախկին նախարար Հրանուշ Յակոբեանին առաջարկեցի մի ծրագիր. Սփիւռքի հայկական խոշոր կառոյցները հայկական համայնքներում կազմակերպեն դրամահաւաք, իսկ դրամի չափը 1 ԱՄՆ դոլար լինի: Տիկին Յակոբեանը հաւանութեան արժանացրեց այդ ծրագիրը:

 

- Արտօ´, Հայաստանում մեծ ոգեւորութեամբ ընդունեցին, երբ արժանացաք «Գրեմի» մրցանակի:

- Կեանքում ամենակարեւորը համբերութիւնն ու ինքնավստահութիւնն են. եթէ վստահ ես ինքդ քեզ վրայ, կարող ես շատ բաների հասնել եւ հեռուն գնալ: Իւրաքանչիւր մարդ ինքնին իւրայատուկ է եւ կեանքում պէտք է անի ամէն ինչ, որպէսզի չկորցնի իր դէմքը: Ինձ ներկայացնելիս միշտ ասում են` «Գրեմի» է ստացել: Կուզեմ ասել, որ իմ` մարդ լինելը «Գրեմի»-ն կամ որեւէ այլ մրցանակ չի փոխել: Հասկանում եմ, որ մրցանակները գործդ յարգելով են տալիս, սակայն ինձ համար մրցանակ շահելու գլխաւոր իմաստն այն է, որ դու հասել ես այդ մակարդակին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։