Հա

Մշակոյթ

04/03/2019 - 09:30

«Կանաչ գիրքը» եւ թաւջութակը․ ինչպէս Արտեօմ Մանուկեանի կատարած երաժշտութիւնն «Օսկար» նւաճեց

Դժւար է պատկերացնել «Կանաչ գիրքը» ֆիլմն առանց թաւջութակի կախարդական հնչողութեան։ «Sputnik» Արմենիայի թղթակիցը զրուցել է հայ երաժիշտ Արտեօմ Մանուկեանի հետ, որը վիրտուոզ կերպով թաւջութակ է նւագել օսկարակիր ֆիլմի համար։

«alikonline.ir» - Դժւար է պատկերացնել «Կանաչ գիրքը» ֆիլմն առանց թաւջութակի կախարդական հնչողութեան։ «Sputnik» Արմենիայի թղթակիցը զրուցել է հայ երաժիշտ Արտեօմ Մանուկեանի հետ, որը վիրտուոզ կերպով թաւջութակ է նւագել օսկարակիր ֆիլմի համար։

Ընդամենը մի քանի օր առաջ աշխարհի բոլոր կինոսէրները հետեւում էին ինդուստրիայի գլխաւոր իրադարձութեանը՝ «Օսկար»-ի մրցանակաբաշխութեանը։ Ինչպէս եւ կանխատեսւում էր, լաւագոյն ֆիլմ դարձաւ «Կանաչ գիրքը»։

Ֆիլմը շատերի վրայ տպաւորութիւն է գործել իր զգացմունքայնութեամբ եւ նուրբ ենթատեքստով, իսկ երաժշտասէրներին տպաւորել է ֆիլմի երաժշտական ձեւաւորումը։ Դաշնամուրի գերող ու շեշտակի հնչիւնները միախառնւում են թաւջութակի նուրբ, հոգին ալեկոծող հնչիւնների հետ։ Երաժշտական «շիթերը» անձրեւի նման կաթում են լարերի վրայ, թռչկոտող ուրախ ռիթմերն ամենայուզիչ պահերին համադրւում են լարերի խորաթափանց հեծկլտոցի հետ․ ֆիլմում այդ ամբողջ անհաւանական երաժշտական հետքը թողել է հայ երաժիշտ Արտեօմ Մանուկեանը։

Թէեւ ֆիլմերի լուսագրերում, որոնք գրւել են մեծատառ, վերջին «Ն» տառի փոխարէն գրել են անգլերէն «H» տառը, դա չի խանգարել ամբողջ աշխարհի հայերին գտնել հայրենակցի անունը եւ հպարտօրէն ժպտալ։

Երաժիշտը նոյնպէս ուրախ է եղել տեսնել իր ազգանունը յայտնի երաժիշտների ու կինոգործիչների շարքում։ Նա չի հետեւել մրցանակաբաշխութեանը եւ ծնողներից է իմացել «Օսկար» ստանալու մասին։ Նրանք զանգահարել են Հայաստանից ԱՄՆ եւ յայտնել լաւ լուրը։

Արտեօմը մէկ տարի դաշնամուր է նւագել, բայց մէկ տարի անց մանկավարժն առաջարկել է անցնել թաւջութակի դասարան։

«Առաջին անգամ տեսնելով թաւջութակ՝ ես վախեցայ․ գործիքը ինձ շատ մեծ թւաց։ Երեկոյեան մայրիկիս, որը պաշտում էր թաւջութակը, պատմեցի, եւ նա որոշեց, որ ես երկուշաբթի օրւանից փոխում եմ դասարանը։ Այսպէս մօտ 30 տարի ես ու թաւջութակը մի ամբողջութիւն ենք»,- պատմեց երաժիշտը «Sputnik» Արմենիայի թղթակցին։

«Կանաչ գրքի» երաժշտութիւնը նւագել նրան առաջարկել է ամերիկացի կոմպոզիտոր եւ դաշնակահար Քրիս Բաուերսը։ Նրանք արդէն համագործակցութեան փորձ են ունեցել։ Նւագել են «Հրէշները եւ մարդիկ» ֆիլմի եւ «Թանկագին սպիտակամորթներ» սերիալի համար։ Երբ Բաուերսը զանգահարել է թաւջութակահարին, նա շատ հարցեր չի տւել, քանի որ համոզւած է եղել՝ եթէ նախագծին մասնակցում է այդ դաշնակահարը, ապա, հաւանաբար, կը լինի իր սիրելի ջազը։ Մանուկեանը ծանօթ չի եղել սցենարին, բայց ձայնագրութեան փուլում արդէն զգացել է, որ այն լինելու է ռասայական խտրականութեան խնդիրների մասին։ Ֆիլմն առաջին անգամ դիտելիս հասկացել է`չի սխալւել, որ ընդունել է հրաւէրը, բայց կինոակադեմիայի նման բարձր գնահատականի չի սպասել։

«Ընդամենը մի քանի օրում ենք ձայնագրել երաժշտութիւնը։ Գործընթացին մասնակցել են շատ յայտնի երաժիշտներ, եւ այն դրանից աւելի վառ ու հետաքրքիր է դարձել»,- պատմեց Մանուկեանը։

Երաժիշտը 8 տարի է բնակւում ԱՄՆ-ում։ Տարին մէկ անգամ նա գալիս է Հայաստան, բայց առայժմ չի պատրաստւում մշտական բնակութիւն հաստատել։ Մանուկեանը ծրագրում է ամռանը կամ աշնանը հայ ունկնդիրներին ներկայացնել իր «Alone» ալբոմը։ ԱՄՆ-ում նա ակտիւօրէն համագործակցում է յայտնի երաժիշտների հետ, ուսումնասիրում նրանց փորձը, նոր բաներ սովորում։ Հաւանաբար, ինքնակատարելագործման ձգտման եւ անյայտի որոնումների շնորհիւ է նրա մօտ ստացւում նւագել այնպէս, որ ունկնդրի հոգին տակնուվրայ է լինում, իսկ երաժշտութեան հնչիւնները դիպչում են սրտի լարերին՝ առանց չափազանցութեան փոխելով ներաշխարհը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։