Հա

Մշակոյթ

05/03/2019 - 08:10

«Կեցցէ Հայաստան» ծրագրով բրազիլական կառնաւալում փառաբանւել է հայ-բրազիլական բարեկամութիւնն ու հայ ժողովուրդը

Բրազիլիայում «Ոսկէ վարդեր» սամբայի դպրոցը Սան Պաուլոյի հանրահռչակ սամբադրոմում մարտի 3-ին տեղի ունեցած կառնաւալին ելոյթ է ունեցել «Կեցցէ Հայաստան» ծրագրով: 

«alikonline.ir» - Բրազիլիայում «Ոսկէ վարդեր» սամբայի դպրոցը Սան Պաուլոյի հանրահռչակ սամբադրոմում մարտի 3-ին տեղի ունեցած կառնաւալին ելոյթ է ունեցել «Կեցցէ Հայաստան» ծրագրով: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագիրը բաղկացած է եղել 5 մասից՝  դրախտ, հայ հերոսներ, քրիստոնէութիւն, Հայաստանի մշակոյթ եւ հրապարակ:

Ներկայացման սցենարի հեղինակ Անդրէ Մաշադոն, անդրադառնալով Հայոց պատմութեան կարեւորագոյն շրջաններին՝ սկսած Նոյ նահապետից մինչեւ նորօրեայ Հայաստանը, համապատասխան դեկորացիաներով եւ գունագեղ հայկական տարազներով, եռագոյնով եւ զինանշանով, ներկայացրել է հինաւուրց հայ մշակոյթը եւ վերածնւած Հայաստանը:

Անիւների վրայ շարժւող տաղաւարներով շոուին հայկական մշակոյթը ներկայացւել է տարբեր կողմերից` Հայաստանում քրիստոնէութեան ընդունում, Կոմիտասի կռունկ, հայկական տառեր եւ այլն: Պարահանդէս-շքերթի ողջ ընթացքում հնչում էր այս առիթով յատուկ գրւած երգը, որը, ինչպէս եւ ամբողջ ծրագիրը վերնագրւած էր «Կեցցէ Հայաստան»: Դրանով փառաբանում էր հայ-բրազիլական բարեկամութիւնն ու հայ ժողովուրդը:

Բրազիլիայի խոշորագոյն լրատւամիջոցներից «Globo» ընկերութեան լրագրողները մանրամասն մեկնաբանում էին բեմականացումը` յատուկ անդրադարձ կատարելով Հայոց Ցեղասպանութեան պատմութեանը եւ Մեծ Եղեռնից մազապուրծ եղած հայերի ճակատագրին, որոնց մի ստւար զանգւած հաստատւել է Սան Պաուլոյում եւ մեծ ներդրում է բերում երկրի բարգաւաճմանը:

Աշխարհի 140 երկրում հեռարձակւած 65 րոպէ տեւողութեամբ ներկայացումն ունեցել է կարեւորագոյն քաղաքական, մշակութային, կրթական եւ քարոզչական նշանակութիւն:

«Ոսկէ վարդեր» սամբայի դպրոցը հիմնւել է 1971 թւականին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։