Հա

Մշակոյթ

05/03/2019 - 14:20

«Եւա»-ն էկրանաւորմանն է պատրաստւում Թեհրանում

Երկարատեւ սպասողական վիճակից յետոյ՝ «Եւա» լիամետրաժ ֆիլմը Թեհրանում էկրանաւորման առիթ ստացաւ: Այս մասին «Ալիք»-ին տեղեկացրեց ֆիլմի ռեժիսոր Անահիտ Աբադը:

«ԱԼԻՔ» - Երկարատեւ սպասողական վիճակից յետոյ՝ «Եւա» լիամետրաժ ֆիլմը Թեհրանում էկրանաւորման առիթ ստացաւ: Այս մասին «Ալիք»-ին տեղեկացրեց ֆիլմի ռեժիսոր Անահիտ Աբադը:

Իրանահայ ռեժիսորը յայտնեց նաեւ, որ ֆիլմը ցուցադրութեան է հանւել Թեհրանի «Սինեմայէ Հոնար վա թաջրոբէ» (Նորարար փորձառական արւեստի կինոկենտրոնի) շրջագծում, որը ճանաչւած է իր նպատակային էլիտար լսարանով: Այսպիսով կարելի է սպասել, որ օրւայ ընթացքում ընդամենը մէկ սէանսով ֆիլմը ցուցադրութեան առիթ ունենայ:

«Եւա»-ն Իրանի «Ֆարաբի» կենտրոնի եւ Հայաստանի Ազգային կինոկենտրոնի իրականացրած համատեղ նախագիծն է: Ֆիլմի պրոդիւսերը ճանաչւած Թաղի Ալիղոլիզադէն է, ով համարւում է Բահրամ Բէյզայիի ֆիլմերի հիմնական քաւորը:

Ֆիլմի տեւողութիւնը 94 րոպէ է, որի ընթացքում պատկերւածի համամարդկային ցաւերն ու ապրումներն են: «Բնական է, որ եթէ ֆիլմը նկարահանւել է Հայաստանում, ապա կրելու է հայի, տւեալ դէպքում կնոջ ապրումները, կամ հաստատւած տոհմական աւանդոյթներն ու վարք ու բարքերը: Այդպէս՝ փորձ է արւել ներկայացնել շրջապատի անցուդարձերից կամ նոյնիսկ հակամարտութիւններից ճնշւած ու տուժած կնոջ ապրումները, որոնք աշխարհագրութիւն չեն ճանաչում»,- նշում է կին ռեժիսորը:

Յիշեցնենք, որ «Եւա» ֆիլմը հայ-իրանական առաջին համատեղ արտադրւած ֆիլմն է, որը 2017 թւականին ներկայացւել էր «Օսկար»-ի օտարալեզու ֆիլմերի անւանակարգում, որպէս Հայաստանի ներկայացուցիչ:

Անահիտ Աբադը յաւելեց նաեւ, որ Օսկարակիր Ասղար Ֆարհադին ֆիլմը նայելուն պէս հեռախօսել եւ յայտնել է իր հիացմունքը ֆիլմի պատումի մասին: «Ես մեծացել եմ հայ ընտանիքի բակում: Ապրել ենք միասին ու յաճախ սնւել նոյն սեղանից: Բայց, երբեք չեմ կարողացել պատկերացնել, թէ հայի կեանքը որքան տրագեդիա կարող է պարունակել», - նշել է Ֆարհադին իր թողած պատգամում:

Ֆիլմը կրկնօրինակւած է եւ ցուցադրւելու է պարսկերէն տարբերակով: Կողքից նկատի է առնւել նաեւ իրական ձայնը ներկայացնելով առիթ տալ նաեւ օրիգինալ լեզւով եթերին, որը ներկայացւելու է պարսկերէն վազող տողերով:

Յատկանշական է, որ «Եւա»-ն համարւում է, որպէս Մերձաւոր Արեւելքում առաջին համատեղ արտադրւած ֆիլմը, որն ունի կին ռեժիսոր:

Ֆիլմի առաջին էկրանաւորումը կատարւելու է շաբաթ, մարտի 9-ին, ինչը «Մարտի 8-եան» լաւագոյն նւէրը կարող էր լինել կին ռեժիսորի համար: Ֆիլմի առաջին էկրանաւորումը կատարւելու է «Սինեմա Ֆարհանգ»-ում՝ հրաւիրեալ կինոգործիչների եւ արւեստագէտների համար: Իսկ բաց լսարանին այն հասանելի կը լինի միայն մարտի 16-ից նոյն «Սինեմա Ֆարհանգ»-ում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։