Հա

Մշակոյթ

06/03/2019 - 08:00

2018 եւ 2019 թւականների գրականութեան Նոբէլեան մրցանակը որոշեցին յանձնել միաժամանակ

Շւեդիայի գիտութիւնների թագաւորական ակադեմիան այս տարւայ աշնանը գրականութեան Նոբէլեան մրցանակը կը շնորհի միանգամից 2018 եւ 2019 թւականների համար:

«alikonline.ir» - Շւեդիայի գիտութիւնների թագաւորական ակադեմիան այս տարւայ աշնանը գրականութեան Նոբէլեան մրցանակը կը շնորհի միանգամից 2018 եւ 2019 թւականների համար: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, ասւած է Նոբէլի հիմնադրամի յայտարարութեան մէջ, որը տարածւել է մարտի 5-ին: «Գրականութեան Նոբէլեան մրցանակը վերստին շնորհւելու է, 2018 եւ 2019 թւականների դափնեկիրներին կը յայտարարեն այս աշնանը»,- նշւում է յայտարարութեան մէջ: Անցած տարւայ ընթացքում Նոբէլի հիմնադրամը եւ Շւեդիայի ակադեմիան «սերտ երկխօսութիւն էին վարում այդ մրցանակի շուրջ ծագած խնդիրների վերաբերեալ եւ հաւանութիւն են տւել մրցանակի շնորհման գործընթացի մի շարք կարեւոր փոփոխութիւնների»: Մասնաւորապէս, մրցանակի թեկնածուների ընտրութեանն այժմ մասնակցելու է հինգ անկախ փորձագէտ, որոնք Շւեդիայի ակադեմիայի անդամներ չեն: Նաեւ ընտրւել են ակադեմիայի մի քանի նոր անդամներ: Բացի այդ, Շւեդիայի ակադեմիայի անդամների թւում չկան այն մարդիկ, որոնց նկատմամբ քրէական հետապնդում է տարւում, ինչպէս նաեւ «Նոբէլեան կոմիտէում այժմ չկան անցեալ տարւայ իրադարձութիւնների հետ կապւած անձինք»:

Բացի այդ, ներկայում Շւեդիայի ակադեմիայում ուսումնասիրում են անդամութեան ժամանակաւոր սահմանափակումների կիրառման հնարաւորութիւնը եւ պլանաւորում են աւելի մեծ թափանցիկութիւն ապահովել ֆինանսական հարցերում: «Ընդհանուր առմամբ վերջին մէկ տարւայ ընթացքում Շւեդիայի ակադեմիան ձեռնարկել է կարեւոր քայլեր, որպէսզի յաղթահարի 2017 թւականի վերջին ծագած խնդիրները, դեռ աւելին էլ պլանաւորւած է»,- ընդգծւում է յայտարարութեան մէջ: Անցեալ տարւայ մայիսին Շւեդիայի ակադեմիան յայտարարեց 2018 թւականին գրականութեան Նոբէլեան մրցանակ չշնորհելու եւ դրա յանձնումը 2019 թւականին տեղափոխելու որոշման մասին: Պատճառը խոշոր սկանդալն էր՝ կապւած լուսանկարիչ Ժան Կլոդ Առնոյի հետ, որը Շւեդիայի վճռաբեկ դատարանի առջեւ կանգնեց սեռական բնոյթի յանցագործութիւնների գործով: Առնօն երկար տարիներ ի վեր ակտիւ մասնակցութիւն ունէր Գրականութեան նոբէլեան կոմիտէի գործունէութեանը: Մրցանակի չափը կազմում է 8 մլն. շւեդական կրոն (մօտաւորապէս 1 մլն. դոլար), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։