Հա

Մշակոյթ

07/03/2019 - 08:10

Թուրքիան պատրաստւում է վերանորոգել հայկական Օշվանքի եկեղեցին

Թուրքիայի Էրզրում (պատմական Կարին) նահանգի նահանգապետ Օքայ Մեմիշը յայտարարել է, որ պատրաստւում են վերանորոգել Օշվանքի եկեղեցին: 

«alikonline.ir» - Թուրքիայի Էրզրում (պատմական Կարին) նահանգի նահանգապետ Օքայ Մեմիշը յայտարարել է, որ պատրաստւում են վերանորոգել Օշվանքի եկեղեցին: «Օշվանքի եկեղեցում յատուկ աշխատանքներ են իրականացւելու եւ վերանորոգում իրականացնելուն պէս պատրաստւում ենք այն դարձնել զբօսաշրջային վայր»,- ըստ «Անադոլու» գործակալութեան` ասել է նա: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

Լրագրողներին տւած հարցազրոյցում Մեմիշը չի յիշատակել եկեղեցու հայկական ծագումը, աւելին` այն անւանել է վրացական: «Այս հրաշալի շինութիւնը, որը կառուցւել է 1050 թ., վրացիներից է մնացել եւ, անկեղծ ասած, շատ տպաւորւած եմ: Այստեղից հրաշալի զբօսաշրջային շահոյթ ենք ունենալու եւ ապահովելու ենք լուրջ աշխատատեղեր: Այստեղի վրայ ծախսը ջուրը չի ընկնի, քանի որ կարեւոր մշակութային արժէք է»,- ասել է նահանգապետը:

Ըստ Մեմիշի` Էրզրումը մի շարք մշակոյթների համատեղման վայր է եղել եւ դա իրենց ու «Անատոլիայի» տարբեր մշակոյթների եւ ազգերի հետ համատեղ գոյակցելու ամենամեծ ցուցադրումը է, քանի որ եկեղեցու կողքը կայ նաեւ մզկիթ:

Նշենք, որ 2010 թ. Վրաստանը փորձել էր վերանորոգման աշխատանքների ծախսերը իր վրայ վերցնել եւ, առիթից օգտւելով, այն ներկայացնել որպէս վրացական եկեղեցի:

Կարին նահանգում գտնւող Օշվանքի (յայտնի է նաեւ Օշկվանք, Օշավանք անուններով) եկեղեցին կառուցւել է 11-12-րդ դարում: Ըստ հայ ուսումնասիրողների` Օշկվանքի եկեղեցին կառուցւել է 10-11-րդ դարերում Տայքում իշխած քաղկեդոնականութիւն դաւանող հայ Բագրատունիների կողմից: Օշավանքի վանական համալիրից կանգուն են մնացել եկեղեցին, երեք մատուռը, գրադարանի շէնքը եւ ճաշարանը: Օշավանքը համարւել է ձեռագրերի ստեղծման եւ պահպանման կարեւորագոյն կենտրոն: Վանքն իր կարեւոր առաքելութիւնը կատարել է մինչեւ 15-րդ դարը՝ մինչ թուրքերի կողմից Կարինի զաւթումը: 18-րդ դարից մինչեւ 1980-ական թւականները եկեղեցին պղծւել է եւ ծառայել որպէս մզկիթ: 1985 թւականից եկեղեցին անցել է Թուրքիայի զբօսաշրջութեան եւ մշակոյթի նախարարութեան հսկողութեան տակ եւ սկսել փլուզւել: 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։