Հա

Մշակոյթ

10/03/2019 - 14:40

Թեհրանի «Մեծ վարագոյրից» երեւում է Եւայի լուսամուտը

Շաբաթ, մարտի 9-ին, Թեհրանում էկրան բարձրացաւ հայ-իրանական առաջին համատեղ արտադրւած ֆիլմը՝ «Եւա»-ն:

Ֆիլմի էկրանաւորումը տեղի է ունենում «Փորձառական արւեստի կինոկենտրոն»-ի (Սինամայէ հոնար-վա-թաջրոբէ) ձեւաչափով, որտեղ փոփոխական գրաֆիկով էկրանաւորւած ֆիլմերը հերթադրւում են ցուցադրութեան համար:

«ԱԼԻՔ» - Շաբաթ, մարտի 9-ին, Թեհրանում էկրան բարձրացաւ հայ-իրանական առաջին համատեղ արտադրւած ֆիլմը՝ «Եւա»-ն:

Ֆիլմի էկրանաւորումը տեղի է ունենում «Փորձառական արւեստի կինոկենտրոն»-ի (Սինամայէ հոնար-վա-թաջրոբէ) ձեւաչափով, որտեղ փոփոխական գրաֆիկով էկրանաւորւած ֆիլմերը հերթադրւում են ցուցադրութեան համար:

Անահիտ Աբադը ներկաներին ուղղւած իր շնորհակալական խօսքերից յետոյ նշեց, որ ուրախ է, որ դահլիճում կան մարդիկ, ովքեր ֆիլմ արտադրելու հնարաւորութիւն չունեն ու վաղուց չեն արտադրում: «Այստեղ ներկայ են Ջաֆար Փանահին ու Վարուժը: Նոյնպէս ուրախ եմ, որ կան՝ բազմաթիւ ֆիլմերի հեղինակ ու արտադրելու կարողութեամբ մարդիկ»:

Նա կարճ կապելով նշեց, որ ֆիլմի ցուցադրութեան մասին լրատւութեան համար բաւարարւում է իր ունեցած զինանոցով՝ սոցիալական կայքերով, եւ, որ չունի որեւէ այլ հնարաւորութիւն:

Ֆիլմի վարագոյրի պաշտօնական բացումը կատարւեց Ռասուլ Սադր-ամելիի խօսքերից յետոյ, ով անդրադարձ կատարելով Անահիտ Աբադի կտրած ճանապարհին նշեց, որ Անահիտն անցել է Բահրամ Բէյզայիի դպրոցը եւ լաւ է գիտակցում թէ ինչ բան է ժամանակի էութեան եւ ֆիլմարւեստի փորձաքարի հետ հաշւի նստելու կարեւորութիւնը: «Սա այն դէպքում, երբ մարդիկ չեկած ուզում են յայտնւել սելեբրիթիների ցուցակում ու հանրայայտ դառնալ՝ առանց ճանապարհի քրտինքը ճաշակելու»,- եզրափակեց իր ելոյթը յայտնի ռեժիսորը:

Նոյն առիթով խօսք տրւեց Իրանի ֆիլմարւեստի կին պրոդիւսեր՝ Ֆերեշթէ Թահերթուրին: Նա սկզբում նշեց, որ ուրախ է, որ վերջապէս արւեստի գործիչներն ուրախ առիթով են հանդիպում միմեանց, այլապէս վերջերս նման հաւաքներ լինում են միայն տխուր առիթներով: «Անահիտ Աբադի «Եւա»-ն հէնց այն ֆիլմն է, որով հնարաւոր է Իրանի կինոյի իրական հարթակը ճանաչել: «Եւա»-ն տարբերւում է, յատկապէս, նրանով, որ չի տրւել թեթեւամիտ ու ծաղր յիշեցնող թեմաների: Այս տարիներին բազմաթիւ են եղել այն ֆիլմերը, որնց որակը տեղն է եղել, սակայն երեւալու առիթը խլւել է նրանցից, երբ թեւ է տրւել ոչինչ չասող տեսակին»,- նշեց իրանական կինոյի հանրայայտ կին պրոդիւսերը եւ յաւելեց, որ կարեւոր չէ, թէ «Եւա»-ն ինչքան վաճառք ու եկամուտ կապահովի պատրաստող կողմին, կարեւորն այն է, որ Անահիտ Աբադի ֆիլմը ճշմարտութեան մասին է ու արժանապատւօրէն է անցնում այդ ճանապարհը:

Ընթացքում «Ֆարաբի» կինոկենտրոնի միջազգային կապերի գրասենեակի տնօրէն Ռաէդ Ֆարիդզադէն նշեց, որ երբ նման համատեղ արտադրութեան առաջարկն էր բարձրաձայնւում, բոլորն անմեղօրէն ժպտում էին մեզ ու նոյն անմեղութեամբ յաջողութիւն մաղթում: «Բայց դա արւեց, եւ արւեց որպէս առաջին համատեղ ֆիլմարտադրութեան փորձ մեր հարեւան երկրի հետ: Եւ «Եւա»-ն դարձաւ այդ անդրանիկ ծնունդը, որը նման մեծ նախագծերից առաջ կարող է ջերմութիւն պատճառել աշխատանքների մեկնարկին»,- նշեց նա:

Ցուցադրումից առաջ դահլիճը ծափահարութիւններով դիմաւորեց Վարուժ Քարիմ Մասիհիի ներկայութեան մասին յայտարարութիւնը:

Յատկանշական է, որ պատւաւոր հիւրերի շարքերում էին հանրապետութեան նախագահի կանանց հարցերով խորհրդական՝ Շահինդոխթ Մոլաւերդին, Իսլ. խորհրդարանում իրանահայ պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Սիրուս Ալւանդը, Ալի Ժաքանը, Հոմայուն Ասադեանը, Մոնա Զանդը, Ահմադ Մասջէդ-ջամէին, Ալի Ռեզա Թաբեշը, Շոջաէդդին Նուրին, «Ալիք» հաստատութեան, ինչպէս նաեւ ազգային մարմինների ու միութիւններից ներկայացուցիչներ, եւ մեծ թւով հայ ու պարսկալեզու հանդիսականներ:

Յիշեցնենք, որ «Եւա» ֆիլմը հանրութեանը հասանելի կը լինի սկսած մարտի 16-ից: 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։