Հա

Մշակոյթ

12/03/2019 - 14:10

Իրանի քանդակագործութեան մայրը. ինչպէս Լիլիթ Տէրեանը գրաւեց Թեհրանը

Լիլիթ Տէրեանին «Իրանի ժամանակակից քանդակագործութեան մայր» են անւանում. նրա աշխատանքները երկրում կարելի է ամենուր տեսնել, իսկ հայկական եկեղեցիների ու մշակութային կենտրոնների տարածքներում դրանք գրեթէ պարտադիր են։ Նա քանդակագործ ու նկարիչ է, որի աշխարհընկալումն ընդգրկել է հայկական, պարսկական ու եւրոպական մշակոյթի աւանդոյթները։ Տէրեանը կեանքի ընթացքում է փառքի արժանացել։ 

«alikonline.ir» - Լիլիթ Տէրեանին «Իրանի ժամանակակից քանդակագործութեան մայր» են անւանում. նրա աշխատանքները երկրում կարելի է ամենուր տեսնել, իսկ հայկական եկեղեցիների ու մշակութային կենտրոնների տարածքներում դրանք գրեթէ պարտադիր են։ Նա քանդակագործ ու նկարիչ է, որի աշխարհընկալումն ընդգրկել է հայկական, պարսկական ու եւրոպական մշակոյթի աւանդոյթները։ Տէրեանը կեանքի ընթացքում է փառքի արժանացել։ Այս մասին գրում է «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

Լիլիթ Տէրեանի աշխատանքները Իրանում կարելի է տեսնել ամենուր։ Նա հեռացել է կեանքից 88 տարեկանում, հեռացել է նոյնքան խաղաղ ու հանգիստ, ինչպէս եւ ապրել է։

Նա փոքր հասակից հակւած էր կերպարւեստին։ Պլաստիլին, կաւ, մատիտ, ստւարաթուղթ, սոսինձ...

Դպրոցից յետոյ Լիլիթ Տէրեանը Թեհրանում համալսարան է ընդունւել։ Նա մէկ տարի կերպարւեստի տեսութիւն է ուսումնասիրել` մանկապատանեկան սիրողական փորձ ունենալով։ Մէկ տարի անց ժամանակն եկաւ համատեղել մեծ հասակում ձեռք բերւած տեսական գիտելիքներն ու պրակտիկան նոր, մասնագիտական մակարդակով. թեհրանեան համալսարանի շրջանակը նեղ էր եւ՛ գաղափարապէս, եւ՛ աշխարհագրօրէն։ Տէրեանը Ֆրանսիա է մեկնում։

Իհարկէ Փարիզ. էլ ուր պիտի մեկնի նկարիչը գիտութեան ու ոգեշնչման համար։ Ֆրանսիայի մայրաքաղաքում կերպարւեստի բարձրագոյն դպրոցը Տէրեանին տւեց այն, ինչ «կեանքի ուղեգիր» են անւանում։

Երեւի Լիլիթ Տէրեանը կարող էր մնալ Փարիզում, որտեղ տաղանդաւոր նկարիչը չի կորում։ Կը լինէին ցուցահանդէսներ, արագ եւրոպական (կամ նոյնիսկ համաշխարհային) ճանաչում, ու եթէ թէկուզ նա կեանքի օրոք դասական չդառնար, ապա սեփական սրահն ու պատկերասրահ կը բացէր` ամբողջ կեանքում յաճախորդներ ու հասարակութեան մէջ բարձր կարգավիճակ ապահովելով։

Բայց, այնուամենայնիւ, նախընտրեց վերադառնալ Իրան։ 1960 թւականից Տէրեանը դասաւանդել է Թեհրանի տարբեր համալսարաններում, կերպարւեստի քոլեջում։ Իրանում վաղուց արդէն սովոր են, որ երիտասարդ քանդակագործները (իսկ, երբեմն, նոյնիսկ գեղանկարիչները) գրեթէ բոլորը Լիլիթ Տէրեանի աշակերտներն են։ Ժամանակի ընթացքում նրան սկսել են անւանել «Իրանի ժամանակակից քանդակագործութեան մայր»։ Այս տիտղոսն ինքնին յայտնւեց, երբ Թեհրանի հայկական եկեղեցիներից մէկի բակում տեղադրւեց Տէրեանի կերտած Մեսրոպ Մաշտոցի քանդակը։

2007 թւականին իրանական իշխանութիւնը վաստակաւոր քանդակագործին նւիրւած յատուկ երեկոյթ էր կազմակերպել Իմամ Ալի անւան կրօնական արւեստի թանգարանում։ Դա եղաւ քաղաքային քանդակի 6 բիենալէից յետոյ։

«Ես բաւական փակ մարդ եմ, չեմ սիրում երկար-բարակ խօսել։ Աւելի լաւ է արտայայտւեմ գծով, գոյնով, ձեւով»,- ինքն իր մասին ասում էր Լիլիթ Տէրեանը։ Այդպէս էլ կար։

Տէրեանն աջ ու ձախ հարցազրոյցներ չէր տալիս, նկարահանումներն էլ առանձնակի չէր սիրում, աւելի լաւ է աշխատանքները նկարահանէք, խորհուրդ էր տալիս նա լրագրողներին ու կինոռեժիսորներին։

Ու միեւնոյնն է՝ ուշադրութեան կենտրոնում էր մնում։ Դրա հետ կապւած պէտք է հերթական անգամ նշել իրանական իշխանութեան ուշադրութիւնը իրենց երկրում ապրող ոչ միայն անւանի, այլեւ պարզապէս յայտնի մարդկանց հանդէպ։

Այս մասին է վկայում իրանական այն պետպաշտօնեանների ցանկը, որոնք իրենց պարտքն են համարել ցաւակցութիւն յայտնել Լիլիթ Տէրեանի հեռանալու կապակցութեամբ։ Նրանց շարքում են` Ւրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Բահրամ Ղասեմին, Իրանի իսլամական ուղղւածութեան ու մշակոյթի նախարար Մոջթաբա Հոսէյնին, այլ ծառայութիւնների ու գերատեսչութիւնների ղեկավարներ։

Նոր Հայաստանում մշակոյթի նախարարութիւն չի լինելու, հաւանաբար այդ պատճառով է, որ մեծն քանդակագործի, մեր հայրենակցի մահւանը միայն մի քանի լրատւամիջոցներ էին անդրադարձել։

Թեհրանում լինէք, անպայման այցելէք Սուրբ Աստւածամօր ու Սուրբ Թարգմանչաց եկեղեցիներ. սկզբում բակում Տէրեանի հեղինակած արձաններին նայէք, իսկ յետոյ բուն տաճարներում մոմեր այրէք։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։