Հա

Մշակոյթ

13/03/2019 - 10:00

Հայ խոհարարները վճռական են տրամադրւած. աշխարհը նորովի կը փորձի հայկական տոլման

Հայկական խոհանոցը եւ խոհարարները շուտով նորովի կը ներկայանան աշխարհին։ Կը գործարկւի միասնական խոհարարական ապրանքանիշ եւ կը ստեղծւի ազգային ակադեմիա։

«alikonline.ir» - Հայկական խոհանոցը եւ խոհարարները շուտով նորովի կը ներկայանան աշխարհին։ Կը գործարկւի միասնական խոհարարական ապրանքանիշ եւ կը ստեղծւի ազգային ակադեմիա։

Հայաստանում կը ստեղծւի ազգային խոհարարական ակադեմիա, որը թոյլ կը տայ որակապէս նոր մակարդակի բարձրացնել հայկական խոհարարութիւնը։ Այս մասին «Sputnik» Արմենիայի թղթակցի հետ զրոյցում ասաց Հայ խոհարարական աւանդոյթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպութեան նախագահ Սեդրակ Մամուլեանը։

Ակադեմիան կը գործարկւի Սեդրակ Մամուլեանի անւան խոհարարական ստուդիայի հիման վրայ, որն երէկ բացւել է Երեւանում։

«Մենք ամէն ինչ ունենք ազգային խոհարարական ակադեմիա ստեղծելու համար։ Դա թոյլ կը տայ նախապատրաստել աւելի բարձր մակարդակի խոհարարների, որոնք կը համապատասխանեն միջազգային չափանիշին»,- ասաց Մամուլեանը։

Նրա խօսքով` այս ճանապարհին առաջին փուլը խոհարարական ակադեմիայի բացումն է։ Ցանկացողները երեք ամսւայ ընթացքում իւրացնում են խոհարարութեան գաղտնիքները` սկսած ճաշատեսակների անւանումներից, վերջացրած մթերքների մշակման ճիշտ մեթոդով եւ տեխնիկայի ուսումնասիրութեամբ։ Դասընթացների աւարտին ուսանողները կարող են հեշտութեամբ աշխատանքի անցնել` որպէս խոհարարի օգնական։

Մամուլեանը եւ նրա թիմը 5 տարի պատրաստւել են ստուդիայի բացմանը` անցկացնելով տարբեր փորձեր։ Դասընթացների ծրագիրը կառաջարկւի պետական կրթական համակարգին։

Ի դէպ, այս փուլում խոհարարները Մամուլեանի գլխաւորութեամբ աւարտել են ճաշատեսակների ցուցակի ձեւաւորման փուլը միասնական ազգային խոհարարական ապրանքանիշի համար։ Ազգային ճաշատեսակների ցուցակ կազմելու որոշումը, որոնք ազգային ապրանքանիշ կը դառնան եւ կը ներկայացւեն աշխարհին, ընդունւել է 2018 թ.-ի դեկտեմբերին հասարակական կազմակերպութեան 5-րդ համագումարում։

Մամուլեանի թիմն աւելի քան հազար հայկական աւանդական ճաշատեսակներից ընտրել է 35-ը։ Այնպիսի բաղադրատոմսեր են ընտրւել, որոնք արտացոլում են հայկական խոհարարութեան ոգին եւ իւրայատկութիւնը, ինչպէս նաեւ հեշտ են պատրաստման մէջ` տոլմա, ղափամա, քալագեոշ, հարիսա, ժինգեալով հաց եւ այլն։

Ցուցակի մէջ մտել են տաք ճաշատեսակներ, նախաճաշեր, աղանդերներ, սառը նախուտեստներ։ Մամուլեանի թիմը պատրաստւում է հասնել նրան, որ այս կամ այն ճաշատեսակի անւանումը նշելիս աշխարհում միանգամից իմանան, որ այն հայկական է։

Յաջորդ փուլը ցուցակը Հայաստանի իշխանութիւններին ներկայացնելն է։

Յիշեցնենք, որ հասարակական կազմակերպութիւնը գործում է արդէն 11 տարի։ Մամուլեանը հաւաքել է համախոհներին, որոնց շարքում եղել են խոհարարներ, ռեստորատորներ եւ շեֆ խոհարարներ Ռուզաննա Նահապետեանը, Արտաւազդ Սարուխանեանը, Գարիկ Գէորգեանը, Գրիշա Անտինեանը։

Նրանց գործունէութիւնը սկսւել է աւանդական հայկական ճաշատեսակների ուսումնասիրութիւնից, որոնք մատուցւել են սեղանին ժողովրդական եւ կրօնական տօների ժամանակ։ Բաղադրատոմսերի համար շրջել են երկրի մարզերով։ Բացի այդ, կազմակերպութեան մասնագէտները համայնքների եւ դեսպանատների աջակցութեամբ ուսումնասիրել են տարբեր երկրներում գտնւող արխիւները։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։