Հա

Մշակոյթ

18/03/2019 - 13:20

Վաշինգտոնում Ֆրանկոֆոնիայի փառատօնի մեկնարկը տրւել է Շառլ Ազնաւուրին նւիրւած միջոցառումով

Միացեալ Նահանգների մայրաքաղաքում Ֆրանկոֆոնիայի այս տարւայ փառատօնը բացւել է Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանատանը՝ Շառլ Ազնաւուրին նւիրւած երեկոյով:

«alikonline.ir» - Միացեալ Նահանգների մայրաքաղաքում Ֆրանկոֆոնիայի այս տարւայ փառատօնը բացւել է Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանատանը՝ Շառլ Ազնաւուրին նւիրւած երեկոյով: Ըստ «Tert.am»-ի՝ տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը:

Ազնաւուրն իրօք եզակի էր. նրա կերպարն իր մէջ կարողացաւ մարմնաւորել Ֆրանկոֆոնիայի էութիւնը՝ իր խորութեամբ եւ միաժամանակ բազմազանութեամբ. այս մասին իր ելոյթում նշել է Ֆրանկոֆոնիայի փառատօնում այժմ նախագահող Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսեանը:

«Նրա ժառանգութիւնը շարունակելու է ապրել միլիոնաւոր մարդկանց սրտերում, մարդկանց, ում ոգեւորել է թէ՛ նրա արւեստը եւ թէ՛ նրա կեանքը»,-ասել է նա:

Սպիտակի երկրաշարժից յետոյ Հայաստանին հսկայական օգնութեան համար Հայաստանի ազգային հերոսի կոչումը կրող Ազնաւուրը նաեւ յատուկ մեդալի էր արժանացել Իսրայէլի նախագահից՝ Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրեաներին փրկելու համար:

«Չնայած, որ Ազնաւուրը մեզ հետ չէ, նրա արւեստն անմահ է՝ ժամանակը դրա դէմ անզօր է: Նրա երգերը կարծես ոչ թէ նրա կողմից մեզ մատուցւած լինեն այլ՝ մեր սեփական հոգում են ծնւել»,- ասել է երգչուհի Իւլիա Կանտորը:

Ֆրանկոֆոնիայի փառատօնը Միացեալ Նահանգների մայրաքաղաքի հիմնական մշակութային փառատօններից մէկն է: Դրա շրջանակներում Վաշինգտոնի հիմնական թանգարաններում կազմակերպւում են յատուկ ցուցահանդէսներ, անցնում են ներկայացումներ եւ յատուկ կինօ փառատօններ:

Ազնաւուրի երգերը կատարող երգիչ Մաքս Քոհենը նշել է, որ անձամբ էր ճանաչում մաեստրոյին.«Ես ծնւել էի Մարոկկոյում եւ մեծացել Ազնաւուրի երգերի վրայ: Նա ինձ համար ողջ տիեզերք էր եւ ես հպարտ եմ, որ կատարում եմ նրա երգերը: Յոյս ունեմ, միայն, որ սխալ չեմ կատարում»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։