Հա

Մշակոյթ

06/04/2019 - 09:40

Լուսիկ Ագուլեցու բնակարանը կը վերածւի տուն-թանգարանի

Տունը, որտեղ երկար տարիներ ապրել եւ ստեղծագործել է ՀՀ մշակոյթի վաստակաւոր գործիչ նկարչուհի, ազգագրագէտ Լուսիկ Ագուլեցին, նրա ընտանիքի անդամների նախաձեռնութեամբ եւ «Ագուլեցի» հիմնադրամի աջակցութեամբ կը դառնայ տուն-թանգարան:

«alikonline.ir» - Տունը, որտեղ երկար տարիներ ապրել եւ ստեղծագործել է ՀՀ մշակոյթի վաստակաւոր գործիչ նկարչուհի, ազգագրագէտ Լուսիկ Ագուլեցին, նրա ընտանիքի անդամների նախաձեռնութեամբ եւ «Ագուլեցի» հիմնադրամի աջակցութեամբ կը դառնայ տուն-թանգարան:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ` տուն-թանգարանի բացման հանդիսաւոր արարողութիւնը տեղի կունենայ այսօր՝ ապրիլի 6-ին:

«Ներկայացւելու է այն ամէնը, ինչ ստեղծել եւ հաւաքել է Լուսիկ Ագուլեցին իր ստեղծագործական կեանքի ընթացքում: Ցուցադրւելու են նրա կտաւները, Ագուլեցու տարազները, արծաթեայ իրերը, ամուսնու` քանդակագործ Իւրի Սամուէլեանի աշխատանքները եւ այլ ցուցանմուշներ»,- մեզ հետ զրոյցում պատմեց տուն-թանգարանի արտ-տնօրէն Նարինէ Մադունցը:

Նրա խօսքով` տուն-թանգարանին կից բացւելու է արտ-սրճարան, որտեղ կը ներկայացւի հայկական մշակոյթի կարեւոր մաս կազմող խոհանոցն իր ամբողջ հարստութեամբ ու բազմազանութեամբ: «Մենք չենք ցանկանում, որ սրճարանը պարզապէս սնւելու վայր դառնայ. մշակութային մթնոլորտ ենք ստեղծելու, որտեղ կարող են լաւ ժամանակ անցկացնել ինչպէս երիտասարդները, այնպէս էլ միջին եւ աւագ սերունդների ներկայացուցիչները»,- շեշտեց նա:

Մադունցն ընդգծեց, որ տուն-թանգարանի հանդէպ հետաքրքրութիւնը մշտապէս պահելու նպատակով թանգարանում եւ բակի սրճարանում ժողովրդական համերգներ, նկարչութեան, պարի եւ այլ վարպետութեան դասեր կը կազմակերպեն: Միջոցառումները կը լինեն բազմազան ու յագեցած: Կանցկացւեն ֆիլմերի ցուցադրութիւններ, քննարկումներ:

Արտ-տնօրէնը խոստովանեց, որ մեծ պատասխանատւութիւն են կրում Ագուլեցու եւ հայ ժողովրդի առաջ, քանի որ Ագուլեցին բոլոր ցուցանմուշները հաւաքել էր, ստեղծել էր մշակութային արժէքներ սերունդներին փոխանցելու համար: «Մենք իրաւունք չունենք այդ ամէնը չցուցադրել»,-եզրափակեց Մադունցը:

Լուսիկ Ագուլեցին ծնւել է 1946 թւականի մայիսի 31-ին Նախիջեւանի Ագուլիս քաղաքում: 1953 թւականին ընտանիքով տեղափոխւել է Երեւան։ Սովորել է Երեւանի Փանոս Թերլեմեզեանի անւան գեղարւեստի ուսումնարանում: Ուսումնառութեան տարիներին արժանացել է «Աւանգարդ» թերթի յատուկ մրցանակին։ Ագուլեցու կտաւները գտնւում են Հայաստանի եւ արտերկրի թանգարաններում, մասնաւոր հաւաքածուներում։

Նա կեանքից հեռացել է 2018 թւականի յուլիսի 13-ին:

«Նկարչութիւնն ինձ օգնեց ծաւալւելու մշակոյթի տարբեր ճիւղերում, տեսնելու, ընկալելու եւ գնահատելու այն արժէքները, որոնք ստեղծել է մեր ժողովուրդը, ուստի ուսումնասիրում եմ ժողովրդական մշակոյթը, յատկապէս ազգային տօները, ծեսերը, տարազները»,- ասել է Լուսիկ Ագուլեցին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։