Հա

Մշակոյթ

11/04/2019 - 09:30

Յայտնաբերւել եւ Հայաստան են բերւել Կոմիտասի 5 նամակներ

«Կոմիտասի 150-ամեայ յոբելեանը բաւականին պատասխանատու իրադարձութիւն է մեզ համար»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց արւեստագիտութեան թեկնածու, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրէն Նիկոլայ Կոստանդեանը։

«alikonline.ir» - «Կոմիտասի 150-ամեայ յոբելեանը բաւականին պատասխանատու իրադարձութիւն է մեզ համար»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց արւեստագիտութեան թեկնածու, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրէն Նիկոլայ Կոստանդեանը։ Գրում է «Panorama.am»-ը:

Նրա խօսքով, այս տարի Կոմիտասի թանգարան-ինստիտուտը կոմիտասագիտական նոր հետազօտութիւններ է իրականացրել Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայութեան (DAAD) հետ համատեղ։

«Կարողացել ենք հետազօտութիւն իրականացնել գերմանական, սաքսոնական արխիւներում եւ այլ հաստատութիւններում, որտեղ առնչութիւն կայ Կոմիտասի կեանքի, ստեղծագործական գործունէութեան վերաբերեալ։ Որոշակի նիւթեր են հայթայթւել, որոնք իրենց ուրոյն տեղը կունենան եւ հետազօտութիւնների, եւ կոմիտասագիտութեան վերաբերեալ հետագայ ուսումնասիրութիւններում»,- ասաց Ն. Կոստանդեանը։

Նա նշեց, որ ծրագիրն ամբողջովին ֆինանսաւորել է «DAAD» գրասենեակը, գերմանական կողմը։

Արւեստագիտութեան թեկնածու, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Լիլիթ Յարութիւնեանն ասաց, որ դեռ 2015 թւականից իրենք կարողացել են պայմանաւորւածութիւն ձեռք բերել սաքսոնական արխիւների, նաեւ Գերմանիայի ակադեմիական այլ հաստատութիւնների հետ հետագայ համագործակցութիւն կազմակերպելու ուղղութեամբ։

«Այս տարի փետրւարից սկսած Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայութեան հովանաւորութեամբ կարողացայ մեկնել Գերմանիա՝ Լայպցիկ, երկու ամիս աշխատել եմ սաքսոնական արխիւում, նաեւ Լայպցիգի Մենդելսոնի անւանի երաժշտութեան բարձրագոյն դպրոցում։ Որոնումները կատարել ենք մի քանի ուղղութեամբ։ Ուսումնասիրել ենք նամակները, անհատական նամակագրութեան ֆոնդերը։ Մեծ ուրախութեամբ կարող ենք նշել, որ դատարկ հետ չենք եկել։ Բերել ենք 5 նամակ, տարբեր թւականներին են գրւած, հասցէագրւած են Կոմիտասին՝ Էջմիածին։ Դրանք մշակման կարիք ունենք, որոշ ձեռագրեր դժւար ընթեռելի է, պէտք է վերծանեն։ Պարզ է այս նամակների արժէքը Կոմիտասի կենսագրութեան պատկերն աւելի ամբողջական դարձնելու համար»,- նշեց նա։

Կոմիտասագէտ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտ.խորհրդի անդամ Լուսինէ Սահակեանն ասաց, որ Կոմիտասին առնչւող, նրա հետ շփւող, նրա ժամանակակիցների յուշագրութեան փաստաթղթերը, նամակները մեծապէս կարող են նպատսել Կոմիտասի մասին առաւել ամբողջական, անկողմնակալ կարծիք կազմելու համար։

Արւեստագիտութեան դոկտոր, պրոֆեսոր, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտ.խորհրդի նախագահ Մհեր Նաւոյեանը կարեւորեց արխիւային փաստաթղթերի ուսումնասիրութիւնը, նշեց, որ նման կարգի փաստաթղթերը գտնելն ու մէջտեղ բերելը բացում են Կամիտաս-Եւրոպա, Կոմիտաս-աշխարհ, Կոմիտաս-ժամանակակիցներ առնչութիւնները, դրանք հնարաւորութիւն կը տան առաւել փաստագրւած ու հիմնաւորւած կերպով աշխարհին ներկայացնելու համար։

Նա նշեց, որ կարեւոր են նաեւ Պոլսում գտնւող փաստաթղթերի ուսումնասիրութիւնը, որքան էլ փակ լինեն, պէտք է ձեւեր գտնել եւ հետազօտութիւններ անցկացնել։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։