Հա

Մշակոյթ

14/04/2019 - 11:00

Ամէն գիրք իր ճակատագիրն ունի. ինչպէս համազգային աղէտից փրկւած ձեռագրերը հասան Հայաստան

Մէկ դար առաջ պատմական Գողթն գաւառի Ագուլիս աւանում տեղի ունեցած ջարդի ու հայկական թաղամասի հրդեհի հետեւանքով Սբ. Թովմա Առաքեալ վանքի ձեռագրական հաւաքածուն ցաքուցրիւ էր եղել։ Վանքի գրապահոցի 100-ից աւելի ձեռագրերից մի քանիսը, անցնելով գաղթի ճանապարհներով, այսօր հայրենիքում են։

«alikonline.ir» - Մէկ դար առաջ պատմական Գողթն գաւառի Ագուլիս աւանում տեղի ունեցած ջարդի ու հայկական թաղամասի հրդեհի հետեւանքով Սբ. Թովմա Առաքեալ վանքի ձեռագրական հաւաքածուն ցաքուցրիւ էր եղել։ Վանքի գրապահոցի 100-ից աւելի ձեռագրերից մի քանիսը, անցնելով գաղթի ճանապարհներով, այսօր հայրենիքում են։ Գրում է «Sputnik» Արմենիան:

Ամէն ձեռագիր մարդու պէս իր ճակատագիրն ունի։ Հայոց հնագոյն ձեռագրերի ճակատագիրը նման է հայի ճակատագրին` տարագրութիւն, կորուստներ, վերադարձ հայրենիք։ Հայոց ձեռագիր արժէքներին այս բնորոշումն է տալիս Երեւանի Մատենադարանի գլխաւոր աւանդապահ, պատմական գիտութիւնների դոկտոր Գէորգ Տէր-Վարդանեանը, որն իր կեանքի մեծ մասը նւիրել է ձեռագրերի ուսումնասիրութեանը:

Այս նոյն ճակատագրով, 100-ամեակների դեգերումներից յետոյ անցեալ տարի Հայաստան հասան 3 արժէքաւոր ձեռագրեր` «Հայսմաւուրքը», Սարգիս Շնորհալու «Մեկնութիւնը» եւ «Գանձարանը»։

Դրանցից ամենահինը, ամենաարժէքաւորն ու ծաւալով ամենամեծը 12-րդ դարի հեղինակ Շնորհալու «Կաթողիկեայ թղթերի մեկնութիւնն» է։

Միւս երկուսը` «Գանձարան»-ն ու «Հայսմաւուրքը,» 15-րդ դարում գրւած ձեռագրեր են։ «Գանձարան»-ում տօնակարգով գրւած չափածոյ գործեր են, որոնք ընթերցւում եւ երգւում էին եկեղեցում։ «Հայսմաւուրքը» եւս ծիսամատեան էր, որը պարունակում էր տարւայ իւրաքանչիւր օրը նահատակւած կամ ննջած սրբերի համառօտ վկայաբանութիւնները, վարքերը, տերունական տօների մասին յօդւածներ, տօնախօսութիւններ։ Այս ձեռագիրը նախատեսւած էր եկեղեցական ամենօրեայ ժամերգութիւններին ընթերցելու համար։

«Մենք այս ձեռագրերի մասին գիտէինք 1907 թ.-ին արւած նկարագրութիւններով։ Էջմիածնական մի վարդապետ` Ագուլիսի Սբ. Թովմա Առաքեալ վանքի առաջնորդը, նկարագրել է այդ ձեռագրերը, եւ նկարագրութիւնները, փառք Աստծոյ, պահպանւել են։ Հիմա, երբ բնագրերը եկան, նկարագրութիւնները դրանցով ամբողջանում են, մեր պատկերացումներն աւելի յստակ են դառնում»,- պատմում է Մատենադարանի գլխաւոր աւանդապահը։

Բոլոր երեք ձեռագրերը ժամանակին պահւել են Ագուլիսի Սբ. Թովմա Առաքեալ վանքում, բայց ուղիղ մէկ դար առաջ Ագուլիսից տարւել են Թաւրիզ, աւելի ուշ իրենց փրկիչների հետ հասել Բէյրութ, այնտեղից էլ` Հայաստան։

«1918 թ.-ի վերջին Ագուլիսում տեղի ունեցած ջարդի ու հայկական թաղամասի հրդեհի հետեւանքով Ագուլիսի Սբ. Թովմա Առաքեալ վանքի ձեռագրական հաւաքածուն ցանուցիր էր եղել։ Վանքն առաջնորդանիստ էր, այսինքն` Նախիջեւանի գաւառի եկեղեցական կենտրոն։ Վանքի գրապահոցում 100-ից աւելի ձեռագրեր կային։ Դրանցից տարբեր տեղեր ընկել են առանձին հատիկներ։ Մեծ մասը մեզ չի հասել»,- ասաց Տէր-Վարդանեանը։

Ինչպէս եւ ում ձեռքով են փրկւել անցած տարի Հայաստան բերւած ձեռագրերը, յայտնի չէ։ Տէր-Վարդանեանը ենթադրում է, որ, ինչպէս շատ այլ հնագոյն ձեռագրեր, այնպէս էլ այս երեքը կարող էին Թաւրիզ հասնել Հայաստանի առաջին Հանրապետութեան դաշնակցական իշխանութիւնների ձեռքով, որոնք անցել են Արաքսն ու ապաստան գտել Թաւրիզում։

Յայտնի է միայն, որ Թաւրիզում այս ձեռագրերն ընկել են Մելքոն Յակոբեանի ձեռքը։ Նրանից անցել են որդուն` Էմիր Յակոբեանին, որը պարսկական բանակի գնդապետ էր։ Նրա անձնական արխիւի շատ այլ նմուշներ էլ տարիներ առաջ են բերւել Հայաստան ու հիմա պահւում են Մատենադարանում։

Ծանր ճանապարհ անցած, պատմութիւն ունեցող գիրքը շատ յաճախ կազմ չի ունենում, մասնատւած է լինում, որոշ հատւածներ երբեմն նոյնիսկ անհետ կորչում են։ Հիմնականում կորստի են մատնւում գրքերի սկիզբն ու վերջը` յիշատակարանը եւ կազմը։

Գէորգ Տէր-Վարդանեանը նշում է, որ նման ճակատագիր են ունեցել նաեւ Հայաստան հասած 3 վերոյիշեալ գրքերից 2-ը։

«Հայսմաւուրքն ու Սարգիս Շնորհալու մեկնութիւնը անկազմ են։ Չափերով մեծ են, մօտաւորապէս A3 ֆորմատից քիչ աւելի մեծ թղթի չափով` 21x 42։ Կազմից բացի, դրանցում նաեւ սկզբից ու վերջից որոշ մասեր պակասում են։ Գանձարանի կազմը պահպանւած է։ Այն թէեւ չափերով զիջում է միւս երկուսին, բայց ոչ արժէքով»,- ասաց Տէր- Գրիգորեանը։

Նրա խօսքով` որպէս կանոն, հայոց ձեռագրերի մասնատումը մեկնաբանւում է Ցեղասպանութեան ժամանակ, գաղթի ճանապարհներին դրանց տեղափոխումը հեշտացնելու ցանկութեամբ։ Նման մի պատմութիւն է վերագրւում նաեւ Մատենադարանում պահւող հայերէն ամենամեծ մագաղաթեայ ձեռագրին` «Մշոյ ճառընտիրին»։ Տէր-Գրիգորեանի խօսքով, սակայն, դա լոկ առասպել է, իրականում ձեռագիր մատեանը կիսւել է 1828 թ.-ին։

«Կիսողը եղել է Մշոյ Առաքելոց վանքի վանահայր Յովհաննէս Մուրադեան Վարդապետը։ Կիսել է, որպէսզի հեշտ ու հնարաւոր լինի բարձրացնել եւ դնել գրակալի վրայ` եկեղեցում կարդալու համար»,- ասաց նա։

«Հայսմաւուրք»-ը, «Սարգիս Շնորհալու մեկնութիւն»-ն ու «Գանձարան»-ը շուրջ 1 տարի առաջ Երեւանի Մատենադարանին է նւիրել Համազգային հայ կրթական եւ մշակութային միութիւնը` 14-20-րդ դարերի արժէքաւոր այլ 24 ձեռագրերի հետ։

Այս նւիրատւութիւնը ամենախոշորն էր Երեւանի Մատենադարանի վերջին 15 տարւայ պատմութեան ընթացքում:

Ընդհանուր առմամբ 2018 թ.-ին Մատենադարանը 51 նոր ձեռագրեր է նւէր ստացել, որոնց թւում կան նաեւ այլ գրքերից ու այլ հնագոյն ձեռագրերից պոկւած պատառիկներ։

Հնագոյն ձեռագրերի նւիրատւութիւնների այս բացառիկ զարթօնքը Մատենադարանի գլխաւոր աւանդապահ Գէորգ Տէր-Վարդանեանը պայմանաւորում է նաեւ 2018 թ.-ին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձութիւններով ու համազգային միասնութեան զարթօնքով։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։