Հա

Մշակոյթ

16/04/2019 - 10:50

Արգենտինական քոլեջում հայ երաժշտութեան, հայկական նւագարանների պատմութիւնը դասաւանդւում է որպէս առանձին առարկայ

Արգենտինայի Կորդոբա քաղաքի երաժշտական կրթութեան մասնագիտական քոլեջում հայ երաժշտութեան, հայկական նւագարանների պատմութիւնը սկսել է դասաւանդւել որպէս առանձին առարկայ: Նախաձեռնութիւնը Արգենտինայում բնակւող երաժիշտ, դուդուկահար Գագիկ Գասպարեանինն է: 

«alikonline.ir» - Արգենտինայի Կորդոբա քաղաքի երաժշտական կրթութեան մասնագիտական քոլեջում հայ երաժշտութեան, հայկական նւագարանների պատմութիւնը սկսել է դասաւանդւել որպէս առանձին առարկայ: Նախաձեռնութիւնը Արգենտինայում բնակւող երաժիշտ, դուդուկահար Գագիկ Գասպարեանինն է: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նշեց, որ դա մէկ օրւայ գործ չէ, այն արդէն 22 տարի իր հետեւողական աշխատանքի արդիւնքն է:

«Պաշտօնապէս արգենտինական քոլեջում հայ մշակոյթը ընդունւեց որպէս առանձին առարկայ: Շատ հպարտ եմ, ուրախ եմ, որ կարողացայ հասնել դրան: Այս քայլի միջոցով օտարազգի երիտասարդները հնարաւորութիւն ունեն ծանօթանալու հայկական երաժշտութեանը, ժողովրդական գործիքներին: Ես կարծում եմ, որ մշակոյթը Հայաստանը ճանաչելու կարեւոր բանալին է»,- ասաց Գագիկ Գասպարեանը:

Երաժիշտը պատմում է, որ հայ մշակոյթը, որպէս առանձին առարկայ դասաւանդելու իր առաջարկը շատ ոգեւորութեամբ ընդունւեց: Եւ դա պատահական չէր, որովհետեւ տարիներ շարունակ նա հետեւողական աշխատել է Արգենտինայի երաժշտութեան ոլորտի մասնագէտների, կրթական հաստատութիւնների հետ եւ ներկայացրել հայկական երաժշտութիւնը:

«Երբ առաջարկով հանդէս եկայ քոլեջի ղեկավարութեանը, այն շատ ուրախութեամբ ընդունւեց: Ի դէպ, առաջին դասախօսութիւնը կայացել է ապրիլի սկզբին, լսարանում մեծ ոգեւորութիւն էր տիրում: Ներկաներին հետաքրքրիր էր մեր պատմութիւնը, մեր մշակոյթը: Փորձը ցոյց է տալիս, որ եթէ մենք մեր մշակոյթը կարողանում ենք ճիշտ շեշտադրմամբ ներկայացնել, ապա այն օտարազգիներին հետաքրքիր է: Արգենտինայում հայերը 100 տարի է ապրում են: Եթէ սկզբում փակւած ենք եղել, ապա վերջին տարիներին այլ միտում է նկատւում: Ձգտում ենք աւելի լայն շրջանակին ներկայացնել մեր մշակոյթը՝ համագործակցելով արգենտինացի երաժշտագէտների հետ: Այսօր հասել եմ այն փուլին, որ հայ մշակոյթը ներկայացնելու առաջարկներն արդէն ինձ են անում»,- ասաց Գագիկ Գասպարեանը: Նա նկատեց, որ Արգենտինայի այլ կրթական հաստատութիւնների հետ եւս ընդգրկուն համագործակցութիւն կայ: Տարւայ ընթացքում Հայաստանից հրաւիրւած երաժիշտների հետ համերգներով ու դասախօսութիւններով են հանդէս գալիս: 2015 թւականին էլ Չիլլիի Մշակոյթի նախարարութիւնը որոշում ընդունեց ամբողջ մէկ տարին նւիրել հայ մշակոյթին: Այդ ընթացքում հայկական երաժշտութեան, գործիքների, պատմութեան մասին 15 դասախօսութիւններ են կարդացւել:

Գագիկ Գասպարեանը նշեց, որ տարւայ ընթացքում հայ տարբեր երաժիշտների է հրաւիրելու, որպէսզի իրենից բացի Կորդոբայի երաժշտական կրթութեան քոլեջում դասախօսութեամբ հանդէս գան:

«Ծրագրի մեկնարկը միայնակ եմ տւել, բայց ուզում եմ ընդգրկել այլ երաժիշտների, որ իրենք էլ իրենց ներդրումն ունենան: Շատ մեծ գործ է հայ մշակոյթը օտար երկրներում աւելի լայն շրջանակին ներկայացնելը: Իմ ցանկութիւնն է ամէն տարի երաժիշտների, ժողովրդական, լարային, փողային գործիքների կատարողների հրաւիրել»,- ասաց նա: Գագիկ Գասպարեանը նկատեց, որ հայ մշակոյթը ներկայացնելու իր ծրագրերը նաեւ զբօսաշրջային նշանակութիւն ունեն: Շատերը ոչ միայն պարզապէս հետաքրքրւում են հայ մշակոյթի պատմութեամբ, այլեւ ցանկութիւն են յայտնում հէնց տեղում ծանօթանալու Հայաստան երկրին: Եւ արդէն Արգենտինայից 37 անձի հետ պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել Հայաստան ուղեւորւելու համար:

Գագիկ Գասպարեանը տարիներ շարունակ աշխատել է հայկական երաժշտութիւնը, հայկական երաժշտական գործիքները, յատկապէս դուդուկը Արգենտինայի, Հարաւային Ամերիկայի լայն շրջանակին ններկայացնելու համար՝ դուդուկով հնչեցնելով արգենտինական մեղեդիներ: Հիմա նա նոր նախաձեռնութեամբ է հանդէս գալիս՝ «Երաժշտութիւնն առանց սահմանների» ծրագրով: Գագիկ Գասպարեանը նշեց, որ ծրագրի շրջանակում դուդուկով կը հնչեցւեն աշխարհահռչակ երգերը՝ ինչպէս արգենտինական տանգոն, յունական սիրտակին, Մոցարտի ստեղծագործութիւնները եւ այլն: Նա արդէն երկու տարի է աշխատում այս ծրագրի վրայ:  

Գագիկ Գասպարեանը տեղեկացրեց, որ նաեւ ձեռնամուխ է եղել հայկական մշակոյթի մասին պատմող փաստագրական ֆիլմի նկարահանմանը՝ տեղի ֆիլմարտադրող ընկերութիւններից մէկի հետ համագործակցութեամբ: Ներկայացւելու է հայկական պար, ճարտարապետութիւն, խոհանոց, պատմութիւն եւ այլն: Ֆիլմի մի հատւածն արդէն նկարահանւած է, նախատեսւում է նկարահանող խմբի այցելութիւն Հայաստան՝ տեղում աշխատելու համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։