Հա

Մշակոյթ

12/05/2019 - 14:10

Շուշիում վերականգնւում է պարսկական մզկիթը

Արցախի կառավարութեան հետ համագործակցութեամբ, «IdeA» հիմնադրամի միջոցներով ընթացքի մէջ են Շուշիի «Գեովհար Աղայի» (Վերին Ջումա) մզկիթի վերականգնման աշխատանքները:

«alikonline.ir» - Արցախի կառավարութեան հետ համագործակցութեամբ, «IdeA» հիմնադրամի միջոցներով ընթացքի մէջ են Շուշիի «Գեովհար Աղայի» (Վերին Ջումա) մզկիթի վերականգնման աշխատանքները: Տեղեկացնում է «Aravot.am»-ը:

Այս մասին մեզ հետ ունեցած հեռախօսազրոյցում ասացին IdeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից՝ աւելացնելով, որ ծրագրի նպատակն է պահպանել քաղաքի պատմական եւ ճարտարապետական ժառանգութիւնը, ինչպէս նաեւ նպաստել մզկիթի հարակից տարածքների եւ Շուշի պատմական թաղամասի զարգացմանը, վերականգնել հարեւանութեամբ գտնվող մեդրեսէի շէնքը:

Աղբիւրի հաղորդմամբ՝ ծրագրի իրականացումը ընդգծում է նաեւ մեր՝ հայերիս, եւ յատկապէս Արցախի հասարակութեան յարգանքը դէպի սեփական պատմութիւնը, հայ-պարսկական դարաւոր բարեկամութիւնը եւ մշակոյթների փոխազդեցութիւնը:

Աշխատանքները նախատեսւում է աւարտել մինչեւ տարէվերջ։ Վերականգնման ծրագրի նախագծային աշխատանքներում ներգրաււել են իրանական «PartSamanJahan» ճարտարապետական ընկերութիւնը եւ իրանցի մասնագէտներ։ Ծրագրի գործընկերն է «Յուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհրդի» Հայաստանի ազգային կոմիտէն՝ ԻԿՈՄՈՍ-Հայաստանը, որը փորձաքննութեան է ենթարկել նախագծային աշխատանքների համապատասխանութիւնը միջազգային չափանիշներին:

Տեղեկացնենք, որ մզկիթը գտնւում է Շուշի քաղաքի ութ վերին թաղամասերից մէկում։ Այն՝ որպէս կրօնական կառոյց, դադարեցրել է իր գործունէութիւնը 1992 թւականին Շուշիի ազատագրումից յետոյ: 2005-2007 թթ. դրութեամբ մզկիթը գտնւում էր կիսաքանդ վիճակում՝ բացակայում էր վերնաճակատը եւ վնասւած էին երեսպատելու սալիկները։ 2007 թւականին հաղորդել են Շուշիի մզկիթների վերականգնման նախագծի մասին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։