Հա

Մշակոյթ

14/05/2019 - 12:55

Հայաստանում մեկնարկել է իրանական պոէզիայի ասմունքի հանրապետական մրցոյթ-փառատօնը

Մայիսին մեկնարկել է իրանական պոէզիայի ասմունքի հանրապետական մրցոյթ-փառատօնը, որը նախաձեռնել են Խնկօ Ապոր անւան ազգային մանկական գրադարանն ու ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութեան մշակոյթի կենտրոնը:

«alikonline.ir» - Մայիսին մեկնարկել է իրանական պոէզիայի ասմունքի հանրապետական մրցոյթ-փառատօնը, որը նախաձեռնել են Խնկօ Ապոր անւան ազգային մանկական գրադարանն ու ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութեան մշակոյթի կենտրոնը: Գրում է «Panorama.am»-ը:

Գրադարանից յայտնում են, որ մրցոյթն իրականացւում է Հայաստանում պարսկերէնի ուսուցմամբ կրթօջախների 12-15 տարեկան սաների շրջանում։ Երեք փուլից բաղկացած մրցոյթի առաջին՝ մարզային փուլն արդէն ընթացքում է։ Մայիսի 3-ից մեկնարկել են մարզային այցերը։ Պարսկերէն լեզւի դասաւանդում իրականացնող դպրոցների եւ այլ կրթական հաստատութիւնների սաներն արդէն հասցրել են ելոյթ ունենալ մրցոյթ-փառատօնի ժիւրիի առջեւ։

Մրցոյթի կազմակերպիչներն այցելել են Գիւմրի, Կարբի համայնքներ։ Փառատօնին մասնակցելու համար Երեւան են եկել Մեղրիի Մշակոյթի կենտրոնի սաները։ Մարզային փուլի վերջին այցը կը լինի Աբովեան քաղաքում։ Մրցոյթի վերջին երկու՝ մայրաքաղաքային եւ եզրափակիչ փուլերը տեղի կունենան աշնանը՝ արդէն Երեւանում։ Մայրաքաղաքային փուլին Երեւանից կը մասնակցի թւով 7 դպրոց։

Ժիւրիի կազմում ընդգրկւել են հինգ հոգի՝ ժիւրիի նախագահ՝ ԵՊՀ-ի արեւելագիտութեան ամբիոնի դասախօս Գառնիկ Գէորգեանը, Հայաստանում Իրանի դեսպանութեան մշակոյթի կենտրոնի ներկայացուցիչ Փարւին Քազեմին, Հայաստանում իրանական դպրոցի մանկավարժ Ալի Ռեզա Խոջավին, Խնկօ Ապոր անւան ազգային մանկական գրադարանի իրանական ընթերցասրահի պատասխանատու Անուշ Մակարեանը եւ «Art Bridge» գրախանութի տնօրէն Շաքէ Հաւան Կարապետեանը։

Շաքէ Հաւան Կարապետեանը, կարեւորելով տարբեր լեզուների իմացութիւնը՝ նշեց, որ պարսկերէնը շատ գեղեցիկ լեզու է, պարսիկները շատ հարուստ գրականութիւն ունեն։ Ըստ նրա՝ յատկապէս հարեւան երկրների լեզուների իմացութիւնը շատ կարեւոր է։ «Իհարկէ աճելու տեղ ունենք՝ լեզւի դասաւանդման տեսանկիւնից։ Միաժանակ պէտք չէ մոռանալ, որ այն հեշտ լեզու չէ մեզ համար, յատկապէս որ մենք ձախից աջ ենք կարդում, իրենք՝ հակառակը։ Բայց այն, որ այս մակարդակի ենք հասցրել, արդէն շատ խօսուն է»,- նշեց նա։

Փարւին Քազեմին էլ նշել է. որ Խնկօ Ապոր անւան ազգային մանկական գրադարանի եւ Իրանի դեսպանութեան մշակոյթի կենտրոնի գործադրած ջանքերը Հայաստանում նման գրական-մշակութային փառատօն ունենալու համար նպատակ ունեն բացայայտելու տաղանդաւոր երեխաների։

«Մենք բարեկամ հարեւաններ ենք։ Ցանկանում ենք, որ երեխաներն աւելի մօտիկից ծանօթանան պարսկական գրականութեանը», - նկատել է նա։

Ժիւրիի նախագահ Գառնիկ Գէորգեանը կարեւորեց պետական կրթական ծրագրի մէջ պարսկերէն լեզւի ուսուցանման ներառումը՝ հաշւի առնելով, որ այն հարեւան երկրի լեզուն է։

«Պարսկական մշակոյթը բարու կրող է։ Պարսկերէնը եղել է Մերձաւոր արեւելքի ֆրանսերէնը, ուստի այդ լեզւի ներառումը պետական ծրագրերի մէջ շատ կարեւոր է», - նշեց նա։

Փառատօնի ընթացքին է հետեւում նաեւ ԻԻՀ դեսպանատան մշակոյթի խորհրդական Սէյէդ Մոհամմադ Հէյդարին:

Մրցոյթի մասնակիցները պէտք է ասմունքեն 2 լեզւով՝ պարսկերէն եւ հայերէն: Ժիւրիի անդամները իւրաքանչիւր դպրոցից կընտրեն լաւագոյն ասմունքողներին` եզրափակիչ փուլի համար, որը տեղի կունենայ նոյեմբերին Խնկօ Ապօր անւան ազգային մանկական գրադարանում։ Եզրափակիչ փուլում 1-3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կը պարգևատրւեն, միւս մասնակիցները կը ստանան պատւոգրեր:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։