Հա

Մշակոյթ

16/05/2019 - 09:30

Արդւինի հայկական եկեղեցու կողքին գիւղապետը զուգարանի շինարարութիւն է նախաձեռնել

Լրագրող եւ գրող Օրհան Եաւուզը «Ardvinden.com» կայքում ահազանգում է Արդւինի հայկական եկեղեցու պղծման մասին։

«alikonline.ir» - Լրագրող եւ գրող Օրհան Եաւուզը «Ardvinden.com» կայքում ահազանգում է Արդւինի հայկական եկեղեցու պղծման մասին։ Տեղեկացնում է «Ermenihaber.am»-ը:

«2019 թ․ մայիսի 12-ին մի ընկեր ինձ զանգահարեց ու տեղեկացրեց, որ Արդւինի կենտրոնական Համամլը (Դոլիսխան) գիւղում գտնւող 9-րդ դարի եկեղեցու շէնքի հարեւանութեամբ հանրային զուգարանի շինարարութիւն է նախապատրաստւում:

Նա խնդրեց, որ հետաքրքրւենք, թէ ճիշտ են արդեօք այդ լուրերը։ Նա ուղարկեց նաեւ իր ստացած լուսանկարները, որտեղ երեւում է, որ շինարարութեան նպատակով եկեղեցու ներսում 20-30 պարկ ցեմենտ, երկու հատ զուգարանակոնք է բերւել, շէնքի մուտքի դռան ձախ կողմում քանդւած սալայատակ է շարւած, ինչպէս նաեւ կոիւղու համար երկու հատ խողովակ է բերւել», պատմել է Եաւուզը։

Նրա խօսքով՝ ինքը սկզբում չի հաւատացել, թէ եկեղեցու տարածքում զուգարան կառուցելու նախաձեռնութիւնը համապատասպանում է իրականութեանը։ Կարծել է, թէ լուրերը չափազանցւած են, իսկ եկեղեցում յայտնաբերւած շինանիւթերը, ենթադրել է, թէ մէկ այլ վայրում օգտագործւելու համար են: Ճշգրիտ տեղեկութիւն ստանալու նպատակով Եաւուզը զանգահարել է Արդւինի իր ընկերներին եւ խնդրել ստուգել այդ լուրերը՝ կարծելով, որ դրանք կարող են տարբեր միջկրօնական գժտութիւն հրահրելու նպատակով արւած սադրանք լինել։

«Բայց, ցաւօք, տարածքում կատարւած ուսումնասիրութիւնները հերքեցին իմ բոլոր լաւատեսական ենթադրութիւնները։ Ստացւած տեղեկութեան համաձայն՝ Համամլը գիւղի գյուղապետը որոշել է եկեղեցու հարեւանութեամբ զուգարան կառուցել, այդ նպատակով, ինչպէս երեւում է լուսանկարներում, շինութեան մուտքի ձախ կողմում յատակին աղիւսներ է շարել տւել։ Գիւղապետը հրաժարւել է հանդիպել գիւղ եկած Զբօսաշրջութեան եւ մշակոյթի նահանգային վարչութեան տնօրէնին եւ ժանդարմին»,- գրում է հեղինակը։

Նշւած եկեղեցին մշակոյթի նաախարարութեան կողմից ճանաչւել է որպէս յատուկ պահպանման ենթակայ մշակութային արժէք։ Եաւուզը կոչ է արել խստօրէն դատապարտել շուրջ 1100-ամեայ եկեղեցու տարածքում նման պիղծ եւ անարգող կառուցապատման նախաձեռնութիւնը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։