Հա

Մշակոյթ

03/06/2019 - 13:10

Հայերի ստեղծած գլուխգործոցներն Օսմանեան կայսրութիւնում. ինչի՞ մասին զբօսաշրջիկներին չեն պատմում

Արեւմտեան Հայաստանում եւ Օսմանեան կայսրութեան այլ հատւածներում հայերի ստեղծած ճարտարապետական բոլոր գլուխգործոցները թւարկելու համար մէկ յօդւածը չէր բաւարարի, դրա մասին կարելի է ամբողջ գիրք գրել։ Այդ պատճառով մենք կը սահմանափակւենք միայն հինգ նշանաւորներով, որոնք այսօրւայ Թուրքիայի այցեքարտերն են դարձել։

«alikonline.ir» - Արեւմտեան Հայաստանում եւ Օսմանեան կայսրութեան այլ հատւածներում հայերի ստեղծած ճարտարապետական բոլոր գլուխգործոցները թւարկելու համար մէկ յօդւածը չէր բաւարարի, դրա մասին կարելի է ամբողջ գիրք գրել։ Այդ պատճառով մենք կը սահմանափակւենք միայն հինգ նշանաւորներով, որոնք այսօրւայ Թուրքիայի այցեքարտերն են դարձել։ Այս մասին գրում է «Sputnik» Արմենիան:

 

Դոլմաբահչէ պալատը

Շքեղ Դոլմաբահչէ պալատը, որը Ստամբուլի կենտրոնում է գտնւում ու քաղաքի գլխաւոր տեսարժան վայրն է համարւում, Օսմանեան կայսրութեան գոհար են անւանում։

Թուրքիայի ամենամեծ պալատը լեգենդար ճարտարապետների Բալեան ընտանիքի ներկայացուցիչների աշխատանքն է։

Նախագծի հեղինակներն են՝ Կարապետ Ամիրա Բալեանն ու նրա աւագ որդին՝ Նիկողոս Բալեանը։ Պալատը 45 հազար քառակուսի մետր տարածք ունի։ Այն պարունակում է բարոկկոյի, ռոկոկոյի ու նէոդասական ոճերի տարրեր։

Ներքին յարդարանքի համար 14 տոննա ոսկի է օգտագործւել․ իսկ շինարարութեան ընդհանուր արժէքը գերազանցել է հինգ միլիոն ոսկէ ֆունտը։

Դոլմաբահչէն իրաւամբ Արեւելքի մեծագոյն շինութիւնն են անւանում։

 

Օրթաքեոյ մզկիթը

Սա Ստամբուլի եւս մէկ այլ՝ մեծ պահանջարկ ունեցող տուրիստական ուղղութիւն է Բոսֆորի կամրջի հարեւանութեամբ։ Մզկիթի նախագծի հեղինակը նորից Նիկողոս Բալեանն է։ Սուլթան Աբդուլ Մեջիդ Ա-ը 1853 թւականին յանձնարարել է շինարարութիւնը հայ ճարտարապետին, որը կառուցել է այն անհաւանական սեղմ ժամկէտում՝ երկու տարուց էլ շուտ։

Հետաքրքրական է, որ այն աւելի շատ բարոկօ ոճի փոքր պալատ է յիշեցնում, քան սովորական մզկիթ։ Ի դէպ, մէկ այլ հայ հանճար՝ ծովանկարիչ Իւան Այւազովսկին անմահացրել է Օրթաքեոյ մզկիթն իր կտաւներից մէկում։

 

Էդիրնէ քաղաքի Սելիմիէ մզկիթը

Անմիջապէս մզկիթին անցնելուց առաջ պէտք է նշել, որ հեղինակի՝ Միմար Սինանի ծագումը երկար ժամանակ վիճելի հարց էր։ Ենթադրութիւններ կան, որ նա կիսով չափ հայ է, կիսով չափ՝ յոյն։

Վէճերին վերջ տւեց մի հետաքրքիր դէպք։ «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան, թուրքագէտ Ռուբէն Մելիքեանը մի անգամ պատմեց, որ նախորդ դարի 40-ականներին «գանգ չափողների» շարժում էր սկսւել։

«Այս մարդիկ բացում էին տարբեր անւանի մարդկանց դամբարանները, որ գանգն ուսումնասիրելուց յետոյ ապացուցեն նրանց թուրքական ծագումը»,- ասաց Մելքոնանը։

Սինան Աղայի դամբարանը նոյնպէս բացել էին, որ ապացուցէին աշխարհին, որ մեծանուն ճարտարապետը զտարիւն թուրք է։

«Սակայն պարզւել է, որ նա արմենոիդ ռասսային է պատկանում։ Դրանից յետոյ որոշ ժամանակ գանգը թանգարանում էր պահւում, իսկ յետոյ անհետացաւ։ Հիմա Միմար Սինանի դամբարանում թաղւած է նրա մարմինն առանց գլխի»,- նշեց թուրքագէտը։

Վերադառնանք Սելիմիէ մզկիթին։ Այն կառուցւել է Էդիրնէում 1569-1575 թւականներին։ Սինանն այն իր ստեղծագործութեան գագաթնակէտն էր համարում։ Մզկիթի ճարտարապետութիւնը առանձնանում է իւրայատուկ ամբողջականութեամբ։

 

Սուլէյմանիէ մզկիթ

Հանճարեղ վարպետ Սինանի եւս մէկ ստեղծագործութիւն է Սուլէյմանիէ մզկիթը, որում հինգ հազար հաւատացեալ է տեղաւորւում։ Այն կառուցւել է 1550-1557 թւականներին Սուլէյման Ա-ի հրամանով։ Բազում գիտնականներ կարծում են, որ Սուլէյմանիէն Սինանի լաւագոյն աշխատանքն է։

Սուլէյմանիէ մզկիթի նախագիծը հիմնւել է բիւզանական ճարտարապետութեան գլուխգործոցի՝ Սուրբ Սոֆիա տաճարի նախագծի վրայ։

 

Մեդրեսէ Ինջէ Մինարէ

Առաջին մեդրէսէն քարից 1251 թւականին կառուցել է ճարտարապետ Գալուստը, որը 13-րդ դարի հայ ճարտարապետ էր։ Լողաւազանով հսկայական բակը խաղաղութեան զգացողութիւն է տալիս։ Բակի ծայրերում ուսումնական շէնքեր են։

Ինջէ Մինարէն սելջուկեան ժամանակաշրջանի լաւագոյն ճարտարապետական յուշարձաններից է։

Ճարտարապետութեան բոլոր այդ գլուխգործոցները Թուրքիայի մասին պատմող տուրիստական բուկլետների առաջին էջերում են, որոնցում, սակայն, չի խօսւում աշխատանքների հանճարեղ հեղինակների մասին կամ խօսւում է քիչ ու հպանցիկ, սակայն այդ կառոյցները փառք են բերում երկրին իրենց ստեղծման օրից։

Յաւելենք, որ 2014 թւականին ճարտարապետութեան թուրքական թանգարանում Օսմանեան կայսրութեան շրջանում հայ ճարտարապետների կառուցած շէնքերի առցանց-ցուցահանդէս էր բացւել։

Ցուցադրութեան նկարագրութեան մէջ նշւում էր․ «Հայ ճարտարապետները նշանակալի դերակատարութիւն են ունեցել Օսմանեան կայսրութիւնում պալատների ու պետական մարմինների շէնքերի կառուցման հարցում»։

Թանգարանի կայքում ներկայացւած էր Բալեանների տոհմը, նաեւ խօսւում էր այն մասին, որ 16-րդ դարում Օսմանեան գլխաւոր ճարտարապետ ու կառուցող ինժեները հայ Միմար Սինանն էր, որին համեմատում են Միքելանջելոյի հետ ու ճանաչում են որպէս Օսմանեան ճարտարապետութեան դասական շրջանի մեծագոյն ճարտարապետ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։