Հա

Մշակոյթ

11/06/2019 - 15:30

«Երկար սպասւած համաձայնագրից արդիւնաւէտ օգտւելը պէտք է դառնայ ՀՀ իշխանութիւնների առաջնահերթութիւններից մէկը». Պարսեան

Իրանի խորհրդարանը երէկ` յունիսի 10-ին, վաւերացրել է Եւրասիական տնտեսական միութեան հետ ազատ առեւտրի գօտու մասին ժամանակաւոր համաձայնագիրը, որը երկարաշունչ ու բարդ բանակցութիւններից յետոյ ստորագրւել էր 2018-ին Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակներում:

«alikonline.ir» - Իրանի խորհրդարանը երէկ` յունիսի 10-ին, վաւերացրել է Եւրասիական տնտեսական միութեան հետ ազատ առեւտրի գօտու մասին ժամանակաւոր համաձայնագիրը, որը երկարաշունչ ու բարդ բանակցութիւններից յետոյ ստորագրւել էր 2018-ին Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակներում:

«Եւրասիական տնտեսական միութեան ու դրա անդամ պետութիւնների եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան միջեւ ազատ առեւտրի գօտու ձեւաւորմանն ուղղւած ժամանակաւոր համաձայնագիրը» Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի գօտու ստեղծման առաջին քայլն էր: Յիշեցնենք, որ Իրանի հետ ազատ առեւտրի գօտու ստեղծման բանակցութիւնները բաւականին երկար տեւեցին՝ մի քանի փուլերով։ Հանդիպումները տեղի էին ունենում ԵԱՏՄ անդամ երկրներում եւ Իրանի Իսլամական Հանրապետութիւնում: Բանակցութիւնների ժամանակ ԵԱՏՄ անդամ իւրաքանչիւր երկիր ձգտում էր միաժամանակ պաշտպանել իր ներքին շուկան եւ արտօնութիւն ստանալ արտահանման ժամանակ: Օրինակ՝ Բելառուսը դէմ էր իրանական կողմի կաթնամթերքի համար մաքսատուրքերը նւազեցնելուն, Ռուսաստանը դէմ էր խնձորի համար ցածր մաքսատուրքեր սահմանելուն, Հայաստանը եւ Ղրղզստանը փորձում էին սահմանափակել Իրանից բանջարեղէնի ներմուծումը եւ այլն: Հայկական կողմը ձգտում էր ստանալ մի շարք ապրանքատեսակների մասով արտահանման արտօնութիւններ, մաքսատուրքերի նւազեցում: Դրանք են՝ սիգարետ, պահածոներ, հանքային ջուր, գազաւորւած ըմպելիքներ, տաւարի միս, տեքստիլ արտադրանք եւ այլն:

ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու, տնտեսագէտ Սուրէն Պարսեանը «Yerkir.am»-ի հետ զրոյցում, անդրադառնալով համաձայնագրին ու դրանից բխող հայ-իրանական տնտեսական յարաբերութիւններին, նշեց, որ ԵԱՏՄ անդամ երկրներից միայն Հայաստանն է, որն ունի ցամաքային սահման Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ, աւելին` ծանօթ է իրանական տնտեսական քաղաքականութեանը, գործարար սովորոյթներին, ապրանքներին, երկրում կիրարկւող կրօնական պահանջներին եւ այլն: Ինչ վերաբերում է բուն համաձայնագրին, ապա, ըստ նրա, այն ապրանքների մասով, որոնք ներառւած են համաձայնագրին կից ցանկերում, նախատեսւած են դրոյթներ, համաձայն որոնց՝ կողմերը պարտաւորւում են չկիրառել քանակային սահմանափակումներ, ինչպէս նաեւ կիրառել առեւտրում տեխնիկական խոչընդոտների եւ սանիտարական, անասնաբուժական ու ֆիտոսանիտարական միջոցների` Առեւտրի համաշխարհային կազմակերպութեան բազային սկզբունքները:

«Եւրասիական տնտեսական միութեան անդամ երկրների կողմից մշակւած ցանկում ներառւած` հայկական կողմի առաջարկած ապրանքներն արտահանման առաջնային հետաքրքրութիւն եւ տեսակարար կշիռ ունեն Հայաստանից Իրան արտահանման ծաւալներում: Այսպէս` տաւարի մսի մաքսատուրքը 26 տոկոսի փոխարէն լինելու է 10 տոկոս, հանքային եւ գազաւորւած ջրերի, շաքարի եւ այլ քաղցրացնող կամ համաբուրաւետիչ նիւթեր պարունակող գազաւորւած ըմպելիքների, ոչ ոգելից խմիչքների մաքսատուրքը 55 տոկոսի փոխարէն լինելու է 14 տոկոս, դեղամիջոցներինը` 37 տոկոսի փոխարէն 18.5 տոկոս, տրիկոտաժէ արտադրանքին` 55 տոկոսի փոխարէն 38.5 տոկոս, եւ այլն»,- յայտնեց Պարսեանը եւ յաւելեց, որ շոկոլադ եւ կակաօ պարունակող սննդամթերքի, հրուշակեղէնի մասով իրանական կողմը համաձայնել է տրամադրել մաքսատուրքի դրոյքաչափի իջեցում, սակայն նոյն ապրանքների մասով առաջարկւել է կիրառել փոխադարձ զիջումներ:

Ըստ մեր զրուցակցի` Իրանի մաքսային համակարգի առանձնայատկութիւններից մէկն այն է, որ լիազօր մարմինը, ելնելով տնտեսական իրավիճակից, կարող է գերատեսչական հրամանով բարձրացնել եւ իջեցնել մաքսատուրքերը, ինչն անկանխատեսելիութիւն է հաղորդում ներմուծման գործընթացին: Այդ իսկ պատճառով իրավիճակը յստակեցնելու նպատակով որոշ ապրանքատեսակների համար առաջարկւել է «սառեցնել» գործող մաքսատուրքի դրոյքաչափը:

Դառնալով իրանական մի շարք ապրանքների հնարաւոր ցածր գներին ու ԵԱՏՄ երկրներում այդ ապրանքների մրցակցութեանը` Պարսեանն ասաց. «Մի շարք ապրանքների` կարտոֆիլ, պոմիդոր, կաղամբ, վարունգ, խնձոր, պոմիդորի մածուկը եւ խնձորի հիւթ, Հայաստան կամ ԵԱՏՄ այլ երկիր ներմուծումը կխստացնի մրցակցութիւնը, եւ տեղական արտադրողները պարտադրւած կը լինեն վերանայել իրենց արտադրա-տնտեսական քաղաքականութիւնը, հակառակ պարագայում` ցածր գներով իրանական ապրանքները դուրս կը մղեն նրանց շուկայից: 2018-ին, օրինակ, նման իրավիճակ գրանցւեց ցեմենտի շուկայում, երբ իրանական ցեմենտը, արժէզրկւած թումանի եւ էներգակիրների ցածր գների պայմաններում, հայկական ցեմենտ արտադրողներին մեծ հարւած հասցրեց եւ կառավարութիւնը պարտադրւած էր ընդունել ներքին շուկայի պաշտպանութեան միջոցներ: Նման իրավիճակ հնարաւոր է նաեւ այլ ապրանքային շուկաներում»:

Տնտեսագէտը համոզւած է, որ ԵԱՏՄ անդամ Հայաստանը, ունենալով արտօնեալ առեւտրային ռեժիմներ` GSP, GSP+, ինչպէս նաեւ` յարաբերութիւններ Եւրոմիութեան, ԱՄՆ-ի եւ այլ երկրների հետ, կարող է եւ պէտք է դառնայ կամուրջ իրանական ապրանքների համար: Օրինակ՝ Իրանից ներմուծւած բանջարեղէնը հնարաւոր է վերամշակել Հայաստանում ու արտահանել այլ երկրներ:Ըստ նրա` Հայաստանում արտադրութեան կազմակերպումն առաւել գրաւիչ կը դարձնի Մեղրու ազատ տնտեսական գօտին, որտեղ գործունէութիւն ծաւալող տնտեսվարող սուբեկտները կազատւեն մի շարք հարկատեսակներից:

«Երկար սպասւած համաձայնագրից արդիւնաւէտ օգտւելը պէտք է դառնայ ՀՀ իշխանութիւնների տնտեսական առաջնահերթութիւններից մէկը, եւ այս հանգրւանում նպատակայարմար է իրականացնել հետեւեալ քայլերը` համաձայնագրից բխող սակագնային արտօնութիւնների մասին տեղեկատւութիւն տարածել՝ յստակ նշելով մաքսատուրքերի նւազեցումները, հրապարակել նաեւ այլ երկրների կողմից Հայաստանին տրամադրւած արտօնեալ առեւտրային ռեժիմի (GSP, GSP+) տակ ընկնող ապրանքների ցանկը, իրանահայերի մասնակցութեամբ կազմակերպել բիզնես համաժողով` խրախուսելով արտադրութեան կոոպերատիւ կապերի ստեղծումը, պետութեան-մասնաւոր համագործակցութեան շրջանակում ֆինանսաւորել հայ-իրանական նոր բիզնես նախագծերը եւ այլն: Ուշագրաւ է նաեւ, որ 2018 թւականին ՀՀ-ԻԻՀ ընդհանուր առեւտրաշրջանառութիւնն աճել է 40.5 տոկոսով: ԻԻՀ-ից ՀՀ ներմուծումն աւելացել է 54.2 տոկոսով. զգալիօրէն աւելացել են բնական գազի, ցեմենտի, նաւթամթերքի ներկման ծաւալները եւ այլն»,- ամփոփեց Սուրէն Պարսեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։