Հա

Մշակոյթ

12/06/2019 - 11:40

«Միայն Թուրքիայի խնդիրը չէ. հէնց Հայաստանում քանդւում է Ամբերդը». ի՞նչ կարող է անել Երեւանը

Փորձագէտներն ահազանգում են. հայկական ժառանգութիւնը Թուրքիայում վերացման սպառնալիքի տակ է։

Կիլիկիայի հայկական թագաւորութեան ժամանակ կառուցւած 12-րդ դարի եզակի Սինափի ամրոցը, որը գտնւում է Թուրքիայի Մերսին նահանգում, վերացման եզրին է։

«alikonline.ir» - Փորձագէտներն ահազանգում են. հայկական ժառանգութիւնը Թուրքիայում վերացման սպառնալիքի տակ է։

Կիլիկիայի հայկական թագաւորութեան ժամանակ կառուցւած 12-րդ դարի եզակի Սինափի ամրոցը, որը գտնւում է Թուրքիայի Մերսին նահանգում, վերացման եզրին է։

Չորս աշտարակներով ուղղանկիւն ամրոցն իր ճարտարապետութեամբ դարեր շարունակ զարմացրել է հազարաւոր այցելուների։

«Սիանփի երկու ամրոց կայ` 15-ը 20-ի վրայ ու 20-ը 30-ի վրայ։ Դրանք գտնւում են Մերսին նահանգի արեւմուտքում` լեռներում։ Դրանցից ոչ մէկը հիմա հնարաւոր չէ քարտէզի վրայ տեսնել»,- « Sputnik» Արմենիայի հետ զրոյցում ասաց պատմական գիտութիւնների դոկտոր Ազատ Բոզոյեանը։

Նա նշեց, որ այդ ամրոցները կառուցել են սահմանները պաշտպանելու նպատակով։ Ընդհանուր առմամբ Թուրքիայի տարածքում Կիլիկիայի շրջանի 150 ամրոց ու դղեակ կայ, որոնք հայկական մշակոյթի ու պատմութեան համար մեծ նշանակութիւն ունեն։ Ցաւօք, ժամանակակից Հայաստանի տարածքում նման ամրոցներ չկան։

Յուշարձանագէտ Սամուէլ Կարապետեանին ամրոցի վերացման մասին նորութիւնը չի զարմացրել։ «Sputnik» Արմենիայի թղթակցի հետ զրոյցում նա նշեց, որ սա միայն Թուրքիայի խնդիրը չէ։ Նոյն Հայաստանում քանդւում է Ամբերդը։

«Այդ ամրոցը կառուցւել է Օշին իշխանական տոհմի օրօք։ Այսօր բոլոր բերդերն ու դղեակները կիսաքանդ վիճակում են»,- ասաց Կարապետեանը։

Սակայն թուրքագէտ Տիրան Լոքմագեօզեանը կարծում է, որ ամրոցի անտեսւած վիճակը երկրում հայկական ժառանգութեան վերացմանն ուղղւած թուրքական իշխանութեան քաղաքականութեան հետեւանք է։

Նա յիշեցրեց, որ 1915 թւականի Ցեղասպանութիւնից յետոյ Արեւմտեան Հայաստանի տարածքում աւելի քան երկու հազար հայկական եկեղեցի է եղել. դրանք լաւագոյն դէպքում մզկիթների են վերածւել, վատագոյն դէպքում` վերացւել են։

«Հայկական համայնքը ոչինչ չի կարող անել, քանի որ այդ ամրոցներն ու եկեղեցիները պետական հաշւեկշռում են ու չեն պատկանում պատրիարքարանին։ Այն եկեղեցիները, որոնցում ժամերգութիւններ չեն անցկացւում, պետութեան սեփականութիւնն են դառնում»,- «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում ասաց Լոքմագեօզեանը։

Նա ընդգծեց, որ նման պայմաններում Հայաստանն այդ հարցում անզօր է։ Միակ բանը, որը կարող է անել պաշտօնական Երեւանը` միջազգային ատեաններին բողոք ներկայացնելն է։

Յիշեցնենք` հայկական համայնքը հիմնականում կենտրոնացած է Ստամբուլում։ 20-րդ դարի 50-ականներին մէկուկէսմիլիոնանոց քաղաքում մօտ 150 հազար հայ էր բնակւում։ Այսօր 20 միլիոն բնակչութիւն ունեցող Ստամբուլում մօտ հազար յոյն, 20 հազար հրեայ ու 40 հազար հայ է մնացել։

Ստամբուլից բացի, 100-150 հայ բնակւում է Մուսալեռան մօտակայքում. ընդ որում` հիմնականում տարեց մարդիկ են։ Այնտեղ չկան երիտասարդներ, հետեւաբար` չկայ ապագայ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։