Հա

Մշակոյթ

18/06/2019 - 09:30

Փարաջանովին նւիրւած Ռոտերդամի փառատօնի ծրագիրը կը ներկայացւի նաեւ Հայաստանում

Այս տարի Ռոտերդամի միջազգային 48-րդ կինոփառատօնի առանցքային ծրագրերից էր «Կինոյի տաճարը», որը նւիրւած էր հայազգի աշխարհահռչակ ռեժիսոր Սերգէյ Փարաջանովին։

«alikonline.ir» - Այս տարի Ռոտերդամի միջազգային 48-րդ կինոփառատօնի առանցքային ծրագրերից էր «Կինոյի տաճարը», որը նւիրւած էր հայազգի աշխարհահռչակ ռեժիսոր Սերգէյ Փարաջանովին։

Փառատօնին ներկայացւել էր Փարաջանովի «Նռան գոյնը» ֆիլմից դուրս մնացած թւայնացւած կադրերը ինստալեացիայի միջոցով։ Նոյն ցուցադրութիւնը Հայաստանի Ազգային կինոկենտրոնը կազմակերպելու է Հայաստանում։ Այս մասին տեղեկացնում է «Panorama.am»-ը:

Մի քանի լրատւամիջոցների հետ հանդիպմանը Ազգային կինոկենտրոնի տնօրէն Շուշանիկ Միրզախանեանն ասաց, որ ցուցադրութիւնը լինելու է Երեւանի «Ոսկէ ծիրան» 16-րդ փառատօնի օրերին, մասնաւորապէս յուլիսի 8-12-ը «Այրարատ» կինոթատրոնում։ Ցուցադրութիւնը լինելու է ամէն օր, անվճար։

Բացի «Նռան գոյնը» ֆիլմի թւայնացւած կադրերի ինստալեացիայից, ցուցադրւելու է երեք վերականգնւած ֆիլմ՝ «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով», «Կիեւեան որմնանկարներ», «Յակոբ Հովնաթանեան», ինչպէս եւ Ռոտերդամի փառատօնի շրջանակում։

Նշենք, որ վերը նշւած երեք ֆիլմերը թւայանցւել են 2018 թւականին Հայաստանի Ազգային կինոկենտրոնի, լեհական «FIXAFILM» ընկերութեան եւ ծրագրի պրոդիւսեր Դենիէլ Բըրդի համատեղ ծրագրի շրջանակում։ Շ. Միրզախանեանի ներկայացմամբ, այդ ծրագրի առաջին փուլը նւիրւած է Սերգէյ Փարաջանովին։ Առաջինը վերականգնւել է 1969 թւականի «Յակոբ Հովնաթանեան» ֆիլմը։ Այն վերականգնումից յետոյ մէկ տարւայ ընթացքում ցուցադրւել է միջազգային կինոփառատօներում, տարբեր արւեստի կենտրոններում, մեծ ճանաչում է ձեռք բերել։ Այս տարւայ համար նոյնպէս կան հրաւէրներ։

Ծրագրի երկրորդ փուլը եղել է Փարաջանովի «Նռան գոյնը» ֆիլմի մոնտաժից դուրս մնացած կադրերը։ 103 տուփ ժապաւէն է, այսօր արդէն թւայնացել է 27 տուփը, 37 տուփ ուղարկւել է Լեհաստան թւայնացման։

Ազգային կինոկենտրոնի տնօրէնը տեղեկացրեց, որ «Նռան գոյնը» ֆիլմի թւայնացւած կադրերի ինստալեացիան, երեք ֆիլմերն առաջիկայում ներկայացւելու են նաեւ Իտալիայի երկու փառատօներում, ԱՄՆ-ում, Անգլիայում, Հոլանդիայում։

Ֆիլմերի թւայնացման համար Ազգային կինոկենտրոնին դիմել է հէնց Դենիէլ Բըրդը, քանի որ, Շ. Միրզախանեանի խօսքով, շատ են սիրում Փարաջանովի արւեստը, հաւանում է Բեկնազարեանի ֆիլմերը։ Նա յայտնեց, որ «Նռան գոյնը» ֆիլմի վերականգնւող կադրերով վաւերագրական ֆիլմ են անելու «Անյայտ Փարաջանով» վերնագրով, որն արդէն ընթացքի մէջ է։

«Այս ամբողջ վերականգնողական աշխատանքների համար Ազգային կինոկենտրոնը պետական բիւջէից որեւէ գումար չի ծախսել, բոլորն արւել են դրսի հիմնադրամների հաշւին։ Բաւական թանկ հաճոյք է, իսկ մեր պետութիւնը չունի նման գումար, բայց պէտք է վերականգնենք, կարեւոր ժառանագութիւն է, պէտք է պահպանենք ու տարածենք»,- ասաց Ազգային կինոկենտրոնի տնօրէնը։

Նա հաւաստիացրեց, որ վերականգնումը բարձր որակով է արւում։

«Զուգահեռ բանակցում ենք, որ Հայաստանում կարողանանք ներդնել սկանաւորման լաբորատորիա, որ աշխատանքների մի մասն այստեղ արւի։ Ժապաւէնը նախ սկանաւորւում է, թւայնացւում ու նոր սկսւում է վերականգնումը։ Մենք ժապաւէնն ենք ուղարկում, բայց մտավախութիւն է լինում, որ յանկարծ ճանապարհին չփչանայ։ Եթէ մենք ունենանք լաբորատորիա, կարող ենք այստեղ թւայնացնել ու այդ տարբերակն ուղարկել»,- նշեց նա։

Շ. Միրզախանեանի խօսքով, լեհական ընկերութիւնը պատրաստ է երկու ամսով անվճար սովորեցնել մեր մասնագէտներին։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։