Հա

Մշակոյթ

03/07/2019 - 09:50

Յուլիսի 7-ին կը մեկնարկի «Ոսկէ ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատօնը

ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան աջակցութեամբ յուլիսի 7-14-ը կը մեկնարկի «Ոսկէ ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատօնը, որը կազմակերպում է Կինոյի զարգացման «Ոսկէ ծիրան» հասարակական կազմակերպութիւնը:

«alikonline.ir» - ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան աջակցութեամբ յուլիսի 7-14-ը կը մեկնարկի «Ոսկէ ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատօնը, որը կազմակերպում է Կինոյի զարգացման «Ոսկէ ծիրան» հասարակական կազմակերպութիւնը: Կինոփառատօնի գլխաւոր գործընկերն է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը: Տեղեկացնում է «Panorama.am»-ը:

Միջազգային կինոփառատօնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցութեան աւելի քան 740 յայտ, ինչպէս նաեւ աշխարհի հեղինակաւոր կինոփառատօներից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից, ընտրւել են մի շարք կինոնկարներ: Փառատօնն ունի միջազգային լիամետրաժ (խաղարկային եւ վաւերագրական) մրցութային ծրագիր, որը ներառում է 12 ֆիլմ աւելի քան 17 երկրներից եւ կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցոյթ, որը  ներառում է 25 ֆիլմ՝ Հայաստանից, Թուրքիայից, Իրանից եւ Վրաստանից:

Այս տարւայ լիամետրաժ մրցոյթի ժիւրին կը նախագահի ճանաչւած կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձէն, իսկ փառատօնի յատուկ հիւրն է մեքսիկացի հանրայայտ կինոռեժիսոր, միջազգային մրցոյթների դափնեկիր Կառլոս Ռէյգադասը: Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցոյթի ժիւրիի նախագահն է ռեժիսոր Պիպօ Մեցապեսան (Իտալիա): Ժիւրիի կազմում ընգրկւած են նաեւ օպերատոր Նորայր Կասպերը (Կանադա) եւ «Clermont-Ferrand» կինոփառատօնի ծրագրերի տնօրէն Ժորժ Բոլոնը:

«Ոսկէ ծիրանի» շրջանակում կանցկացւի նաեւ կինոլորտի երիտասարդ մասնագէտների զարգացման «Talent Lab» ծրագիրը: Այն առաջին անգամ իրականացւելու է փառատօնի օրերին` յուլիսի 9-12-ը: «Talent Lab»-ը բաղկացած է չորս աշխատարանից, որոնք նախատեսւած են դերասանների, պրոդիւսեր/ռեժիսորների, նկարիչների, կինոքննադատների համար: Աշխատարանի պաշտօնական բացումը տեղի կունենայ յուլիսի 9-ին, ժամը 10:00-ին, Հենրիկ Մալեանի անւան թատրոնի դահլիճում: Դասընթացներն անցկացւելու են Հայաստանի կինեմատոգրաֆիստների միութեան շէնքում:

«Ոսկէ ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատօնի պաշտօնական բացման արարողութիւնը տեղի կունենայ յուլիսի 7-ին, Կ. Դեմիրճեանի անւան մարզահամերգային համալիրում: Այն կը մեկնարկի Կարմիր գորգի արարողութեամբ, որը տեղի կունենայ ժամը 17:30-ին: Այնուհետեւ, ժամը 19:00-ին, տեղի կունենայ փառատօնի բացման պաշտօնական արարողութիւնը:

Կինոփառատօնի փակման արարողութիւնը տեղի կունենայ յուլիսի 13-ին, ժամը 19:00-ին, «Մոսկւա» կինոթատրոնում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։