Հա

Մշակոյթ

06/07/2019 - 16:00

Հայկական տապանաքարերն ու «Քարէ դիմապատկերները» իրանցի լուսանկարչի մեկնաբանութեամբ

Շուրջ քսան հմուտ քարտաշներ վերջին 300 տարիների ընթացքում ապրելով Փերիա գաւառի գիւղերում արարել են բոլոր հայկական գիւղերի գերեզմանաքարերը ննջեցեալների ինքնութիւնը փոխանցելով քարերին:

«ԱԼԻՔ» - Շուրջ քսան հմուտ քարտաշներ վերջին 300 տարիների ընթացքում ապրելով Փերիա գաւառի գիւղերում արարել են բոլոր հայկական գիւղերի գերեզմանաքարերը ննջեցեալների ինքնութիւնը փոխանցելով քարերին: Նոյն կապակցութեամբ երէկ՝ Թեհրանի «Սայէ» գալերիայում ցուցադրութեան էր հանւել Ամիր Ջամշիդիի ձեռամբ արւած «Քարէ դիմապատկերներ»-ի լուսանկարների ցուցահանդէսը:

Ցուցահանդէսով ներկայացւած են 29 լուսանկար, որոնց գերակշռող մասը ներկայացնում է միայն տապանաքարի պատկերը կրող հատւածը: Սա ինքնին կարող է վկայել լուսանկարչի ուղղւածութեան մասին, ինչը ոչ թէ տապանաքարերի տեսակի կամ դրա աշխարհագրութեան մասին է խօսում, այլ հէնց զուտ դիմապատկերների ու հայկական զարդանախշերի ոգով արւած քանդակների:

Ջամշիդին նախագծի մասին «Ալիք»-ին յայտնեց, որ ցուցադրութեան հանւած լուսանկարներն ընտրւել են աւելի քան 200 լուսանկարների միջից, որի գրանցման աշխատանքների մեկնարկը տրւել է շուրջ տարի ու կէս առաջ, ինչը Իրանի տարածքում կանգուն մնացած բոլոր գերեզմանատների ու տապանաքարերի պատկերագրման նախագծի առաջին գլուխն էր:

Յատկանշական է, որ ինքը՝ լուսանկարիչը Իրանի հրէական համայնքից է, ով սկզբից փորձել է որոնել իր համայնքի տապանաքարերի հետքերը, իսկ արդիւնքում հաշւի է նստել առաւել աչքի ընկնող հայկական տապանաքարերի հետ, որոնք միանգամից են արթնացրել դիմապատկերի ու ննջեցեալի ինքնութեան միջեւ առկայծող կապը:

Ցուցահանդէսի բացումը կատարւեց երէկ, ուրբաթ օրը, որը տեւելու է մինչեւ յուլիսի 10-ը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։