Հա

Մշակոյթ

08/07/2019 - 10:00

«Ոսկէ արմաւենու ճիւղ»-ը` «Ոսկէ ծիրան»-ում. 16-րդ անգամ Երեւանում մեկնարկեց կինոփառատօնը

Մէկ շաբաթ շարունակ ֆիլմասէր հասարակութիւնն ու կինոգործիչները բացառիկ հնարաւորութիւն կունենան միջազգային կինոմատոգրաֆիայի գլուխգործոցները վայելելու:

«alikonline.ir» - Մէկ շաբաթ շարունակ ֆիլմասէր հասարակութիւնն ու կինոգործիչները բացառիկ հնարաւորութիւն կունենան միջազգային կինոմատոգրաֆիայի գլուխգործոցները վայելելու: Տեղեկացնում է «Sputnik» Արմենիան:

Երէկ Երեւանի Կարէն Դեմիրճեանի անւան մարզահամերգային համալիրում կարմիր գորգով մեկնարկեց «Ոսկէ ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատօնը: Կաննի միջազգային կինոփառատօնում «Ոսկէ արմաւենու ճիւղ» մրցանակի այս տարւայ դափնեկիր Չուն-հօ Պոնի «Մակաբոյծը» (Հարաւային Կորէա) ֆիլմով է տրւում Երեւանի 16-րդ «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնի բացումը:

Ֆիլի ցուցադրութիւնից առաջ ելոյթ ունեցաւ Երեւանի «Ոսկէ ծիրան » միջազգային կինոփառատօնի հիմնադիր նախագահ Յարութիւն Խաչատրեանը:

«Այս տարի փառատօնը փոփոխութիւն է կրել. փոխւել է փառատօնի ղեկավար կազմը, փոխւել 1 դիզայնը, տարբերանշանը, վերանայւել են բազում գաղափարներ: Փոխւել է փառատօնի տնօրէնը»,- ասաց Յարութիւն Խաչատրեանը:

«Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնի տնօրէն Յասմիկ Յովհաննիսեանի խօսքով` փառատօնը հասել է պատանեկութեան խենթ ու խելառ տարիքին: «Ես այդ տարիքում էի, երբ առաջին անգամ փառատօնի շրջանակներում տեսայ ամենայուզիչ ու ամենասիրուն ֆիլմերը: Մեր փառատօնի առաքելութիւնը ոչ միայն զւարճացնելն է, այլեւ յուզել, ստիպել մտածել, լսելի դարձնել այն ձայները, որոնք այլ կերպ ուղղակի լսելի չէին լինի: Մեր փառատօնը երջանիկ պատանի է, քանի որ մեծացել է իրեն սիրող եւ հոգատար ձեռքերում»,- ասաց Յովհաննիսեանը:

Բեմում հիմնադիրները խոստացան, որ «Ոսկէ ծիրան » միջազգային կինոփառատօնը ոչ միայն շարունակական է լինելու, այլեւ աւելի շատ է ֆինանսաւորւելու, որպէսզի աշխարհին լսելի դարձնի այն, ինչը անհասանելի է շատերին:

«Ոսկէ ծիրան»-ն այս տարի ունի նաեւ նոր տարբերանշան, որն արտայայտում է փառատօնի նոր կազմի ինքնատիպ մօտեցումը 16-րդ տարին անցկացւող իրադարձութեանը: Այն մինիմալիստական է, ներկայացնում է հայերէն «Ծ» տառը: Այդ տառի միջոցով լոգոյի հեղինակը փորձել է ստանալ փառատօնի խորհրդանիշ համարւող ծիրանը:

Միջազգային կինոփառատօնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցութեան աւելի քան 740 յայտ, ինչպէս նաեւ ընտրւել են մի շարք կինոնկարներ աշխարհի հեղինակաւոր կինոփառատօններից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից: Փառատօնն ունենալու է միջազգային լիամետրաժ (խաղարկային եւ վաւերագրական), ինչպէս նաեւ կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցոյթներ, իսկ արտամրցութային ծրագիրը ներառելու է «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցոյթը: Մնացած ծրագրերը ոչ մրցութային են. դրանք են՝ «Երեւանեան պրեմիերաներ», «Յետահայաց ցուցադրութիւններ», «Յարգանքի տուրք»:

Փառատօնն այս տարի կանցկացւի յուլիսի 7-14-ը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։